«ԳՈՒԹԱՆԸ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԿՈՍՆԵՐ ԿԲԱՑԻ
Արխիվ 12-16«ԳՈՒԹԱՆԸ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԿՈՍՆԵՐ ԿԲԱՑԻ
Սեպտեմբերի 28-ին Կասկադի Գաֆեսճյան քանդակների պարտեզի տարածքում կմեկնարկի «Գութան-2015» Հայաստանի ազգագրական երգի-պարի փառատոնը: Այդ առթիվ այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալված մի քանի ազգագրական համույթների ղեկավարները խոսելով 2-ամյա փառատոնի կարեւորության մասին` շեշտեցին, որ այն կնպաստի մոռացված ազգային ստեղծագործությունները վեր հանել: Փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Մրո) նշեց, որ նպատակ ունեն հայ ժողովրդի համար փառատոնը դարձնել ազգագրական երգի-պարի տոն. «Նպատակ ունենք վերապրեցնել բոլոր մոռացված երգերն ու պարերը, հատկապես այն տարածել մատաղ սերնդի մեջ` հավաքական ուժերով: Մեր փառատոնում ամեն խումբ իր դերն ու նշանակությունն ունի: Ժամանակի ընթացքում շատ ստեղծագործություններ մոռացության են մատնվել, իսկ բոլոր խմբերը փորձում են այդ գործերը նորից վեր հանելով` մատուցել մեր ժողովրդին»:
Բանախոսը ներկայացնելով փառատոնի մասնակից ազգագրական խմբերին` շեշտեց, որ
չեն սահմամափակվել միայն երեւանյան խմբերով ու համույթներով. Այս տարի փառատոնին միացել են նաեւ երկու խումբ` «Մասունք» եւ «Գորանի»:
«Իրավունքի» այն հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Սփյուքից եւս մասնակիցներ գան Հայաստան` փառատոնի շրջանակներում, Ա. Գրիգորյանը հաստատելով այն` հավելեց. «Կարծում եմ` կհասնենք դրան: Երբ փառատոնը մի քիչ ֆինանսապես հզորանա, կհրավիրենք համշենահայերի խմբին` հենց Արեւմտյան Հայաստանից, ինչպես նաեւ տարբեր երկրներում ունենք խմբեր, որոնց չեմ ուզում հրավիրենք ու ասենք` դե, դուք ծախսն արեք»:
Բանախոսը նաեւ հավելեց, որ փառատոնը անվանել են «Գութան», որովհետեւ գութանն անմիջապես կապված է մեր տեսակի հետ. «Դա հայի տեսակն է, հայը արարող է, իսկ գութանը մեր արարման կարեւորագույն գործիքն: Կարծում եմ` ճիշտ ընտրություն ենք արել, ուզում ենք, որ մեր «Գութանը» միշտ մշակութային ակոսներ բացի»:
««Ակունք» համույթի խնդիրը, ոչ թե նյութերը կատարելագործված ցույց տալն է, այլ` հնարավորինս պրոֆեսիոնալ: Սակայն մեր հիմնական խնդիրը ազգային հիմքին, արմատներին, բնօրինակին, էթնիկ երաժշտությանը հավատարիմ մնալն է եւ այն ժողովրդին փոխանցելը: Այս փառատոնին կփորձենք ներկայանալ մի տարածաշրջանի, ենթադրում եմ` կլինի Շատախ կամ Շիրակի դաշտավայրի երգով»,- ասուլիսի ընթացքում ասաց «Ակունք» ազգագրական համույթի ղեկավար ՍԱՐԳԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ եւ կարեւորելով փառատոնը` շեշտեց, որ ուժերի հնարավորին չափով փորձելու են ներկայացնել ազգային ոգին ու հնչեցնել ազգային չհնչած երգերը: Ըստ նրա` «Գութան» փառատոնը բացի երգ ու պարից, յուրովի հարգանքի տուրք է մատուցում բոլոր այն երախտավորներին, ովքեր ժամանակի ընթացքում կամ մոռացության ենք մատնել, կամ էլ` այսօր տարերային նյութերով աղճատված եթերները չեն հեռարձակում նրանց. «Բայց բոլորիս աշխատանքի մեխը ոչ միայն երգը հնչեցնելն է, այլեւ` հարգանքի տուրքը, եթե արմատներդ չհիշես, վաղը մոռացության կմատնվես ինքդ»,- եզրափակեց բանախոսը:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ խոսքով.
«Մեր ոլորտի մարդիկ ի սկզբանե համագործակցաբար միշտ մասնակցել են մատաղ սերնդին մեր մշակույթը, մեր տեսակը վերադարձնելուն, ինչը շատ դեպքերում կարող ենք հստակ ասել, որ խաթարված է: Բայց «Գութան» փառատոնը կարեւորագույն մի գերխնդիր է լուծում` այս օտարամոլ հեղեղի, հատկապես ԶԼՄ-ներից մեզ վրա հեղվող, ուղղակի մեր տեսակը պահպանելու, մատաղ սերնդին ճիշտ, հայեցի դաստիարակելու, ազգային ինքնագիտակցության բերելու կարեւոր խթաններից մեկն է: Ուստի, պետք է ողջունել եւ ամեն կերպ աջակցել նման փառատոներին: Դրա համար բոլորս համախմբված ենք նույն գաղափարի շուրջ: Կարծում եմ` յուրաքանչյուր խումբ ասելիք ունի հայ հանդիսատեսին»,- շեշտեց Գ. Գինոսյանն ու տեղեկացրեց. «Քանի որ իմ ղեկավարած խումբը կոչվում է «Կարին», ապա փառատոնին կներկայանանք Կարնո մշակույթով` այն պատառիկներով, որոնք փրկվել են մեր բանահավաքների շնորհիվ»:
«Նուբար» ազգագրական խմբի ղեկավար ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆԸ լրացնելով ավագ գործընկերներին` ասաց. «Բոլորիս շահը մեկն է` ազգային մշակույթը եւս մեկ անգամ լայն հրապարակ հանել, հասանելի դարձնել նաեւ մեզ, որի կարիքը մենք ավելի շատ ունենք, քան օտարները: Այս գործընթացում պետք է ներգրավենք հատկապես երիտասարդ սերնդին, որը կօգնի մեզ ավելի հայ մնալ ու ճիշտ դաստիարակել: Գաղտնիք չէ` մեր մշակույթն է մեզ հայ պահել, ուստի որպես խմբի ղեկավար, քաղաքացի ու հայ մարդ` որքան ուժերս ներեն, պետք է շարունակեմ լինել «Գութանի» կողքին` իմ ընկերների կողքին, ովքեր անձնվիրաբար անում են այս նվիրական աշխատանքը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Առավել մանրամասն կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
