Ա. ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է` ՄԱԾՈՒՆԸ ՍՊԻՏԱԿ Է, ՎԵՐԱՆԱՅԵ՞ՆՔ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՄԱԾՈՒՆԻ ՄԱ
Արխիվ 12-16Ա. ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է` ՄԱԾՈՒՆԸ ՍՊԻՏԱԿ Է, ՎԵՐԱՆԱՅԵ՞ՆՔ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՄԱԾՈՒՆԻ ՄԱՍԻՆ»
Նոր Սահմանադրության նախագիծը մեծ աժիոտաժ է առաջացրել կուսակցություններում: Գրեթե իրար հերթ չտապով` խորհրդարանում գոնե մեկ պատգամավոր ունեցող կուսակցությունները հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ եւ ներկայացնում իրենց առաջարկությունները, առարկությունները: Նոր Սահմանադրությանը դեմ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիով` Սերժ Սարգսյանի հետ հանդիպողներն ապագայում ցանկանում են արեւի տակ իրենց տեղն ունենալ:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ նախատեսված է անցում կիսանախագահական համակարգից կառավարման խորհրդարանական համակարգին:
«Իրավունքը» սահմանադրական բարեփոխումների ջատագով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից պարզեց` իրեն չի մտահոգում, որ նոր Սահմանադրության փոփոխությունները վատ են անդրադարձել կուսակցություների վրա. խմորումներ ու փլուզումներ են սկսվել կուսակցություններում: «Դե վատ է անդրադառնում, բայց այս հարցը քննության նման գործընթաց է: Երբ կարեւոր հարցեր են առաջ քաշվում, առաջանում է լուրջ ջրբաժան, թե ով որտեղ է: «Այո»-ի եւ ոչ»-ի դաշտերն այսօր շատ հստակ են: Ինչու չէ, կարող են առաջանալ նաեւ պառակտումներ: Իսկ կուսակցությունների պառակտումներ վերաբերում են գաղափարա-քաղաքական հատույթին»,- ասաց դաշնակցական գործիչը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի կարծիքով, ի վերջո, կուսակցություններում տեղի ունեցող այս խմորումները առաջին հերթին հենց այդ կուսակցությունների խնդիրն են. «Եթե նրանք զարմացել ու շիվարել են, թե ինչպես եղավ, որ իրենց բարձրացրած նպատակներն ընդունվում են, դա արդեն նրանց խնդիրն է: Չեմ կարող նորմալ համարել այն քաղաքական ուժերին, որոնք մի բանին ասում են այո, մտածելով, որ իշխանությունը կասի` ոչ: Հենց իշխանությունն ասում է «այո», իրենք փոխում են իրենց «այո»-ն: Իշխանությունը մի օր կարող է ասել` մածունը սպիտակ է: Մենք պետք է վերանայե՞նք մեր մոտեցումը մածունի մասին, քանի որ իշխանությունն է դա ասում»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
