ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՎՍՏԱՀ ԵՄ` ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆՔ 100% ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ»
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՎՍՏԱՀ ԵՄ` ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆՔ 100% ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ»
ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն օրեր առաջ խորհրդարանում հայտարարեց, որ մեռելածին դրույթները պետք է հանվեն նոր սահմանադրությունից: Խոսքը վերաբերում է այն դրույթին, ըստ որի` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
«Իրավունքը» այս եւ այլ հարցերի առնչությամբ զրուցեց ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հետ:
- Պրն Մարտիրոսյան, Դուք օրեր առաջ ասացիք, որ կողմ եք 100% մեծամասնական ընտրակարգին: Չե ք կարծում, որ եթե Ձեր առաջարկած դրույթն ընդունվի նոր սահմանադրությունում, ապա համատարած կբաժանվեն ընտրակաշառքներ:
- Ոչ: Աշխարհի ամենաժողովրդավարական երկրները` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ունեն 100% մեծամասնական ընտրակարգ: Մեծամասնական ու համամասնական ընտրակարգը կապ չունի, ընտըակաշառք բաժանողը բաժանելու է, չբաժանողը չի բաժանելու: Միայն համամասնական ընտրակարգը թողնելը ընդդիմադիրների պահանջն է եղել տարիներ շարունակ: Իշխանությունն ընդառաջ է գնացել եւ կատարում է ընդդիմադիրների պահանջը, բայց հիմա էլ պահանջողները դեմ են իրենց պահանջին: Սա ուղղակի անհեթեթություն է: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ «Ժառանգության» նախընտրական ծրագրում կար այդ դրույթը, սակայն հիմա հենց ժառանգականները դեմ է խորհրդարանական համակարգի անցմանը: Վստահ եմ` տեսանելի ապագայում անցնելու ենք 100% մեծամասնական ընտրակարգի: Մեծամասնական ընտրակարգը թույլ է տալիս ընտրողին հասկանալ` ում է ընտրում, ումից է պահանջում:
- Իսկ ո ւմ կողմից կդրվի այդ պահանջը, իշխանության, թե՞ ընդդիմության:
- Հանրության ժկողմից կլինի, քանի որ մարդիկ չեն հասկանում` ում են ընտրում համամասնական ընտրակարգի դեպքում:
- Դուք ասացիք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է լինել իշխանություն, իսկ իշխանություն լինելու դեպքում երկարացնել իր իշխանություն լինելը: Այս բնականոն գործընթացին ինչո՞ւ է դեմ ընդդիմությունը:
- Ընդդիմությունը հասկանում է, որ ինքը շանս չունի: Իսկ դա վատ է: Ընդդիմությունը շանս պետք է ունենա, ուժեղ կառուցվածք, ընտրազանգված ու տեսականորեն հնարավորություն ունենա իշխանության գալ:
- Մեռելածին դրույթները նոր Սահմանադրությունից դուրս հանելու մասին խոսեցիք: Մասնավորապես, պատգամավորին չսահմանափակել, որ նա զբաղվի նաեւ բիզնես գործունեությամբ:Մինչդեռ բիզնես ոլորտի հետ կապ ունեցող պատգամավորներից մեկը «Իրավունքի» հետ զրույցում խոստովանեց, որ հնարավոր չէ միաժամանակ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, քանի որ երկուսից մեկը տուժում է:
- Ես ցանկանում եմ, որ մեռելածին դրույթները հանվեն նոր սահմանադրությունից, չընդունենք կեղծավոր կեցվածք: Բոլոր պատգամավորներն այլ գործունեությամբ զբաղվում են` բացառությամբ մեկ-երկու հոգու, օրինակ ինձ:
- Կարծիք կա, որ նոր Սահմանադրությունում այդ հարցը խիստ է դրված:
- Դա անհեթեթ է, լավ չի: Մի բանը, որը երբեք չի լինում, մենք էլ նախօրոք գիտենք, որ չի լինելու, չգրենք դա սահմանադրությունում: Անիմաստ դրույթ է դա, որը ինչ-որ մեկը հեղինակել է ու մենք էլ արտագրած դա պահում ենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
