ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ, ԱԺ-ՈՒՄ ԳՈՌԳՈՌՈՒՄ ԷԻՔ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵԻՔ
Արխիվ 12-16ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ, ԱԺ-ՈՒՄ ԳՈՌԳՈՌՈՒՄ ԷԻՔ, ՈՐ
Ի՞ՆՉ ԱՆԵԻՔ
«Ազատություն կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների համար: Հանդիպումից մեկ օր անց Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում այսօր «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները (Ա.Ավագյան, Հ.Բագրատյան) հրավիրվել էինք քննարկման։ Նախագահ Ս.Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես սկզբունքային- համակարգային (Ազատություն կուսակցությունը, բացմիցս նշել ենք, նախագահական համակարգի կողմնակից է), այնպես էլ կառուցվածքային հարցեր (մարդու իրավունքներ, ընտրական մեխանիզմներ, տնտեսական և ֆինանսական համակարգեր, սոցիալական իրավունքներ)»:
Պատգամավորի այս գրառումը բուռն քննարկվեց նրա ֆեյսբուքյան էջին հետեւողների կողմից: Ինչպես եւ սպասելի էր, ֆեյսբուքյան օգտատերերը հիմնականում քննադատական խոսքեր էին գրում ու իրենց հիասթափությունն արտահայտում: Ավելին` նրանցից մեկն անգամ Տեր-Պետրոսյանի երբեմնի դաշնակցին մարտի մեկը հիշեցրեց: Ի պատասխան այս մեկնաբանություններին, այս պահին Կորեայում գտնվող Բագրատյանը շնորհակալություն է հայտնել եւ տեղեկացրել, որ Հայաստան վերադառնալուն պես մանրամասն տեղեկատվություն կտրամադրի:
Հ.Գ. Որքան էլ զարմանալի է, այդքան էլ զարմանալի չէ պրն Բագրատյանի պահվածքը: Հենց նույն օրը խորհրդարանում գոռգոռում էր, չէր ցանկանում լսել իր հարցի պատասխանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանից, անգամ վիճեց իրեն կարգի հրավիրող ՍԻՄ նախագահ, պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ: Իսկ ժամեր անց սահմանադրությանը ոչ ասող խմբակցության պատգամավորը հայտնվում է նախագահականում: Էստեղ են ասել` գոռգոռում էիք, որ ինչ անեիք, եթե պետք է գնայիք նույն թեմայով հանդիպման նախագահի հետ: Ինչպես կասեր Ձեր գործընկեր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հավանաբար արեւի տակ տեղ ունենալու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
