ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ`«ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԻ ՄԱՍԻՆ. «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆՔ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԿԱ»
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ`«ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԻ ՄԱՍԻՆ.
«ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆՔ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԿԱ»
Օրեր առաջ`սեպտեմբերի 18-ին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լքեց «Ժառանգությունը»կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տարբեր մոտեցումներ ունենալու պատճառով: Հենց նույն օրը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ում: Թե արդյոք սպասելի էր այս ամենը «Ժառանգության» համար, «Իրավունքը» փորձեց պարզել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, սակայն վերջինս անպատասխան թողեց լրագրողների հարցերը, քանի որ վաղը երեկոյան տեղի է ունենալու կուսակցության վարչության նիստը, ապա կատակելով ասաց. «Ես Ձեր չարը տանեմ»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ Թեւան Պողոսյանի եւ ընդհանրապես «Ժառանգություն»-ում տիրող իրավիճակին: «Իրավունքը» մի քանի հարցի պատասխան փորձեց ստանալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից:
- Պրն Մարտիրոսյան, օրեր առաջ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար: Ձեզ համար սպասելի էր Թեւան Պողոսյանի Բաղրամյան 26-ում հայտնվելը:
-(Մի քանի վայրկյան լռում է-խմբ.): Դեռ որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ մինչեւ չհանդիպեմ Թեւան Պողոսյանի հետ:
- Թեւան Պողոսյանը բազմիցս հորդորել է իր դիրքորոշումն ընդունել որպես քաղաքացի ու պատգամավոր Թեւան Պողոսյանի դիրքորոշում: ա Ձեզ համար բավարա՞ր չէ:
- Նորից եմ կրկնում, երբ իր հետ հանդիպեմ, զրուցեմ, նոր միայն մեկնաբանություն կտամ:
-Ձեզ համար անսպասելի՞ էր Ռուբեն հակոբյանի «Ժառանգությունից» դուրս գալը:
- Կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտարարություն արել է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ:
- Սահմանադրական բարեփոխումների դեմ «Ոչ»-ի ճակատն ինչպե ս է պատկերացնում իր հետագա քայլերը, միասնական օրակարգ ունի ճակատը:
- Կարծում եմ` միասնական պետք է լինի պայքարը: Ճիշտ է, այս պահին կարծեք երկու թեւ գոյություն ունի «Ոչ»-ի հետ կապված, որոնց տակտիկաներն են մի քիչ տարբեր, բայց երկուսն էլ խնդիրը իշխանափոխության մեջ են տեսնում: Միասնական պայքարի շնորհիվ կարող ենք հաջողության հասնել, բայց ժողովրդի ակտիվ մասնակցությամբ:
- ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Իրավունքի» հետ զրույցում ասել է, որ «Ոչ»-ի ճակատը ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքական հետք, հետեւաբար հաջողության չի հասնելու:
- Ես ուրախ եմ, որ նրանք իշխանության հետ ունեն հզոր գաղափարական հենք, այդ ուղղությամբ առաջ են շարժվում: Եթե նայենք մեր պատմության վերջին ժամանակահատվածին, գաղափարական որեւէ միասնություն չի եղել, որովհետեւ գաղափարական պայքար էլ չի եղել: Հայաստանում մեկ պայքար կա` կեղծված ընտրություններով իշխանության փոփոխությունը եւ իսկապես ազատ ընտրություն անցկացնելը: Եթե տարրական ճշմարտությունը որեւէ գաղափարախոսություն չի ենթադրում: Միայն քաղաքական մրցակցային պայքարում է հնարավոր ինչ-որ գաղափարներ առաջ տանել: Իշխանության ներսում անգամ չկա գաղափարական միասնություն: Մինչեւ հիմա տեսել ենք կոալիցիաներ, որտեղ տարբեր գաղափարախոսություն ունեցողներ են մասնակցել, այդ թվում` սոցիալիստներ, որոնք շատ մեծ սիրով սեփականության գործընթացին կողմ են քվեարկել:
-Դաշնակների՞ն նկատի ունեք:
- Ընդհանրապես:Կամ տեսել ենք ազատականների, որոնք մեծ սիրով վերականգնել են ֆեոդալիզմը:
- Ինքնախոստովանանքի նման են հնչում Ձեր խոսքերը: Փաստորեն, ընդունում եք, որ «Ոչ»-ի ճակատը գաղափարական ու քաղաքական հենք չունի:
- Ինքնախոստովանանք չէ, այլ փաստացի իրավիճակ: Ես հանցագործություն չեմ արել, որ ինքնախոստովանական ցուցմունք տամ: Որեւէ տեղ չկա այդ գաղափարական ու քաղաքական հենքը: Միակ նպատակային կետն իշխանությունների փոփոխությունն է, լեգիտիմ իշխանության հաստատումը:
- Տպավորությունն այնպիսին է, որ «Ոչ»-ի անձնական ամբիցիաների վրա է հիմնված:
- Բացարձակ նման բան չկա: Օրինակ, իմ անձնական ամբիցիան որն է:
- Դուք հավանաբար չունեք, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չեն կարող 2018-ին պայքարել ՀՀ նախագահի աթոռի համար, եթե ժողովուրդն «այո» ասի սահմանադրականա բարեփոխումներին:
- Եթե իրենց խնդիրը միայն դա լիներ, մենք ի՞նչ գործ ունեիք «Ոչ»-ի ճակատում: Խնդիրը մեր երկրում ընտրված իշխանություն ունենալն է:
- Խորհրդարանում Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցության ծրագրում 2012-ին որպես դրույթ ամրագրված էր անցումը խորհրդարանական համակարգի…
-Լավ է, որ Ալեքսանդր Արզումանյանը հղում է անում «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթղթին, բայց թող հղում անի ամբողջությամբ:
-Ի՞նչ առումով:
-Ինքը գիտի` ինչ առումով:
- Դե դուք հիշեցրեք:
- Ես չեմ հիշեցնի, միեւնույն ժամանակ կարծում եմ, որ Ալեքսանդր Արզումանյանն այնքան փորձված քաղաքական գործիչ է, որ կեղծ տրաֆարետային ձեւակերպումը տարբերում է բովանդակային փոփոխությունից:
- Նոր սահմանադրությամբ ընդդիմությանը տրվում են լայն հնարավորություններ: Օրինակ, ԱԺ փոխնախագահը կարող է լինել ընդդիմադիր:
- Ոչ մի հնարավորություն էլ չեն տալիս: Էդ պաշտոնը կարող են իրենց պահել, պապեպապ փոխանցել, եթե դա այդքան մեծ առավելություն է: Ես որպես ընդդիմության ներկայացուցիչ ասում եմ, որ դա թող եւս իրենցը լինի: Եթե այսքանն իրենցն է, թող դա էլ իրենցը լինի: Վերահսկողական լծակներն ու արարողակարգային պաշտոնները պետք է իրարից տարբերել:
- Քանի որ «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթղթի մասին խոսեցիք, ընդունո՞ւմ եք Ձեր գործընկերոջ Զարուհի Փոստանջյանի այն դիտարկումը, որ Ռուբեն Հակոբյանը դրժել է «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը:
- Ռուբեն Հակոբյանի հետ կապված մեր մամլո խոսնակը հայտարարություն է արել, ես ավելացնելու ոչինչ չունեմ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
