ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՇՆԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՇՆԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Լեւոն Զուրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի աստեղային ժամն է լինելու: Գալուստ Սահակյանի թեթեւ եւ մեծահոգի ձեռքով ԱԺ սահմանադրական քննարկումները հեռարձակվելու են Հանրային հեռուստատեսությամբ, ինչի վերաբերյալ Հ1-ի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը հայտնել է, որ թիվ 1 հեռուստաալիքը այդ եթերի ծախսերն անելու է սեփական ռեսուրսների հաշվին: Դե ինչ, Լյովիկ Զուրաբյանը կհասցնի հեռուստադիտողի թմբկաթաղանթների վրա կոշտուկ գոյացնել «ռեժիմը խուճապի մեջ է» բանաձեւով, իսկ Փոստանջյանը իր ճղճղան ձայնով շարունակելու է երեկվա թատերական ներկայացումը, որում Սերժ Սարգսյանը հեռակա «ամբաստանյալն» է, Զարուհին` «դատախազը», իսկ ՀՀԿ-ականները` «փաստաբանները»:
ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Բնականաբար, ինչպես ՀՀԿ խմբակցությունը, այնպես էլ այն պատգամավորական ոչիշխանական մեծամասնությունը, ովքեր չեն միացել «Ոչ»-ի ճակատին, ԱԺ լիագումար նիստերին էլ կշարունակեն ներկայացնել կոնկրետ առաջարկությունները Սահմանադրության այս կամ այն հոդվածի վերաբերյալ: Գործընթացը անցել է երկար ճանապարհ` քննարկումներ ՀՀ նախագահի, մասնագիտացված հանձնաժողովի հետ, խորհրդարանական լսումների ընթացքում, եւ նախագծի տեքստի շտկումները պերմանենտ գործընթաց են: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ դրա հիման վրա արձանագրեց լայն կոնսոլիդացիա. «Ուշագրավ է, որ քննարկումներին մասնակցել են ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այլեւ հասարակական լայն շրջանակներ, ինչը բնորոշ է մայր օրենքի քննարկմանը: Բնականաբար, եթե կան կողմնակիցներ, կլինեն նաեւ ընդդիմախոսներ: Այնուհանդերձ, տարակուսելի է, որ ընդդիմախոսների մեծ մասը գրեթե որեւէ բովանդակային հակափաստարկ չի ներկայացնում եւ փաստաթուղթը քննադատելու փոխարեն հանդես է գալիս իշխանափոխության կոչերով: Հարկ է նշել, որ բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանափոխության հասնում են ընտրությունների միջոցով: Մինչդեռ կիրակի մեր երկրի մի շարք համայնքներում կայացած ընտրություններում ընդդիմությունը մրցակցային թեկնածուներ չունենալու պատճառով չմասնակցեց դրանց: Կարծում եմ` այս փաստը պետք է մտահոգի նախ եւ առաջ ընդդիմությանը»:
Սակայն կան նրբերանգներ` շատերը սպասում են հոկտեմբերին: ՕԵԿ-ը հայտարարել է, որ վերջնական դիրքորոշում կհայտնի հոկտեմբերին, ԲՀԿ-ն դեռեւս քննարկումներ պետք է անցկացնի տարածքային կառույցներում եւ հավանաբար դրանք նույնպես կամփոփի հոկտեմբերին, Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին կրկին նախատեսված է հեռարձակել հոկտեմբերին, եւ վերջապես, հոկտեմբերին իր հաջորդ եզրակացությունն է տալու ամենուրեք իր քիթը խոթող Վենետիկյան հանձնաժողովը:
Թե ի՞նչ սպասումներ կան հոկտեմբերից` բնականաբար, հանրային դաշտում մինչ այդ յուրաքանչյուրը սեփական քաղաքական քաշի փորձարկումներ կանի, ինչ-ինչ աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներ կլինեն:
Բայց մի բան հաստատ է` որ հաստատ չի լինի այնպիսի մի իրադարձություն, որը պայմանականորեն հնարավոր լինի կոչել «Հոկտեմբերյան հեղափոխություն»:
Ի դեպ, ԱԺ-ում տեղի ունեցավ հետաքրքիր քվեարկություն` Սահմանադրությունն արագացված կարգով քննարկելու վերաբերյալ: Դեմ էին ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», մեկ էլ ՕԵԿ-ը, որը, հավանաբար, ի տարբերություն «Ոչ»-ի ճակատում գտնվողների, փորձելու է մինչեւ վերջ ձգել իր վերջնական տեսակետ հայտնելը:
Ինչ վերաբերում է բովանդակային ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային քննարկումներին, ապա պայքարը ընթանում է այն հարցի շուրջ, թե ինչքանով վերջնական տարբերակումներ ներկայացված կլինեն չարաբաստիկ «Վենետիկյան» կետերը, որոնք մարտահրավերներ են ստեղծում ինքնիշխանության եւ ազգային ինքնության տեսակետից, քանզի ամբողջովին հիմնված են «Մարդու իրավունքներ» կոչվող նորագույն քվազիկրոնի վրա: Նվազեցման ուղղությամբ աշխատողներ կան ե՛ւ ՀՀԿ խմբակցությունում, ե՛ւ մի շարք հայրենասիրական ՀԿ-ներում, իսկ ավելացման ուղղությամբ ազդակներ են գալիս հայտնի դեսպանատներից, մեկ էլ ամերիկյան շրջանակների հետ կապերի մեջ թաղված բյուրոկրատիայի մի մասից: Ի դեպ, վենետիկյան ուղղությունը մերժելու համար գործում է նաեւ, այսպես կոչված, Միացյալ քաղաքական խորհուրդը, ուր տոն տվողը Աշոտ Մանուչարյանն է, եւ այդտեղ մտնող կուսակցություններն ու ՀԿ-ները մերժում են նախագիծն ամբողջովին` համարելով նախագիծն անշտկելի: Նրանք միաժամանակ «Ոչ»-ի ճակատին` վերջինիս «իշխանության վերարտադրությունը թույլ չտալու» կարգախոսով անվանում են շեղող եւ քողարկող ուժ: Ինչեւէ, այդ խմբի տեսակետն էլ, ժխտողական լինելով հանդերձ, լրացուցիչ ազդակ է, որը կօգնի նախագծի տեքստը մաքրել վենետիկյան աղբից:
ՍԷՖԻԼՅԱՆԸ «ՀԱԿՄԵ՞Ջ» ԱՐԵՑ ՀԱԿ-Ի ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ
Եվ ահա երեկ` հենց ԱԺ նստաշրջանի բացմանը զուգընթաց, «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակվեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի 11 րոպեանոց հատված: Այդ հատվածի հիմնական մեխը Հայաստանի` ԵՏՄ-ում ընդգրկվելու նպատակահարմարությունը հարցականի տակ դնելն էր: Թե ինչու «Ազատություն» ռադիոկայանի ամերիկյան տերերը որոշեցին դա հենց այս պահին շրջանառության մեջ դնել, նույնպես հասկանալի է: Ի վերջո, երեկ մեկնարկեց ոչ միայն սահմանադրական քննարկումն ԱԺ-ում, այլեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական ալիքը, ինչպես նաեւ պարզ դարձավ, որ նոր-նոր կազմավորված «Ոչ»-ի ճակատը արդեն իսկ լեցուն է ներքին պառակտումներով եւ հակասություններով:
Դեռեւս նախորդ շաբաթվանից քոչարյանական քարոզչամեքենան սկսեց սանձարձակորեն վարկաբեկել եւ փչացնել ընդդիմությանը` վերջինիս ամբողջովին ներկայացնելով որպես Բաղրամյան 26-ի կառավարելի կցորդ: Դե պարզ է, որ առկա է 2017-ի ընտրություններին ընդառաջ դաշտը ավելորդ հավակնորդներից մաքրելու նկատառումը, սակայն առկա է եւ շատ կոնկրետ գործոն, որը կատալիզատորի դեր կատարեց: Այսպես, Քոչարյանի նկատմամբ մեծ, բայց գրեթե անպատասխան սեր տածող Գառնիկ Իսագուլյանը հանկարծ հայտարարեց, որ «Ոչ»-ի ճակատը դրսեւորել է խտրական մոտեցում եւ, մասնավորապես, իրեն չի ընդգրկել` Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունենալու համար:
Թե ինչու հանկարծ այդ ճակատից գլխանց «քըշ» արեցին քոչարյանականներին, երեւում է Ժիրայր Սէֆիլյանի հայտարարություններից: Վերջինս ուղղակիորեն ասելով, որ Քոչարյանն անելու է ամեն ինչ Սահմանադրությունը տապալելու համար, նշեց, որ չի նշանակում թե թշնամու թշնամին բարեկամ է. «Հնարավոր է, ինչ-որ սուպեր-պրագմատիկ գործիչներ հետեւեն այդ նշանաբանին, բայց մեզ մոտ, միանշանակ, այն չի գործելու: Կարծում եմ, պրագմատիզմը ներազգային դաշտում խիստ վնասարար է: Քաղաքական պրագմատիզմը, եթե արտաքին քաղաքական ոլորտին է վերաբերում, ապա ընդունելի է: Սակայն, ներազգային հարցերում հնարավորինս ազնիվ եւ անկեղծ պետք է լինել: Եվ մեր ժողովուրդը դա է պահանջում: Այսինքն, մենք իրավունք չունենք ձերբազատվել մի հրեշից` մեկ այլ հրեշ ծնելով: Եթե դա է պայքարի իմաստը, ավելի լավ է պայքարի դուրս չգալ: Ուստի, մեր ներկայությունը պայքարի դաշտում իմաստավորելու է այն այս իմաստով, եւ նաեւ խանգարելու է, որ ճիշտ պայքարից որեւէ շեղում տեղի չունենա»:
Պարզ է, որ «սուպերպրագմատիզմի» մեղադրանքը դա «քաղաքագիտական վերլուծությունների» հանդեպ թուլություն տածող Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի բոստանը գլորած հսկայական գլաքար է: Այսինքն` օբյեկտիվորեն Ժիրայր Սէֆիլյանն իր «Հիմնադիր խորհրդարանով» նույն «Ոչ»-ի ճակատի ներսում ՀԱԿմեջ արեց ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի գործերը: Թե ինչու, այնուամենայնիվ, «Ոչ»-ի ճակատում համաձայնեցին կուլ տալ Սէֆիլյանի վերջնագիրը եւ այդպիսի նախապայման կատարելով` համաձայնել «Հիմնադիր խորհրդարանի» ընդգրկմանը, նույնպես հասկանալի է: Հիմնականում հենց «Հիմնադիր խորհրդարանում» են կենտրոնացված այն ծայրահեղական կադրերը, որոնք պատրաստ են եւ պիտանի են փողոցային մարտերի եւ այլ սուր գործողությունների: Իհարկե, Լեւոն Ակոպիչի համար Ռոբերտ Սեդրակիչի հետ համագործակցության ճանապարհին այդպիսի խոչընդոտի հայտնությունը հաճելի չէ, սակայն ինչ արած, «Ոչ»-ի ճակատում դեպքերի բերումով տոն տվողը ոչ թե ՀՀ առաջին նախագահն է, այլ ԱՄՆ դեսպանատնից ղեկավարվող գրանտակեր «քաղաքացիական» կառույցները: Ու հավանաբար, հենց ամերիկյան տերերը սէֆիլյանական «գրոհայիններին» համարեցին պրակտիկորեն ավելի օգտակար, քան ԼՏՊ-ի դոկտորական կոչումը, մեռյալ լեզուների իմացությունը եւ «հիմնադիր նախագահի» լուսապսակը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
