«ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉՈՒՆԵՆՔ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ, ԵՎ ԴԱ ՆԱԵՎ ՀԱՊԿ-Ի ՇՆՈՐՀԻՎ Է»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉՈՒՆԵՆՔ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ, ԵՎ ԴԱ ՆԱԵՎ ՀԱՊԿ-Ի ՇՆՈՐՀԻՎ Է»
Երեկ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ավարտվեց Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովն ու կազմակերպությունում նախագահությունը փոխանցվեց Հայաստանին: Նշենք, որ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես եւ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցած շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, նախագահների մակարդակով քննարկումներին ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Թե ինչպես է ՀԱՊԿ-ն արձագանքելու այն փաստին, որ Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել ոչ թե Ղարաբաղի հետ շփման գոտում, այլ հենց Հայաստանի պաշտոնական սահմաններին՝ մոտ 20 բնակավայրերի, թերեւս դեռ կմնա ներքին քննարկումների հարթությունում: Իսկ թե գործնականում ինչ ռեակցիա կարող ենք սպասել, «Իրավունքը» պարզեց ոլորտի փորձագետների տեսակետը:
«ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՊԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ»
![]()
Ըստ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի հանդեպ եւ Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ նշված են պայմանագրի մեջ: Եվ այսուհետ, երբ գնահատում ենք իրավիճակը, թե երբ պետք է ՀԱՊԿ-ը միջամտի ռազմական օգնությամբ, ապա պետք է նշենք, որ այն դեպքում, երբ տեղի է ունենում ագրեսիա, եւ պետությունը դիմում է ՀԱՊԿ անդամ պետություններին: Մեր դեպքում ագրեսիա տեղի չի ունենում. տեղի է ունենում Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտում: Եվ մեր ուժերը բավարար են, որպեսզի կանխենք այդ խախտումները: Եվ նույնիսկ ոչ թե մեր բանակի ամբողջ ուժերով, այլ այն ստորաբաժանումներով, որոնք տվյալ պահին համապատասխան հատվածում իրականացնում են մարտական ծառայություն: Դրա համար ռազմական օգնության հարց ՀԱՊԿ-ի առաջ չի դրվում: Բայց մյուս կողմից անհրաժեշտ է, որպեսզի կանխենք լայնածավալ պատերազմի հնարավորությունը, զսպենք Ադրբեջանին, եւ այս հարցում կարեւոր է ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքական արձագանքը: Այդուհանդերձ, մենք պետք է նաեւ գիտակցենք, որ առաջին հերթին ինքներս պետք է մեր անվտանգությունն ապահովենք»:
Իսկ ահա քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ գտնում է, որ պաշտոնական Երեւանը փորձում է ՀԱՊԿ-ն ռազմական դաշինքից ռազմաքաղաքական դաշինքի վերածել. «Այսինքն` անել այնպես, որպեսզի ՀԱՊԿ-ն արձագանքի ոչ միայն հայկական պետության հանդեպ անմիջական մարտական սպառնալիքներին, այլ անգամ քաղաքական սպառնալիքի առկայության պարագայում: Գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում ասվում էր ՀԱՊԿ-ի առաջնահերթությունների մասին, այնտեղ հստակ երեւում է` միջազգային կապերի, քաղաքական կոմպոնենտի ուժեղացում եւ այլն: Կարծում եմ` այս ամենն ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը: Եվ երկրորդ հիմնական խնդիրը, որը փորձում է լուծել հայկական կողմը, ընդհանրապես այդ կառույցն ուժեղացնելն է` որպես ռազմաքաղաքական դաշինք: Մասնավորապես անել այնպես, որպեսզի անհրաժեշտության պարագայում ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը լինի բարձր մակարդակի վրա: Խոսքը թե՛ արագ արձագանքման ուժերի ավելի զարգացման մասին է, թե՛ լոգիստիկ հնարավորությունների` տեխնիկայի տեղափոխում, կապեր, անվտանգություն: Հատկապես պետք է հաշվի առնել, որ Հայաստանը սահմանակից չէ ՀԱՊԿ անդամ ուրիշ պետության»:
Քաղաքագետի կարծիքով` դատելով առկա տեղեկատվությունից` կարելի է ասել, որ Դուշանբեի այցի ընթացքում ՀՀ նախագահը արդյունավետ աշխատանք է տարել ոչ միայն ՀԱՊԿ կառույցի շրջանակներում, այլ նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ իր հանդիպումների ժամանակ. «Փորձել է ստեղծել երկկողմանի հարաբերություններ ե՛ւ կառույցի ներսում, ե՛ւ առանձին-առանձին: Կարծում եմ, որ սա նույնպես կարեւոր հանգամանք է, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները հաճախ օգտագործում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետ իրենց երկկողմանի շահերը` հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: Արդյունքում՝ փաստացի մեր դաշնակիցների ներկայությամբ հայատյաց քարոզչություն են իրականացնում»:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՊԿ-ՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ»
Ի վերջո, հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ անդամ պետությունների թվում Ռուսաստանից բացի նաեւ Բելառուսն է, Ղազախստանը, այսինքն՝ Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրներ, արդյոք կարելի՞ է հուսալ, որ նրանք կգնան Բաքվին սանձելու ուղիով: Ամփոփելով թեման՝ այս հարցով էլ դիմեցինք մեր փորձագետներին:
«Իհարկե, չեմ բացառում, բայց եկեք նայենք, թե Հայաստանը ինչպես է վարվում»,- շեշտեց Վ. Հարությունյանն ու մանրամասնեց. «ՀԱՊԿ երկրներից Տաջիկստանի կամ Ղրղզստանի սահմաններին մշտապես լինում են շատ մեծ քանակի խախտումներ, եւ դրանց նպատակը ոչ միայն, ինչպես Ադրբեջանն է անում՝ վախի մթնոլորտ ձեւավորելն է, այլ այնտեղ գործող խմբավորումները փորձում են անցնել Տաջիկստանի տարածք: Իսկ մենք երբեւէ հայտարարություն արե՞լ ենք այդ մասին. չենք արել, որովհետեւ Տաջիկստանի, Ղրղզստանի զինված ուժերը կարողանում են այն կանխել եւ չեն դիմում ո՛չ Հայաստանին, ո՛չ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններին: Մենք պետք է հստակ պատկերացնենք, թե ինչ ակնկալիք ունենք եւ ինչ պետք է անենք: Դրա համար ես երկու մասի եմ բաժանում ՀԱՊԿ անդամակցությունը. ռազմական օգնություն եւ քաղաքական աջակցություն»:
Եզրափակելով թեման՝ Հ. Մելիք-Շահնազարյանն ասաց. «Հայաստանն այսօր չի դիմում ՀԱՊԿ-ին` իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Նախ՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ի շրջանակներում շարունակում է մնալ անվտանգություն արտահանող կողմ եւ ոչ թե սպառող, եւ նման խնդիր, ըստ էության, մեր առջեւ դրած չի եղել: Որքան տեսանելի է ՀՀ նախագահի հայտարարություններից՝ նա, պարզապես փորձում է ստանալ անվտանգության լրացուցիչ գործոն` հետագայում անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ին դիմելու համար»:
Եվ վերջում, որպես հավելում` գեներալ-լեյտենանտը նաեւ նշեց. «Մենք այսօր չունենք լայնածավալ պատերազմ, եւ դա նաեւ ՀԱՊԿ-ի շնորհիվ է, քանի որ անդամակցում ենք այդ կառույցին: ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները կատարում է, թեպետ մենք կուզենայինք, որ քաղաքական ճնշում լինի Ադրբեջանի վրա, որպեսզի նա հետ կանգնի այդ սադրանքներից: Բայց նորից եմ շեշտում, եթե նույնիսկ ՀԱՊԿ-ն ամեն օր դա անի, Ադրբեջանը հետ չի կանգնի իր քայլերից»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk