ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՀԱՊԿ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՀԱՊԿ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Վերջերս, անդրադառնալով Ղարաբաղի շուրջ պարբերաբար թեժացող սահմանային բախումների եւ դրանցում կիրառվող զինատեսակների աստիճանաբար «ծանրացմանը», առիթ էինք ունեցել ենթադրություն ներկայացնել, որ դա ոչ թե հնարավոր նոր պատերազմի նախանշան պետք է համարել, այլ միանգամայն հակառակի: Այսինքն՝ բանակցային գործընթացի երկու առանցքային դերակատարների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար կարծես թե միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել եթե ոչ վերջնական հաշտություն, ապա առնվազն կոնկրետ պայմանավորվածությունների վրա հիմնված երկարաժամկետ խաղաղ իրավիճակ ունենալ ողջ հարավկովկասյան տարածաշրջանում:
ՎԱՆԳԱՆ ԷԼ ԷՐ ԳՈՒՇԱԿԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ
Տրամաբանորեն հնարավոր է, որ ՌԴ-ին ու ԱՄՆ-ին միաժամանակ անհրաժեշտ լինի մեր տարածաշրջանում ու առաջին հերթին՝ Ղարաբաղի շուրջ կայուն իրավիճակ, սակայն նկատի ունենալով, որ հետապնդում են իրարից 180 աստիճանով տարբերվող շահեր: Մասնավորապես՝ Վաշինգտոնը նախ Վրաստանում ՆԱՏՕ-ական կառույցներ տեղակայելու ուղղությամբ ակտիվ քայլերի է դիմում: Հաջորդը՝ Թուրքիայում գերիշխանությունը վերականգնելու նպատակով բավականին բարդ եւ պատերազմական բնույթի օպերացիա է ծավալել: Եվ դժվար չէ կռահել, որ պատկերն ամբողջական կկարողնա դարձնել միայն Հայաստանում եւ Ադրբեջանում վերահսկողություն հաստատելու եւ ՌԴ-ի ու Իրանի ցամաքային կապը կտրելու դեպքում՝ մի կողմից Մերձավոր Արեւելքում այդքան առաջ գնացած ռուսական դիրքերը զրոյացնելու, մյուս կողմից՝ Կենտրոնական Ասիայում դիրքերն ամրապնդելով՝ իր համար մահացու վտանգավոր դարձած Չինաստան-Ռուսաստան կապերն ու մասնավորապես՝ «Մետաքսի ուղին» աչքի տակ պահելու կենսական խնդիրները լուծելու համար: Ընդ որում՝ հարավկովկասյան տարածաշրջանը կարող է եւ դառնալ թվարկված հիմնախնդիրների լուծման վերջին հնարավորությունը: Նկատի ունենք հետեւյալ իրավիճակը.
Այս օրերին ԱՄՆ-ն արդեն Պետքարտուղարության եւ Պենտագոնի մակարդակով է սկսել խոսել Սիրիայում ռուսների դիրքերի գնալով ամրապնդման մասին: Սպիտակ տան անհանգստությունը նաեւ պաշտոնական սպառնալիքների հարթություն է տեղափոխվել, թե՝ Ռուսաստանին կմեկուսացնենք աշխարհից, եթե չհրաժարվի նախագահ Ասադին օգնելու փորձերից: Իսկ մինչ սպառնալը՝ Վաշինգտոնը փորձում էր ռուսներին Սիրիայից հեռու պահել՝ ռուսական ռազմական բեռնափոխադրող ինքնաթիռների առաջ փակել օդային ճանապարհը:
ԵՎ ակնհայտորեն ձախողվեց, երբ Իրանը հրապարակավ իր երկինքն առաջարկեց ռուսներին: Արդյունքում, ԱՄՆ-ին համար դեպի Սիրիա ռուսների շարժը կանխելն այն աստիճան է անլուծելի դարձել, որ ստիպված էր դիմել նույնիսկ զավեշտանման քայլի՝ պահանջեց մի քանի մասի բաժանված Իրաքի կառավարությունից՝ օդային սահմանը փակել ռուսների առաջ: Թե ինչ կարող է անել Իրաքի ղեկավարությունը, եթե անգամ ցանկանա ԱՄՆ-ի պահանջը կատարել, նույնիսկ դժվար է պատկերացնել:
Այս իրավիճակին պետք է ավելացնել նաեւ երեկ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետեւյալ հայտարարություն-ակնարկները: Նախ՝ ՌԴ-ն աջակցում եւ աջակցելու է Սիրիային, ընդ որում՝ նույն ԱՄՆ-ի ձեռքերով աճեցված եւ հիմա էլ համաշխարհային աղետ ներկայացվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ամենակարեւորը. «Եթե ՌԴ-ն չաջակցեր Սիրիային, իրավիճակն այնտեղ ավելի վատ կլիներ, քան Լիբիայում: Եվ փախստականների հոսքն էլ ավելի շատ կլիներ»: Այդ փախստականների ձեռքը Եվրոպան ու հատկապես Գերմանիայն այն վիճակում են հայտնվել, որ մի շարք եվրոպական երկրներ արդեն իսկ իրենց սահմանները փշալարերով են պատել, ինչը Եվրամիության ողջ ներքին դրվածքը գլխիվայր է շրջում: Իսկ ահա կանցլեր Մերկելը, ով ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ փախստականներին ընդունելու ջատագովի դերն էր ստանձնել, 180 աստիճանով շուռ գալով՝ իր հերթին է փակել պետական սահմաններն ու սպառնում է մինչեւ իսկ Շենգենյան համաձայնագրից դուրս գալ: Բայց. փախստականների հարյուրհազարանոց հոսքերը շարունակում են մուտք գործել Հարավային Եվրոպա եւ կուտակվել եվրոպական միջին հատվածների երկրների սահմանային փշալարերի մոտ: Թե այդ կուտակումներն արդեն իսկ ինչ գլոբալ ճգնաժամեր են խոստանում, արդեն բոլորն են սկսել «տեսնել»: Եվ գրեթե խուճապի գրկում հայտնվող Եվրոպային Վ. Պուտինը նախ հիշեցնում է, թե որտեղից եւ ում պատճառով ի հայտ եկավ այդ կործանարար խնդիրը, ապա ակնարկում, որ եթե ընկնի Վաշինգտոնի խոստացած մեկուսացման խելքին եւ դուրս գա Սիրիայից, Եվրոպան պետք է սպասի փախստականների բազմապատկված հոսքերի: Ընդ որում՝ վաշինգտոնյան այն ակնարկները, թե՝ փախստականների խնդիրը կլուծվի, հենց որ Ասադի հարցերը լուծեն, Եվրոպայում հազիվ թե լուրջ ընդունեն: Այն պարզ պատճառով, որ այդ դեպքում Սիրիայի տեր ու տնօրեն է դառնալու նույն «Իսլամական պետությունը», որից հետո, ինչպես նաեւ Վ. Պուտինը ակնարկեց, կսկսի շարժվել տարածաշրջանի մյուս երկրների ուղղությամբ, որոնց արդեն հասցրել է «ներգրավել» իր նոր խալիֆայության կազմում: Իսկ դա արդեն Եվրոպային խոստանում է տասնյակ միլիոնավոր փախստականներ եւ Վանգայի այն գուշակության իրականացում, թե՝ 2016-ին Եվրոպան կհայտնվի ոչնչացման շեմին:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԷԼԻ ԿԱԿՏԻՎԱՆԱ
Այսպիսով՝ եթե Վաշինգտոնին չհաջողվի իրականացնել Սիրիայի հետ կապված Ռուսաստանին խորը միջազգային մեկուսացման ենթարկելու խոստումը, կարելի է արդեն իսկ խոսել Մերձավոր Արեւելքում բոլոր առումներով նրա ջախջախիչ պարտության մասին: Եվ դա եւս առաջնային է դարձնում հարավկովկասյան տարածաշրջանում ռուսներին կանգնեցնելու փորձը: Չնայած՝ Մոսկվայի համար էլ իր հերթին ղարաբաղյան խնդրի լուծումը կամ սառեցումն է կարեւորվում: Թեկուզեւ նրա համար, որ այն մեծապես խանգարում է միաժամանակ Հայաստանով եւ Ադրբեջանով Իրանի հետ կայուն, երաշխավորված ցամաքային կապ եւ Մերձավոր Արեւելքի խաղատախտակին ապահովագրված թիկունք ունենալուն:
Այսպիսով՝ իր տրամաբանությունն է ստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի օրերս արված այն հայտարարությունը, թե. «Մենք պատրաստակամ ենք Ռուսաստանի հետ համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հայթայթման ուղղությամբ», եւ թե պետք է արագացնել բանակցային գործընթացը: Հաշվի առնելով նաեւ, որ դեռ ամիսներ առաջ կային մի շարք կիսապաշտոնական ակնարկներ, որ բանակցային օրակարգում հայտնի «Մադրիդյան սկզբունքներն» են՝ ինչ-որ տարատեսակով, ինչն առաջին հերթին չի բավարարում Բաքվին: Համենայնդեպս՝ այդ մասին ակնարկող ազդակներ, ինչպես նաեւ՝ ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Եվրոպայից ու ԱՄՆ-ից Ադրբեջանին ուղղված բաց եւ ստվերային, շատ դեպքերում՝ բոլորովին այլ պատճառաբանություններով ճնշումներ քանիցս զգացվել են եւ գնալով դրանք դառնում են հաճախակի եւ սուր: Օրինակ՝ Եվրախորհրդարանի սեպտեմբերի 10-ի հայտնի բանաձեւը, որը Բաքուն այն աստիճան ծանր տարավ, որ սկսեց խոսել «Եվրանեսթից» դուրս գալու մասին: Կամ՝ օրերս ԱՄՆ-ից հնչած այն հայտարարությունը, թե՝ Ղարաբաղն ունի ինքնորոշման իրավունք: Եվ, վերջապես, հայ-ադրբեջանական վերջին բախումների թեման երեկ քննարկվեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով: Առիթ ունեցել էինք ենթադրել, որ դրանից պաշտոնական հայտարարություններ կամ բանաձեւեր պետք չէ սպասել: Սակայն գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծելով, որ նման քննարկում եղել է, այսպիսի միտք հնչեցրեց. «Արագ արձագանքման հավաքական ուժերն ի զորու են ըստ իրենց նշանակության` արագ արձագանքել ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում մարտահրավերներին ու սպառնալիքներին եւ պատրաստ են հետ մղել զինված հարձակումը, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների դեմ ուղղված ագրեսիան»: Եվ հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը միանգամից մեղմվեց, երբ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները խոսեցին ՀԱՊԿ-ի գործոնի մասին, կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանի ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների դեմ ուղղված ագրեսիայի մասին խոսքին եւս Բաքվում լուրջ ուշադրություն կդարձնեն: Առավել եւս, որ կազմակերպության նախագահությունն անցնում է Հայաստանին եւ այս աշնանն էլ մեր երկրում տեղի են ունենալու ՀԱՊԿ-ի ծավալուն զորավարժություններ:
Այսպիսով՝ Ուորլիքը նաեւ հիշեցնում է, որ արդեն գալիք շաբաթ ՄԱԿ-ի գագաթաժողովի ընթացքում կլինի հանդիպում ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ այն հաշվարկով, որ մինչեւ տարեվերջ կազմակերպվի նաեւ նախագահների մակարդակով հանդիպում: Եվ որ այս «արագագործությունն» արդեն իսկ ակնարկ է ղարաբաղյան գործընթացը տեղից շարժելու հնարավորության մասին, կարելի է ենթադրել: Միայն թե չմոռանանք, որ ղարաբաղյան քսանամյա բանակցություններում նման իրավիճակներ մեկ անգամ չէ, որ եղել են, բայց նաեւ, որ այս անգամ արդեն արտաքին գործոններն իրենց անմիջական դերն ունեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
