«ԵԹԵ ԱՐՄԱՏՆԵՐԴ ՉՀԻՇԵՍ, ՎԱՂԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԿՄԱՏՆՎԵՍ ԻՆՔԴ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ԱՐՄԱՏՆԵՐԴ ՉՀԻՇԵՍ,
ՎԱՂԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԿՄԱՏՆՎԵՍ ԻՆՔԴ»
Սեպտեմբերի 28-ին Կասկադի Գաֆեսճյան քանդակների պարտեզի տարածքում կմեկնարկի «Գութան-2015» Հայաստանի ազգագրական երգի-պարի փառատոնը: Այդ առթիվ երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալված մի քանի ազգագրական համույթների ղեկավարները խոսելով 2-ամյա փառատոնի կարեւորության մասին` շեշտեցին, որ այն կնպաստի մոռացված ազգային ստեղծագործությունները վեր հանել:
«ԳՈՒԹԱՆԸ» ԿՎԵՐԱՊՐԵՑՆԻ ԲՈԼՈՐ ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐԳԵՐՆ ՈՒ ՊԱՐԵՐԸ
Փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Մրո) նշեց, որ նպատակ ունեն հայ ժողովրդի համար փառատոնը դարձնել ազգագրական երգի-պարի տոն. «Նպատակ ունենք վերապրեցնել բոլոր մոռացված երգերն ու պարերը, հատկապես այն տարածել մատաղ սերնդի մեջ` հավաքական ուժերով: Մեր փառատոնում ամեն խումբ իր դերն ու նշանակությունն ունի: Ժամանակի ընթացքում շատ ստեղծագործություններ մոռացության են մատնվել, իսկ բոլոր խմբերը փորձում են այդ գործերը նորից վեր հանելով` մատուցել մեր ժողովրդին»,- շեշտեց փառատոնի հիմնադիրն ու տեղեկացրեց, որ ինչպես մյուս, այնպես էլ այս տարի եւ ընդհանրապես, փառատոնի շրջանակներում չի հնչի ոչ մի ֆոնոգրամա` ոչ միայն երգի, այլ նաեւ նվագակցության ժամանակ: Այդուհանդերձ, ըստ բանախոսի, չեն մոռանում գնահատել մեր երախտավորներին` տեսանյութերի տեսքով, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ազգագրության բնագավառում. երգիչներ, բանահավաքներ...
Լրագրողների այն հարցին, թե ժամանակակից երիտասարդությունը շատ անգամ չի էլ ճանաչում, ասենք, Հայրիկ Մուրադյանին, Ա. Գրիգորյանը այսպես պատասխանեց. «Եթե երիտասարդները չեն ճանաչում Հայրիկ Մուրադյանին եւ ոչ միայն, ապա այդտեղ յուրաքանչյուրս իր մեղքի բաժինն ունի»:
ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԵՐՈՎ
Ա. Գրիգորյանի հավաստմամբ` «Գութան» փառատոնն ամեն տարի կընթանա բացօթյա. «Մեծ բեմ, բարձրակարգ ձայնային եւ լուսային սաքավորումներ, ամեն ինչ փորձում ենք անել բարձրակարգ, որպեսզի բոլորին հնարավորություն տանք մասնակիցը դառնալու ոչ միայն Երեւանում: Հասնելու ենք դրան, որ Հայաստանի, երեւի մի օր էլ ամբողջական Հայաստանի տարբեր շրջաններում կիրականացնենք «Գութան» փառատոնը: Իսկ մինչ այդ, մասնակից բոլոր խմբերը միասին կներկայացնեն ամբողջական Հայաստանը: Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի ամբողջական Հայաստանի մի տարածաշրջանի մշակույթը: Դրանով մենք ոչ միայն գեղարվեստական, այլեւ ճանաչողական ու դաստիարակչական մոտեցում ենք ցույց տալիս»:
Բանախոսը ներկայացնելով փառատոնի մասնակից ազգագրական խմբերին` շեշտեց, որ չեն սահմամափակվել միայն երեւանյան խմբերով ու համույթներով. «Արդեն երկու տարի փառատոնին իրենց մասնակցությունն է ունենում Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը: Ունենք տարեցների խումբ, որտեղ խմբի անդամներից ամենափոքրը 70 տարեկան է, նրանք այս տարի եւս մասնակից կլինեն փառատոնին: Տարվա ընթացքում պրպտում ենք ու փորձում շրջաններում գտնել այնպիսի խմբեր, որոնք իսկապես ունեն այդ իրավունքը` ներկայացնելու ազգային մշակույթը: Շատ խմբեր կան, որ կոչվում են ազգագրական, բայց խնդիրներ ունեն, փորձում ենք մեր մասնագիտական հնարավորություններով օգնել, որպեսզի բերենք ճիշտ ճանապարհի վրա, եւ իրենք էլ մասնակցեն «Գութանին»,- պատմեց Ա. Գրիգորյանն ու տեղեկացրեց, որ այս տարի փառատոնին միացել են նաեւ երկու խումբ` «Մասունք» եւ «Գորանի»:
«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀՐԱՎԻՐԵՆՔ ՈՒ ԱՍԵՆՔ` ԴԵ, ԴՈՒՔ ԾԱԽՍՆ ԱՐԵՔ»
«Իրավունքի» այն հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Սփյուքից եւս մասնակիցներ գան Հայաստան` փառատոնի շրջանակներում, Ա. Գրիգորյանը հաստատելով այն` հավելեց. «Կարծում եմ` կհասնենք դրան: Երբ փառատոնը մի քիչ ֆինանսապես հզորանա, կհրավիրենք համշենահայերի խմբին` հենց Արեւմտյան Հայաստանից, ինչպես նաեւ տարբեր երկրներում ունենք խմբեր, որոնց չեմ ուզում հրավիրենք ու ասենք` դե, դուք ծախսն արեք»:
Բանախոսը նաեւ հավելեց, որ փառատոնը անվանել են «Գութան», որովհետեւ գութանն անմիջապես կապված է մեր տեսակի հետ. «Դա հայի տեսակն է, հայը արարող է, իսկ գութանը մեր արարման կարեւորագույն գործիքն: Կարծում եմ` ճիշտ ընտրություն ենք արել, ուզում ենք, որ մեր «Գութանը» միշտ մշակութային ակոսներ բացի»:
ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՀՆՉԵՑՆԵԼ ՉՀՆՉԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԵՐԸ
«Ակունք» համույթի խնդիրը, ոչ թե նյութերը կատարելագործված ցույց տալն է, այլ` հնարավորինս պրոֆեսիոնալ: Սակայն մեր հիմնական խնդիրը ազգային հիմքին, արմատներին, բնօրինակին, էթնիկ երաժշտությանը հավատարիմ մնալն է եւ այն ժողովրդին փոխանցելը: Այս փառատոնին կփորձենք ներկայանալ մի տարածաշրջանի, ենթադրում եմ` կլինի Շատախ կամ Շիրակի դաշտավայրի երգով»,- ասուլիսի ընթացքում ասաց «Ակունք» ազգագրական համույթի ղեկավար ՍԱՐԳԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ եւ կարեւորելով փառատոնը` շեշտեց, որ ուժերի հնարավորին չափով փորձելու են ներկայացնել ազգային ոգին ու հնչեցնել ազգային չհնչած երգերը: Ըստ նրա` «Գութան» փառատոնը բացի երգ ու պարից, յուրովի հարգանքի տուրք է մատուցում բոլոր այն երախտավորներին, ովքեր ժամանակի ընթացքում կամ մոռացության ենք մատնել, կամ էլ` այսօր տարերային նյութերով աղճատված եթերները չեն հեռարձակում նրանց. «Բայց բոլորիս աշխատանքի մեխը ոչ միայն երգը հնչեցնելն է, այլեւ` հարգանքի տուրքը, եթե արմատներդ չհիշես, վաղը մոռացության կմատնվես ինքդ»,- եզրափակեց բանախոսը:
«ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳԵՐԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ»
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ խոսքով. «Մեր ոլորտի մարդիկ ի սկզբանե համագործակցաբար միշտ մասնակցել են մատաղ սերնդին մեր մշակույթը, մեր տեսակը վերադարձնելուն, ինչը շատ դեպքերում կարող ենք հստակ ասել, որ խաթարված է: Բայց «Գութան» փառատոնը կարեւորագույն մի գերխնդիր է լուծում` այս օտարամոլ հեղեղի, հատկապես ԶԼՄ-ներից մեզ վրա հեղվող, ուղղակի մեր տեսակը պահպանելու, մատաղ սերնդին ճիշտ, հայեցի դաստիարակելու, ազգային ինքնագիտակցության բերելու կարեւոր խթաններից մեկն է: Ուստի, պետք է ողջունել եւ ամեն կերպ աջակցել նման փառատոներին: Դրա համար բոլորս համախմբված ենք նույն գաղափարի շուրջ: Կարծում եմ` յուրաքանչյուր խումբ ասելիք ունի հայ հանդիսատեսին»,- շեշտեց Գ. Գինոսյանն ու տեղեկացրեց. «Քանի որ իմ ղեկավարած խումբը կոչվում է «Կարին», ապա փառատոնին կներկայանանք Կարնո մշակույթով` այն պատառիկներով, որոնք փրկվել են մեր բանահավաքների շնորհիվ»:
«ԳԱՂՏՆԻՔ ՉԷ` ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ՄԵԶ ՀԱՅ ՊԱՀԵԼ»
«Նուբար» ազգագրական խմբի ղեկավար ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆԸ լրացնելով ավագ գործընկերներին` ասաց. «Բոլորիս շահը մեկն է` ազգային մշակույթը եւս մեկ անգամ լայն հրապարակ հանել, հասանելի դարձնել նաեւ մեզ, որի կարիքը մենք ավելի շատ ունենք, քան օտարները: Այս գործընթացում պետք է ներգրավենք հատկապես երիտասարդ սերնդին, որը կօգնի մեզ ավելի հայ մնալ ու ճիշտ դաստիարակել: Գաղտնիք չէ` մեր մշակույթն է մեզ հայ պահել, ուստի որպես խմբի ղեկավար, քաղաքացի ու հայ մարդ` որքան ուժերս ներեն, պետք է շարունակեմ լինել «Գութանի» կողքին` իմ ընկերների կողքին, ովքեր անձնվիրաբար անում են այս նվիրական աշխատանքը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
