ՄՈՍԿՎԱՅԻ Ս. ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՄՈՍԿՎԱՅԻ Ս. ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 22-ին եւ 23-ին Երեւանում հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայի Ս. Փարաջնովի անվան գեղարվեստական թատրոնը: Թատրոնի ստեղծագործական անձնակազմը կներկայացնի «Արմենիադա» եւ «Կյաքը չես խաղա կրկին» ներկայացումները`նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երկու ներկայացումներն էլ տեղի կունենան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
«Արմենիադան» բեմական լուծումներով, կինո-թատերական տարածության համադրությամբ ներկայացում է, որը ժամանակակից հանդիսատեսին հնարավորություն կտա կատարել երեւակայական ճանապարհորդություն դեպի իր նախնիների հայրենիք: Փարաջնովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲԲԵԻ խոսքով` ներկայացման մեջ ստեղծագործական մեկ հարկի տակ հավաքել են հայ հանճարներին` Պ. Սեւակին, Ս. Փարաջանովին, անկրնելի Կոմիտասին եւ Նարեկացուն. «Բեմադրության հիմքում ընկած է ժամանակի եւ հայի ոգու հանդիպումը: Կախարդկան լեզվով մենք ցանկանում ենք կատարել ստեղծագործական ճանապարհորդություն դեպի այնտեղ, որտեղից երբեք չեն վերադառնա անմեղորեն սպանված զոհերի հոգիները: Փարաջանովի անվան թատրոնի հայ եւ ռուս դերասանները պոեզիայի եւ կենդանի երաժշտության համադրությամբ կներկայացնեն Հայաստան աշխարհը եւ հայոց եղերական պատմությունը»,-նշեց Վ. Գաբբեն:
Ըստ Վլադիմիր Գաբբեի «Կյաքը չես խաղա կրկին» գեղարվեստական ստեղծագործության բեմադրության առանցքային հեմքում Վ. Վիսոցկու, Մ. Ցվետաեւայի, Բ. Օկուջավայի եւ այլ ռուս դասական հեղինակների հոգեհարազատ եւ ժամանակի մեջ հավերժ պոեզիայի մատուցումն է. «Ոչ ոք չի կարող գուշակել, թե վաղն ինչ է մեզ սպասվելու: Սակայն կա պարզ մի ճշմարտություն`այն ազգը, որը ցանկանում է ապրել ու հարատեւել, պետք է պայքարի եւ դասեր քաղի անցյալից: Ապրի արժանավայել եւ հայ ազգի հերոսների օրինակով աշխարհին ապացուցի, որ պայքարն է հաղթանակի գրավականը», -ընդգծեց Վ. Գաբբեն եւ ավելացրեց, որ այդ ամենի վառ օրինակը «Արմենիադա» ներկայացումն է, որը կշրջի ամբողջ աշխարհում եւ հայ ժողովրդի ձայնը հասանելի կդարձնի հազարավոր մարդկանց:
Իսկ թատրոնի առաջատար դերասանուհի ԼՈՒԻԶԱ ԳԱԲԲԵՆ խոստացավ հայ հանդիսատեսին փոխանցել ջերմություն եւ ամենակարեւրը սեր. «Սա իմ երկրորդ հյուրախաղերն են Հայաստանում, ինչը համար ուրախ եմ: Մենք բոլորիդ սպասում ենք սեպտեմբերի 22-ին եւ 23-ին, որպեսզի նվիրենք մի փոքր ջերմություն»:
Նշենք, որ «Արմենիադա» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2015 թ.-ի ապրիլի 13-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան մեծ դահլիճում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk