«ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԺԱՊԱՎԵՆԻՆ» ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԱՆՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԺԱՊԱՎԵՆԻՆ» ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԱՆՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ»
Հուշարձանների, հուշակոթողների ու քանդակների թալանը վերջին տարիներին դարձել է հաճախակի: Այս ընթացքում նույնիսկ եղան դեպքեր, երբ հայտնաբերվեցին մի քանի հուշարձան կողոպտողներ ու դատապարտվեցին, բայց դրանից ոչ մի բան չփոխվեց, օրեցօր շարունակվում է հուշարձանների թալանը: Տարիներ առաջ քանդակագործ ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆՆ էլ չկարողացավ հանցագործներից պաշտպանել Չարենցավանի ճանապարհին գտնվող` 1975 թվականին պատրաստված եւ տեղադրված, ճանապարհաշինարարներին նվիրված, այժմ կողոպտված «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանը:
Սակայն, Դ. Բեջանյանի մահից անցել է շուրջ 4 տարի, արձանը կրկին կանգնած է
վերացման վտանգի առաջ: Իսկ այրին` երգչուհի Նադեժդա Սարգսյանն ու դուստրը` երգչուհի Էմմին չեն կարողանում հուշարձանը փրկել անհետացման վտանգից: Այս եւ այլ հուշարձանների թալանի մասին բազմիցս գրվեց ու խոսվեց, սակայն ամեն ինչ մնաց նույնն ու դեռ մի բան էլ ավելին` հուշարձաններն ավելի թալանվեցին: Երգչուհի Էմմին ճարահատյալ օրերս բաց նամակ էր հղել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, որը մեկ ժամ անց արձագանքել էր երգչուհու նամակին` զանգահարելով Դ. Բեջանյանի այրի Ն. Սարգսյանին: Արդյունքում` այսօր Ն. Սարգսյանն ու Կոտայքի մարզպետը հանդիպում են ունեցել:
ՀՀ վաստակավոր արտիստ ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ «Իրավունքին» որոշ մանրամասներ պատմեց իր եւ մարզպետի հանդիպումից. «Ըստ մեր պայմանավորվածության` հանդիպեցինք մարզպետի հետ եւ ինձ շատ ուրախացրեց այն, որ արդեն կան առաջարկներ, թե ինչպես պետք է վերականգնվի հուշարձանը: Ես ունեմ Բեջանյանի այն էսքիզը, որը նա թողել է, քանի որ իր կենդանության օրոք արդեն սկսվել էր հուշարձանի թալանը: Հիմա, ըստ այդ էսքիզի, կլինեն քննարկումներ, հանդիպումներ մասնագետների հետ: Մեկ շաբաթվա կամ տասն օրվա ընթացքում ավելի ստույգ պատասխան կունենանք, թե ինչպես կիրականացվի այդ ամենը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Առավել մանրամասն կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk