ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ՎՍՏԱՀ ԽԱՂ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ՎՍՏԱՀ ԽԱՂ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ
Բաքվում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն առայժմ հաջող է դասավորվում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանի համար: Դա ուրախացնում է նաեւ նրանով, որ այս մրցաշարը սխալներն ուղղելու համար երկրորդ հնարավորություն չի տալիս. այն անցկացվում է «նոկաուտ» ձեւաչափով, եւ պարտությունն այստեղ նշանակում է դուրս մնալ պայքարից:
Հաշվի առնելով մրցաշարի կարեւորությունը՝ նման բարդությունը հավելյալ լարվածություն է առաջացնում, որը սակայն չի խանգարում լավ մարզավիճակում գտնվող Արոնյանին վստահ առաջ շարժվել: Այսպես՝ առաջին փուլում Արոնյանը հաղթանակ տարավ լյուքսեմբուրգցի Միխայել Վայդենկելերի նկատմամբ: Իհարկե՝ հաղթանակը մնում է հաղթանակ, բայց հաշվի առնելով հայ գրոսմայստերի մրցակցի վարկանիշը, այդ հաղթանակն ի սկզբանե քիչ կասկածներ էր հարուցում: Երկրորդ պարտիայում Լեւոն Արոնյանն արդեն սեւ ֆիգուրներով պարտության մատնեց մրցակցին՝ թույլ չտալով, որ պայքարը անցնի թայ-բրեյքի փուլ:
Մեր մյուս ներկայացուցչին՝ Հրանտ Մելքումյանին նույնպես հաջողվեց առանց որեւէ բարդության նվաճել հաջորդ փուլի ուղեգիր: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանի գործը մի փոքր բարդացավ. նա միայն թայ-բրեյք փուլից հետո միացավ Արոնյանին ու Մելքումյանին: Փոխարենը՝ Սամվել Տեր-Սահակյանն առաջին փուլի արգելքը չհաղթահարելով՝ լքեց պայքարը:
Մրցաշարի առաջին տուրն անհաջող ընթացք ունեցավ նաեւ հայազգի շախմատիստներ Վարուժան Հակոբյանի ու Սամուել Սեւյանի համար: Սեւյանը, հասկանալի է, դեռ պատանի է եւ հաստատ իր լավագույն ունակություններն ուժեղագույնների պայքարում դրսեւորելու շատ առիթներ կունենա:
Այսպիսով՝ պայքարը գնալով բարդանում է: Երկրորդ փուլում հատկապես դժվար պայքար էր սպասվում Գաբրիել Սարգսյանին, ում մրցակիցը աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Թեեւ 1/32 եզրափակիչի առաջին խաղում երեկ Սարգսյանին հաջողվեց սպիտակներով միավորը կիսել է ֆրանսիացի շախմատիստի հետ, սակայն երկրորդ խաղում «խաղադրույքները» մեր շախմատիստի օգտին չեն, չնայած այս պատնեշը հաղթահարելու շանսեր նա ունի:
Իր հերթին ձախողվեց Հրանտ Մելքումյանը՝ սպիտակներով զիջելով կուբացի Լենյեր Դոմինգեսին:
Իսկ ահա փուլի առաջին դասական պարտիայում Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ, եւ հաջորդ փուլ դուրս գալու բոլոր շանսերը կան:
Երկրորդ դասական պարտիաները տեղի կունենան այսօր՝ սեպտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ առաջնությունը ավարտվելու է հոկտեմբերի 5-ին, ինչից հետո Լեւոն Արոնյանին կարճ ժամանակ է մնալու Լոնդոնում դեկտեմբերի 3-14-ին կայանալիք Grand Chess Tour-ի երրորդ՝ London Chess Classic սուպերմրցաշարին նախապատրաստվելու համար: Այս մրցաշարում հայ գորսմայստերը դարձյալ մրցելու է աշխարհի 10 լավագույն շախմատիստների հետ, ուստի աշխարհի գավաթի խաղարկությունում լավ մարզավիճակը պահպանելն ու հոգեբանական վստահություն ձեռք բերելը խիստ անհրաժեշտ են: Բայց չմոռանանք, որ խաղարկությունն անցկացվում է մի երկրում, որն այսպես ասած՝ լավություն է արել շախմատիստին` թույլ տալով մուտք գործել իր տարածք: Իսկ դա նշանակում է, որ մեր շախմատիստները, բացի մրցակցից, նաեւ հոգեբանական ծանր հաղթանակ պետք է տանեն:
Ի դեպ մրցանակային հիմնադրամն էլ կազմում է 1,6 միլիոն դոլար, ինչը ոչ պակաս կարեւոր շարժառիթ է:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
