«ՀԱՅ ՖԵՍՏԸ» ԿՄԵԿՆԱՐԿԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՎ
Արխիվ 12-16«ՀԱՅ ՖԵՍՏԸ» ԿՄԵԿՆԱՐԿԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՎ
«ՀԱՅ ՖԵՍՏ» ամենամյա միջազգային թատերական փառատոնն այս տարի կընթանա հոկտեմբերի 1-8-ը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Զգացողությունների թանգարան» խորագրով 13-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի կհյուրընկալի 26 երկրից ժամանած 250 մասնակիցների եւ հյուրերի: Այդ թվում Հայաստան կժամանեն հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Շվեցարիայից, Կանադայից, Լեհաստանից, Լիբանանից, Իսրայելից, Լիտվայից, Հունգարիայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Էստոնիայից, Սերբիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից:
Փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ: Իսկ թատերասեր հասարակությունը հնարավորություն կունենա երեւանյան 12 բեմահարթակներում դիտելու ավելի քան 70 ներկայացում` դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում» (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ» (ԱՄՆ) ներկայացումները:
Երեւանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» եւ «Միհր» թատրոնները եւ այլք:
Ինչպես տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչները, այս տարի եւս «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հնարավորություն չընձեռի ուսանողներին` «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական ծրագրում ներկայացնելու իրենց աշխատանքները:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի փաստը եւս չի անտեսվել «ՀԱՅ ՖԵՍՏ»-ում: 100-րդ տարելիցին նվիրված ներկայացումների շրջանակում ոչ միայն կցուցադրվեն մի շարք միջազգային ներկայացումներ, այլեւ փառատոնը կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ներկայացումով:
Ի դեպ, հիմնական ներկայացումների մուտքն անվճար է, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի նմուշներին:
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Արթուր Ղուկասյանի հետ հարցազրույցը կարդացե՛ք տպագիր «իրավունքի» առաջիկա համարում
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
