«ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԾԻԾԱՂՈՒՄ ԵՆ ԱԼԻԵՎԻ ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»
Արխիվ 12-16«ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԾԻԾԱՂՈՒՄ ԵՆ ԱԼԻԵՎԻ ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»
Մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը: Առաջին նստաշրջանը թեպետ թեժ չէր, բայց նստաշրջանը խոստանում է թեժ լինել` կապված ներքին ու արտաքին մի շարք մարտահրավերների հետ: Այդ ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:
«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄՏՆԻ ՈՒԺԻ ՄԵՋ»
–Պարոն Զաքարյան, ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկեց փոստանջյանական ագրեսիվ պահվածքով` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների, ինչպե՞ս կգնահատեք այն:
– Նստաշրջանի մեկնարկը սկսվեց սահմանադրության նախագծի քննարկմամբ: Իսկ մնացածը` ով ինչ ասաց ընթացքում, ընդամենը ընթացակարգային կամ իրավիճակային հայտարարություններ էին: Իրականում պետք է արձանագրել, որ նստաշրջանը սկսվեց շատ կարեւոր հարցով: Սահմանադրությունը երկրի մայր օրենքն է, որը պետք է համընդհանուր համաձայնության արդյունքում մտնի ուժի մեջ: Սահմանադրական բոլոր դրույթներն ու նորմերը պետք է համաձայնեցված լինեն հասարակության հետ, դրա համար էլ բոլոր սահմանադրությունները հանրաքվեի ճանապարհով են անցնում:
«ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԳՏՆԵԼ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ»
–Անդրադառնանք նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին, մասնավորապես թուրքերի եւ քրդերի միջեւ տեղի ունեցող լայնամասշտաբ բախումներին: Չե՞ք կարծում, որ ժամանակն է մտածել այս իրավիճակից օգուտներ քաղելու մասին:
– Մեր քաղաքականությունը հրապարակային է հայտարարված: Այն շահերի համադրման եւ ոչ թե հակադրման քաղաքականությունն է: Մենք չենք փորձում օգտվել աշխարհում տեղի ունեցող զարգացումներից եւ միշտ գտնում ենք, որ ցանկացած հարցի լուծում հնարավոր է գտնել խաղաղ կարգավորումների մեջ: Ինքներս պատերազմի եւ խաղաղության արանքում պայքարող հասարակություն ենք, եւ մեր պայքարը խաղաղության, մեր իրավունքները լիարժեք իրացնելու պայքարն է: Եվ կարծում եմ` ցանկացած ժողովուրդ իրավունք ունի խաղաղ պայմաններում իր միջազգայնորեն տրված իրավունքներն իրացնել:
– Այնուամենայնիվ, եթե մեր քթի տակ ստեղծվի Քրդստան կոչվող պետություն, արդյոք հնարավո՞ր է, որ նոր հարեւանի հետ հայաստանյան շահերը համադրվեն:
– Եկեք «եթե»-ներով չխոսենք, մեր հարեւանը Թուրքիայի Հանրապետություն է, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ: Այն շարունակում է իր թշնամական, կամ ավելի ճիշտ, ոչ բարեկամական վերաբերմունքը Հայաստանի հետ: Բայց դրանով մեր քաղաքական օրակարգերը չեն փոխվում, եւ մենք էլ ունենք ընդգծված վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ:
– Հաշվի առնելով ստեղծված լարված իրավիճակը Թուրքիայում` ժամանակը չէ՞, որ պաշտոնապես ՀՀ ԱԳՆ-ն հայտարարի Թուրքիա (հատկապես` Անթալիա) մեկնելու վտանգավորության մասին:
– ԱԳՆ-ն շատ տեղին եւ համապատասխան արձագանքներ միշտ ունեցել է, եւ անհրաժեշտության դեպքում, այո, նաեւ մեր քաղաքացիներին համապատասխան զգուշացումներ եւ խորհրդատվություն կներկայացվի:
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԱԼԻԵՎՅԱՆ ԿԼԱՆՆԵՐԻՆ»
–Թյուրքախոս պետությունների ղեկավարների 5-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Զանգեզուրը հին թյուրքական երկրամաս են` իրենց պատմական հողը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ադրբեջանն արդեն իսկ անցել է բանականության բոլոր սահմանները եւ եթե այս ոճով շարունակի, ապա պաշտոնական Բաքվի կողմից հնչող բոլոր հայտարարությունները պետք է վերագրել որպես ուղղակի մարազմի դրսեւորումներ: Սա անլուրջ մոտեցում է լուրջ խնդիրների նկատմամբ: Մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, եւ գնալով ավելի խորանում է այդ համոզմունքը, որ Ադրբեջանում այլեւս ադեկվատ չեն` տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումներին արձագանքելու: Սպառազինությունը եւ կուտակված զենքը Ադրբեջանին բերել է մի մակարդակի, որ այսօր արդեն վերջիններիս գործողությունները փակուղային են: 20 տարի շարունակ պատերազմից խոսելը եւ խաղաղ գործընթացին մասնակցելը բերել է նրան, որ Ադրբեջանի հասարակությունն այլեւս չի վստահում ալիեւյան կլաններին: Այդ անվստահությունը նաեւ տեսանելի է Ադրբեջանի քաղաքացի-պետություն հարաբերություններում: Տիպիկ բռնապետական եւ բռնաճնշումների լավագույն օրինակը այսօրվա աշխարհի համար Ադրբեջանի բանակում տեղի ունեցող զարգացումներն են: Այդ անվստահությունը երեւում է Ադրբեջանի հասարակության էթնիկ կազմում, ինչպես եւ նրանց վերաբերմունքից Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: Կարծում եմ` արդեն Ադրբեջանում էլ են ծիծաղում ալիեւյան հայտարարությունների վրա, որ Երեւանը, Զանգեզուրը եւ այլն, իրենց պատմական հողերն են: Համաշխարհային պատմությունն էլ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի տարածքում բազմաթիվ հայկական հետքեր կան եւ հայկական շատուշատ օջախներ: Ադրբեջան պետությունը 1918 թվականին կազմավորվելուց հետո` բնականաբար, ի զորու չէր ամբողջությամբ ծածկել այդ ամենը: Հետեւաբար, Ալիեւի եւ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները մարազմատիկ հայտարարություններ են եւ հուսահատ փորձեր` սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու կամ խայծ գցելու համար: Իհարկե, վստահ եմ, որ նորմալ, խելոք եւ մտածող մարդիկ Ադրբեջանում, ուղղակի, ծիծաղում են Ալիեւի նման հայտարարության վրա:
– Երեկ կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը` անդամ պետությունների նախագահների մասնակցությամբ: Ի՞նչ ենք մենք այսօր ակնկալում ՀԱՊԿ-ից` որպես մեր անվտանգության երաշխավոր կառույց:
– Ակնկալում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը պարբերաբար, ըստ անհրաժեշտության, արձագանքի Հայաստանի սահմաններում տեղի ունեցող անցանկալի լարվածությանը եւ ուղղակի ակնհայտ հարձակումներին, ռազմական գործողություններին: Բայց, իհարկե, սա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք մտածել մեր անվտանգության մասին: Մենք ենք առաջին հերթին պատասխանատու մեր անվտանգության համար: Իսկ կոլեկտիվ դրսեւորումներում ակնկալել ենք, ակնկալում ենք եւ ապագայում էլ ակնկալելու ենք ՀԱՊԿ-ի համապատասխան արձագանքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
