ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆՔ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԿԱ»
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆՔ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԿԱ»
Օրեր առաջ` սեպտեմբերի 18-ին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լքեց «Ժառանգությունը»` կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տարբեր մոտեցումներ ունենալու պատճառով: Հենց նույն օրը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ում: Թե արդյո՞ք սպասելի էր այս ամենը «Ժառանգության» համար, «Իրավունքը» փորձեց պարզել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, սակայն վերջինս անպատասխան թողեց լրագրողների հարցերը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ Թեւան Պողոսյանի եւ ընդհանրապես «Ժառանգություն»-ում տիրող իրավիճակին: «Իրավունքը» մի քանի հարցի պատասխան փորձեց ստանալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ:
– (Մի քանի վայրկյան լռում է-խմբ.): Դեռ որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, մինչեւ չհանդիպեմ Թեւան Պողոսյանի հետ:
– Թեւան Պողոսյանը բազմիցս հորդորել է իր դիրքորոշումն ընդունել որպես քաղաքացի ու պատգամավոր Թեւան Պողոսյանի դիրքորոշում: Սա Ձեզ համար բավարար չէ՞:
– Նորից եմ կրկնում, երբ իր հետ հանդիպեմ, զրուցեմ, նոր միայն մեկնաբանություն կտամ:
– Ձեզ համար անսպասելի՞ էր Ռուբեն Հակոբյանի` «Ժառանգությունից» դուրս գալը:
– Կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտարարություն արել է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ:
– Սահմանադրական բարեփոխումների դեմ «Ոչ»-ի ճակատն ինչպես է պատկերացնում իր հետագա քայլերը, միասնական օրակարգ ունի՞ ճակատը:
– Կարծում եմ` միասնական պետք է լինի պայքարը: Ճիշտ է, այս պահին կարծեք երկու թեւ գոյություն ունի` «Ոչ»-ի հետ կապված, որոնց տակտիկաներն են մի քիչ տարբեր, բայց երկուսն էլ խնդիրը իշխանափոխության մեջ են տեսնում: Միասնական պայքարի շնորհիվ կարող ենք հաջողության հասնել, բայց ժողովրդի ակտիվ մասնակցությամբ:
– ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Իրավունքի» հետ զրույցում ասել է, որ «Ոչ»-ի ճակատը ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքական հենք չունի, հետեւաբար հաջողության չի հասնելու:
– Ես ուրախ եմ, որ նրանք իշխանության հետ ունեն հզոր գաղափարական հենք, այդ ուղղությամբ առաջ են շարժվում: Եթե նայենք մեր պատմության վերջին ժամանակահատվածին, գաղափարական որեւէ միասնություն չի եղել, որովհետեւ գաղափարական պայքար էլ չի եղել: Հայաստանում մեկ պայքար կա` կեղծված ընտրություններով իշխանության փոփոխությունը եւ իսկապես ազատ ընտրություն անցկացնելը: Եթե տարրական ճշմարտությունը որեւէ գաղափարախոսություն չի ենթադրում: Միայն քաղաքական մրցակցային պայքարում է հնարավոր ինչ-որ գաղափարներ առաջ տանել: Իշխանության ներսում անգամ չկա գաղափարական միասնություն: Մինչեւ հիմա տեսել ենք կոալիցիաներ, որտեղ տարբեր գաղափարախոսություն ունեցողներ են մասնակցել, այդ թվում` սոցիալիստներ, որոնք շատ մեծ սիրով սեփականության գործընթացին կողմ են քվեարկել:
– Դաշնակների՞ն նկատի ունեք:
– Ընդհանրապես: Կամ տեսե՞լ ենք ազատականների, որոնք մեծ սիրով վերականգնել են ֆեոդալիզմը:
– Ինքնախոստովանանքի նման են հնչում Ձեր խոսքերը: Փաստորեն, ընդունում եք, որ «Ոչ»-ի ճակատը գաղափարական ու քաղաքական հենք չունի:
– Ինքնախոստովանանք չէ, այլ փաստացի իրավիճակ: Ես հանցագործություն չեմ արել, որ ինքնախոստովանական ցուցմունք տամ: Որեւէ տեղ չկա այդ գաղափարական ու քաղաքական հենքը: Միակ նպատակային կետն իշխանությունների փոփոխությունն է, լեգիտիմ իշխանության հաստատումը:
– Տպավորությունն այնպիսին է, որ «Ոչ»-ի անձնական ամբիցիաների վրա է հիմնված:
– Բացարձակ նման բան չկա: Օրինակ` իմ անձնական ամբիցիան ո՞րն է:
– Դուք հավանաբար չունեք, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չեն կարող 2018-ին պայքարել ՀՀ նախագահի աթոռի համար, եթե ժողովուրդն «այո» ասի սահմանադրական բարեփոխումներին:
– Եթե իրենց խնդիրը միայն դա լիներ, մենք ի՞նչ գործ ունեիք «Ոչ»-ի ճակատում: Խնդիրը մեր երկրում ընտրված իշխանություն ունենալն է:
– Խորհրդարանում Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցության ծրագրում 2012-ին` որպես դրույթ, ամրագրված էր անցումը խորհրդարանական համակարգին…
– Լավ է, որ Ալեքսանդր Արզումանյանը հղում է անում «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթղթին, բայց թող հղում անի ամբողջությամբ:
– Ի՞նչ առումով:
– Ինքը գիտի` ինչ առումով:
– Դե դուք հիշեցրեք:
– Ես չեմ հիշեցնի, միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ Ալեքսանդր Արզումանյանն այնքան փորձված քաղաքական գործիչ է, որ կեղծ տրաֆարետային ձեւակերպումը տարբերում է բովանդակային փոփոխությունից:
– Նոր սահմանադրությամբ` ընդդիմությանը տրվում են լայն հնարավորություններ: Օրինակ, ԱԺ փոխնախագահը կարող է լինել ընդդիմադիր:
– Ոչ մի հնարավորություն էլ չեն տալիս: Էդ պաշտոնը կարող են իրենց պահել, պապեպապ փոխանցել, եթե դա այդքան մեծ առավելություն է: Ես` որպես ընդդիմության ներկայացուցիչ, ասում եմ, որ դա թող եւս իրենցը լինի: Եթե այսքանն իրենցն է, թող դա էլ իրենցը լինի: Վերահսկողական լծակներն ու արարողակարգային պաշտոնները պետք է իրարից տարբերել:
– Քանի որ «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթղթի մասին խոսեցիք, ընդունո՞ւմ եք Ձեր գործընկերոջ` Զարուհի Փոստանջյանի այն դիտարկումը, որ Ռուբեն Հակոբյանը դրժել է «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը:
– Ռուբեն Հակոբյանի հետ կապված մեր մամլո խոսնակը հայտարարություն է արել, ես ավելացնելու ոչինչ չունեմ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
