ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՄԵՆԱՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆ Է»
Արխիվ 12-16ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՄԵՆԱՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆ Է»
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարանի հարցազրույցը շարունակվում է քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: «Իրավունքն» այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
– Նորմալ եմ ընդունում այդ հայտարարությունը, քանի որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, եթե հակառակը պնդի, ես նրա հետ չեմ համաձայնի: Բնական եմ համարում, որ նման քաղաքական փորձառու գործիչը նման պատասխան է տվել: Այլ բան ես չէի էլ սպասում:
– Ձեր կարծիքով` Քոչարյանի վերադարձն ի՞նչ ձեւաչափով է, եւ ո՞ւմ միջոցով կվերադառնա:
– Ինձ էլ է շատ հետաքրքիր: Այդ հարցի պատասխանը կտա ինքը: Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հեռացել քաղաքականությունից: Կարծում եմ` վերադարձի ամենաճիշտ ճանապարհը կուսակցականն է, հատկապես սահմանադրական բարեփոխումների պայմաններում` 2017-ի ընտրություններին մասնակցելով:
– Ասացիք, որ ճիշտը կուսակցության միջոցով վերադառնալն է: Քոչարյանի վերադարձը կլինի Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությո՞ւնը:
– Ես չեմ կարող նման ենթադրություն անել, քանի որ հարցը վերաբերում է հանրապետության երբեմնի նախագահին: Մենք կսպասենք իրենց գործողություններին:
– Շրջանառվող շշուկների համաձայն` ՀՀԿ-ն իբր խուճապի մեջ է Քոչարյանի վերադարձի պատճառով:
– Ժպիտով եմ վերաբերվում նման լուրերին, քանի որ ՀՀԿ-ն որեւէ մեկի մուտքով կամ ակտիվությամբ խուճապի չի մատնվել: Կա հանգստություն: Մենք ընդհակառակը` ողջունում ենք, որ լինեն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կլինեն կառուցողական, ունենան գաղափարական հենքեր: Լինեն դրանք ընդդիմություն, թե ոչ ընդդիմություն:
– Փաստորեն, ՀՀԿ-ն յուրայինի ու հարազատի նմա՞ն կընդունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:
– Ես խնդրում եմ մեկնաբանություններից զերծ մնաք, որովհետեւ ՀՀԿ-ն որեւէ մեկին թշնամաբար եւ սվիններով չի ընդունվել: Բոլորի հետ պատրաստ է համագործակցության: Եթե լինում է առողջ ընդդիմություն, դա օգտակար է տվյալ իշխանության, իշխող կուսակցության համար, քանի որ ավելի զգոն է պահում իշխանությանը` լուրջ ու կառուցողական առաջարկներ անելու դեպքում: Իսկ ընդհանրապես ՀՀԿ-ի գործը հեշտանում է, անելիք չի ունենում, եթե հայհոյելով ման են գալիս փողոցներում, որեւէ սկզբունքային առաջարկ չեն անում: Այդ դեպքում իշխող կուսակցության համար շատ հեշտ է ցանկացած օրենք անցկացնել: Մենք որդեգրել ենք այն մոտեցումը, որ կան հայհոյողներ, որոնց մենք համարժեք պատասխաններ չենք տալիս:
– Հայհոյանքների ու կառուցողական համագործակցության մասին: ԱԺ-ում այս օրերին քննարկվում է նոր Սահմանադրության տեքստը: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության պահվածքը խորհրդարանում:
– Ընդդիմության պահվածքը բավական գնահատելի է քննարկումների ժամանակ: Բացառությամբ մեկ-երկու նեգատիվ դեպքերի, երբ հայտարարում են, որ իրենք չեն մասնակցելու այս քննարկումներին: Մեկ էլ էկրան տեսնելով` սկսում են շոուներ անել, նկարահանվել, սկզբունքային հարցադրումներ չեն անում, լուտանքներ են թափում` մնացածներից ինչ-որ չափով տարբերվելու համար: Իսկ ընդհանուր առմամբ` արդյունավետ քննարկումներ են ընթանում խորհրդարանում, որն էլ ցույց է տալիս` սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են Հայաստանի համար:
– Պրն Բաղդասարյան, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համարո՞ւմ եք զգացմունքային որոշում: Արդյո՞ք Հայաստանը կարող էր կանխատեսել ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները եւ ռուբլու արժեզրկումը, ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
– Դա զգացմունքային որոշում չէր, այլ` նպատակային: Ո՞վ է ասել, որ ցանկացած ընտրություն անելիս պետք է հայտնվել արտոնյալ պայմաններում: Եթե երկիրը կամ քաղաքական ուժը որեւէ ընտրություն է կատարում, պետք է պատրաստ լինի դժվարությունների: Չեմ ընդունում իմ այն գործընկերներին, որոնք միայն լայն օրերի համար են ընկեր, իսկ նեղ օրերին հեռանում են եւ սպասում` երբ պետք է հեռանան նեղ օրերը, որից հետո հետ վերադառնան: Կան ուժեր, որոնց ձեռք չի տալիս այս միությունը, եւ պետք է անեին ամեն ինչ` խոչընդոտներ ստեղծելու: Մենք չենք հրաժարվել այդ խոչընոտները հաղթահարելուց: Հուսով եմ` մեր ռազմավարական գործընկերների հետ կկարողանանք հաղթահարել դրանք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
