ԲԱՐԵԿԱՐԳ ԱՅԳԻՆ ՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐԱԶԱՆՔ ԵՆ ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԲԱՐԵԿԱՐԳ ԱՅԳԻՆ ՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐԱԶԱՆՔ ԵՆ ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օրերս Վարդենիս քաղաքում տեղի ունեցավ ամենամյա դարձած «Ոսկե Հասկ» փառատոնը, որն իր շուրջն էր համախմբել ոչ միայն տեղի արհեստավորներին ու ստեղծագործող շնորհալիներին, այլեւ քաղաքի գրեթե բոլոր փոքրիկներին: Զբոսայգին, որտեղ անցկացվեց փառատոնը, կրում էր մեծանուն աստղագետ Վիկտոր Համբարձումյանի անունը: Եթե այգում չլինեին աստղագետի արձանը եւ մի քանի հնամաշ նստարաններ, դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ, որ այս փոքրիկ անկյունը զբոսայգի է: Անբարեկարգ զբոսայգին Վարդենիսում միակն է, որտեղ երեխաներից ավելի շատ ամեն օր հավաքվում է մի-մի թաս օղիով միմյանց կենացը խմող քաղաքի «ինտելիգենցիան», որի հեռանալուց հետո, կենացների հետ միասին, այգում մնում են շշեր, բաժակներ, պոլիէթիլենային տոպրակներ, որոնք օդում այստեղ ու այնտեղ սավառնում են եւ աղաղակում` իջեցրե՛ք մեզ այստեղից:
Վարդենիսում բարեկարգ զբոսայգի, ճոճանակ, փոքրիկ կարուսելներ եւ բատուտ ունենալը երեխաների ամենամեծ երազանքներից մեկն է: Նման «ճոխություն» նրանց ընդձեռվում է արդեն երկու տարի` տարվա մեջ մեկ անգամ, այն էլ մի քանի ժամով, երբ փառատոնի կազմակերպիչները չեն մոռանում փոքրիկներին եւ Վարդենիս են տանում նաեւ բատուտ եւ որոշ չափով վերանորոգում այգում եղած մեկ-երկու ճոճանակը: Այգու հենց կողքին է գտնվում Վարդենիսի քաղաքապետարանը, եւ, համոզված ենք, որ պատկան մարմինները գրեթե ամեն օր տեսնում են այգու թափթփված եւ անբարեկարգ վիճակը, սակայն «ձայն բարբառոյ հանապատի»:
Վարդենիսի ղեկավարները նույն մարտավարությունն են կիրառում նաեւ տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու նկատմամբ, որն իրենից մեծ արժեք է ներկայացնում եւ համարվում է զբոսաշրջային կենտրոններից մեկը: Եկեղեցին վերջին անգամ մասամբ վերանորոգվել է 1986 թվականին: Այս տարիների ընթացքում եկեղեցին մատնվել է անուշադրության` տանիքը հայտնվել է խարխուլ վիճակում, անձրեւների ժամանակ ամբողջ ջուրը տանիքից թափվում է եկեղեցու մեջ: Այս պարագայում եւս տեղի պատկան մարմինները լռում են: Նրանց մնում է գոնե հետեւյալ կերպ օգտակար լինել եկեղեցուն` կա՛մ աղոթեն, որ անձրեւ չգա, կա՛մ այնքան «բարի» ու «մարդասեր» գտնվեն, որ անձրեւից հետո գնան եկեղեցի եւ ջուրը բաժակ առ բաժակ դուրս թափեն:
Իսկ Վարդենիսի քաղաքապետարանի սոցիալական բաժնի պետ Սուսաննա Բարսեղյանը մեզ հետ զրույցում այնպիսի գովեստի խոսքեր էր շռայլում տեղի քաղաքապետի հասցեին, որ մի պահ մտածեցինք` գուցե Վարդենիսի քաղաքապետի մասին չէ խոսքը, քանի որ, ըստ տիկին Բարսեղյանի, քաղաքապետն ամեն ինչ անում է քաղաքի համար: Ս. Բարսեղյանի խոսքերից հետո նույնիսկ մի պահ «նախանձեցինք» Վարդենիսի բնակիչներին, որ ունեն «ուշադիր» ու «հոգատար» ղեկավար, հոգու խորքում սկսեցինք բողոքել կյանքի անարդարություններից, թե ինչո՞ւ Վարդենիսը կարող է ունենալ նման քաղաքապետ, իսկ մյուս քաղաքները` ոչ:
Ըստ քաղաքապետարանի աշխատակցուհու` Վարդենիսում, ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերում, բոլոր խնդիրները կրում են գլոբալ բնույթ, այսինքն` այստեղ գործում է հետեւյալ սկզբունքը, եթե Երեւանում այգիներն անբարեկարգ են, ապա ինչով է պակաս Վարդենիսը, որ չունենա այդ խնդիրը: Նույնն էլ` երեւի եկեղեցին վերանորոգելու հարցում:
Ցավալի է, որ մարդիկ վարում են ջայլամային քաղաքականություն` նայում, սակայն չեն տեսնում առկա խնդիրները:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk