ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐԸ ԳԱՌՆԻՈՒՄ. ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ (Ֆոտոշարք)
Արխիվ 12-16ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐԸ ԳԱՌՆԻՈՒՄ. ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ (Ֆոտոշարք)
Գառնիի հեթանոսական տաճարում վերջերս կայացավ լուսանկարիչ ԱՐԵԳ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ գլխավորությամբ նախաձեռնած Friends photography-ի հերթական ֆոտոշարքը: Այն նախ ցնցեց Գառնի այցելած տուրիստներին, ապա կարճ ժամանակամիջոցում լայն արձագանք գտավ համացանցում: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց Ա. Ավետիսյանի հետ.
ՍՈՒՊԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԳԱՌՆԻՈՒՄ
- Օրերից մի օր փողոցում հանդիպեցի իմ լավ ընկերոջը` լողափային բոդիբիլդինգով զբաղվող Հովհաննես Ավագյանին` իր եղբոր` Վլադ Խառատյանի հետ: Խոսեցինք ֆոտոշարք անելու մասին եւ սկսեցինք մտածել, թե ինչ ոճի մեջ անենք այն: Հաշվի առնելով նրանց մասնագիտությունը` առավել հարմար գտանք ֆոտոշարքն իրականացնել 300 սպարտացիների կերպարով:
- Հե՞շտ էր տղաներին համոզել, որ այդ կերպարով հայտնվեն տեսախցիկի առաջ:
- Ֆոտոշարքի իրականացման վրա աշխատել ենք հենց երեքով ու ամեն ինչ միասին ենք որոշել, հետեւաբար համոզելու կարիք չկար:
- Հետաքրքիր է` ինչպիսի՞ն էր Գառնիում հանդիպած մարդկանց արձագանքը:
- Գառնիում բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեցինք…Մի երեխա էլ հենց տեսավ, վազելով գնաց ու ուրախացած գոռում էր` մամ, նայի սուպեր հերոսներ են:
«ՇՈՒՏՈՎ ԿՏԵՍՆԵՔ ՆԱԵՎ ԱՅԼ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ»

- Իսկ ինչպե՞ս հաջողվեց ֆոտոշարքի համար ձեռք բերել իսկական սպարտացիների հագուստներ:
- Հագուստների հարցն ամենաբարդն էր, երկար ժամանակ փնտրտուքների մեջ էինք, շատ տեղեր դիմեցինք, բայց չկարողացանք ձեռք բերել: Եվ, ի վերջո, հագուստները հենց ինքներս ստացանք. կտորի խանութից գնեցինք մի քանի բան եւ վերջին կես ժամում ինքներս մի կերպ ստացանք այն, ինչ ստացանք:
- Արեգ, արդյո՞ք այս նախաձեռնությունը կլինի շարունակական եւ այլ պատմական կերպարներ եւս կհայտնվեն Ձեր նոր ֆոտոշարքերում:
- Մեծ ծրագրեր ունեմ նման ֆոտոշարքեր անելու եւ շուտով կտեսնեք նաեւ այլ կերպարների` թե՛ պատմական, թե՛ ոչ պատմական:
- Սա Ձեր առաջի՞ն աշխատանքն է, թե՞ հերթական:
- Որպես սցենարային աշխատանք` առաջինն էր:
«ԱՅՆՔԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՐ, ՈՐ ՉԷԻՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ»

Ի դեպ, ֆոտոշարքի մասին «Իրավունքը» հետարքրվեց նաեւ սպարտացիների կերպարը կերտած հերոսներից մեկից` լողափային բոդիբիլդինգի Հայաստանի բացարձակ հաղթող ՎԼԱԴ ԽԱՌԱՏՅԱՆԻՑ, ով նույնպես նշեց, որ այն իրականացնելու, թերեւս ամենաբարդը հագուստների խնդիրն էր. «Գառնիում կայացած ֆոտոշարքը վաղուց էինք պլանավորել: Որոշված էր այնպիսի կերպար ընտրել, որ պատմական լիներ եւ մենք
ինքներս էլ բավականություն ստանայինք այդ կերպարից: Շատ հետաքրքիր ու անսովոր սկսվեց այն, որովհետեւ հագուստների մի մասը չկարողացանք ձեռք բերել, սակայն որոշել էինք ավարտին հասցնել այդ հետաքրքիր միտքը եւ ինքներս պատրաստեցինք հագուստների մի մասը: Ֆոտոշարքը տեւեց մինչեւ ուշ գիշեր, այնքան հետաքրքիր էր, որ չէինք ուզում Երեւան վերադառնալ»: Անդրադառնալով Գառնիում պատմական կերպարներին հանդիպած տուրիստներին` Վ, Խառատյանը հավելեց. «Մարդիկ շատ ուրախ էին եւ զարմացած, նույնիսկ զբոսաշրջիկները փորձում էին ծանոթանալ եւ շփվել մեզ հետ: Այդ օրը մնաց իմ հիշարժան օրերի շարքում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
