ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԳՈՎԵՐԳՈՂՆԵՐԸ ՉԵ՞Ն ՏԵՍՆՈՒՄ ՆՐԱ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՎԻՃԱԿԸ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԳՈՎԵՐԳՈՂՆԵՐԸ ՉԵ՞Ն ՏԵՍՆՈՒՄ ՆՐԱ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՎԻՃԱԿԸ
Լաս Վեգասում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դեռ մի քանի օր կհանգստանա, որպեսզի վերականգնվի առաջնությունից հետո: Ապա՝ դարձյալ անցնի մարզումներին: Այս մասին «Իրավունքին» ասաց աշխարհի կրկնակի չեմպիոնի հայր եւ անհատական մարզիչ ԳԵՎՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:
-Մեկ տարվա քրտնաջան աշխատանք, եւ Արթուր Ալեքսանյանը պաշտպանեց չեմպիոնի կոչումը: Մի փոքր ներկայացրեք այդ մեկ տարվա աշխատանքը, որը փայլուն արդյունք տվեց:
- Տարվա ընթացքում Արթուրը 6-7 հավաքի մասնակցեց, մարզումների ընթացքն ու ծանրաբեռնվածությունը նախորդ տարիների նման էր: Հավաքներ եղան Երեւանում, Ծաղկաձորում, ինչպես նաեւ Մինսկում` «Սպարտակ» մարզաբազայում: Իսկ եթե Արթուրը հավաքի չէ, ուրեմն մարզվում է Գյումրու մարզադպրոցում: Հավաքների ընթացքում փորձել ենք ուղղել իր սխալները, հասցնել նրան լավագույն մարզավիճակի: Եվ կարելի է ասել` ամեն բան ստացվեց. իր առջեւ դրված բոլոր խնդիրներն Արթուրը կարողացավ լուծել պատվով: Թե՛ հավաքականի գլխավոր մարզչի եւ թե՛ իմ բոլոր հանձնարարականները պատշաճ կատարեց, եւ արդյունքն էլ եղավ հենց Աշխարհի առաջնությունը, որտեղ կարողացավ բարձր որակներ ցուցադրել:
- Նշեցիք, որ անհատական պարապմունքները Արթուրն անցկացնում է Գյումրու ըմբշամարտի մարզադպրոցում, որը, ինչպես գիտենք, խիստ անբարեկարգ վիճակում է, եւ արդեն տեւական ժամանակ է վերանորոգման հարցը չի լուծվում: Ինչ-որ տեղաշարժ կա՞, վերանորոգումն ի վերջո կարվի՞:
- 2008 թվականից այս հարցը բարձրացված է, եւ ամեն տարի լինում են խոստումներ, որ ի վերջո մարզադպրոցի վերանորոգման հարցը կլուծվի: Անցած տարի, երբ Արթուրը չեմպիոն դարձավ, ես մեծ հույս ունեի, որ խնդրին լուծում կտան, քանի որ հարցն ավելի բուռն քննարկվեց, եղան նկարահանումներ, բոլորը տեսան ինչ պայմաններում է մարզվում Արթուրը: Եղան նաեւ մոտավոր հաշվարկման աշխատանքեր, նախագծում, մասնագետներ եկան` դպրոցի սեյսմիկ վիճակը ստուգելու համար, հետո Երեւանից էլ եկան` մեր նախահաշվարկը ստուգելու: Բայց, փաստորեն, ամեն բան մնաց թղթի վրա: Այս պահին ոչ մի աշխատանք չի արվել, եւ ոչ էլ ինչ-որ տեղեկություն կա, թե երբ կարվի:
- Մարզադպրոցը Արթուրի Ալեքսանյանի անունով վերակոչելու հարց բարձրացվեց …
- Այո, Աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ ավագանին հաստատեց այդ որոշումը, քաղաքապետարանն էլ այս առումով իր բոլոր գործառույթները կատարեց, եւ դպրոցն այժմ կոչվում է Արթուրի անունով: Կնիքը, բլանկները ամեն ինչ արդեն նոր է, եւ Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը շարունակում է գործել որպես Գյումրու քաղաքապետարանի մարզադպրոցի իրավահաջորդ:
- Իսկ ինչո՞վ է զբաղվում այս օրերին Արթուր Ալեքսանյանը, եւ ո՞րն է լինելու աշխարհի կրկնակի չեմպիոնի հաջորդ քայլը:
- Այս օրերին Արթուրը հանգստանում է: Դե գիտեք՝ ԱՄՆ-ի հետ ժամային տարբերությունը մեծ է, ռեժիմի փոփոխության խնդիր կար` ե՛ւ մեկնելուց ե՛ւ հիմա: Բարեբախտաբար, դա Արթուրի ելույթների վրա չանդրադարձավ, իսկ այստեղ ժամանակ է պետք վերականգնվելու, եւ մի 2 օրից արդեն Արթուրը քիչ-քիչ կսկսի պարապմունքները: Այս տարվա համար այլեւս մրցաշարեր չունենք. կան ուսումնամարզական հավաքներ եւ ընդհանուր մարզումային պրոցես: Եվ քանի որ առաջնությունը վարկանիշային էր, արդեն տարեվերջին Արթուրը հավաքականի գլխավոր մարզչի հետ հաջորդ տարվա պլան պետք է մշակի եւ սկսի նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

