«ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ ՇՎԱՔԸ ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ»
Արխիվ 12-16«ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ ՇՎԱՔԸ ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ»
Օրերս մեկնարկեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 74-րդ թատերաշրջանը` «Ուշ լինի, նուշ լինի» օպերետի առաջնախաղով: Իսկ մինչ լեփ-լեցուն դահլիճը կդիտեր բեմադրությունը, հերթական թատերաշրջանի ու ներկայացման պրեմիերայի մասին խոսեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ` անդրադառնալով նաեւ ազգային թատրոնի պահպանման կարեւորությանը:
ԱՎԱԳ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ
«Ուրախ եմ, որ թատերաշրջանը բացվում է ազգային գործի բեմադրությամբ: Եվ ուզում եմ մի խոստովանություն անել. արդեն քանի տարի է` իմ եւ շատշատերի խոշորագույն վարպետ Վարդան Աճեմյանի շվաքը ինձ հանգիստ չի տալիս: Անընդհատ ասում է` բեմադրիր այն գործերը, որոնց կերպարներին դու ճանաչում ես, գիտես, որովհետեւ քո ընկերներն են, բարեկամներն են, ծանոթներն են, հարեւաններն են: Մի խոսքով` արա՛ այն, ինչ գիտես, արա՛ այն մարդկանց մասին, ում ճանաչում ես: Եվ
այսօրվա ներկայացումը համարենք, որ իմ ծանոթների, բարեկամների մասին է: «Ուշ լինի, նուշ լինի» պիեսի հեղինակը Գարեգին Երիցյանն է, իսկ ներկայացման փայլուն, հրաշալի երաժշտությունը գրել է Արտեմի Այվազյանը: Այս ներկայացումը տասնյակ տարիներ մեր թատրոնի բեմից չի իջել եւ այսօր 6-7-րդ անգամ է բեմ բարձրանում»,- նշեց Ե. Ղազանչյանն ու բացահայտեց ներկայացման հաջողության գաղտնիքը. «Ողջ գաղտնիքն այն է, որ բեմում մեզ ծանոթ մարդիկ են»:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՉՏԱՐԲԵՐՎԵՑԻՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻՑ
Այնուհետեւ բեմադրության ռեժիսորն սկսեց շնորհակալությունների շարքը. «Շնորհակալ եմ կանանց այն հսկայական բանակից, որոնք աշխատել են դիրիժոր Հարություն Արզումանյանի եւ ինձ հետ: Շնորհակալ եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ղեկավարությանը, որ սիրով օգնեց, ու մենք հրավիրեցինք ներկայացման մեջ, որպես պրակտիկա, մասնակցելու բալետ պարող տղաների, քանի որ թատրոնում բալետ գրեթե չունեինք: Այդ տղաները անվճար են մասնակցում ներկայացմանը եւ կհամոզվեք, թե ինչ գույն են նրանք հաղորդում»: Եվ,
իսկապես, ներկայացման մեջ ամենեւին էլ ուսանողները չտարբերվեցին պրոֆեսիոնալներից ու իրենց պարային կատարումներով տոնի վերածեցին բեմադրությունը: Ի վերջո, անվճարն անվճար, բայց ամեն մեկին չէ, որ հաջողվում է հենց ուսանողական տարիներին նման լուրջ ներկայացման մեջ դեր ունենալ ու այն էլ ոչ որպես «մասովկա»: Եվ, սա պատահական չէ, քանի որ Ե. Ղազանչյանը հաճախ է շեշտել, որ թատրոնը պետք է համալրել երիտասարդ կադրերով:
«ԱՅԴ ՎԻՐՈՒՍԸ ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է 21-ՐԴ ԴԱՐ»
Ի դեպ, Ե. Ղազանչյանը խոստացավ, որ իր հաջորդ աշխատանքն էլի հայ դասական է լինելու. «Չնայած օրերս հեռուստատեսությամբ տեսա մեր մշակույթի «երեւելիներից» մեկն ինչ երջանկությամբ, աչքերը վառվելով խոսում էր այն մասին, թե ինչքան է մեծացել հետաքրքրությունը ուսանողության եւ դպրոցականների մեջ դեպի օտար լեզուները: Զարմանալ կարելի է, չեմ պատկերացնում, որ որեւէ մեկը Իսպանիայում, Ֆրանսիայում կամ այլ տեղ, խոսի այն մասին, թե, օրինակ, ֆրանսիացիների մոտ մեծացել է հետաքրքրությունը դեպի օտար լեզուները, իսկ մայր լեզո՞ւն...»: Ապա շեշտեց. «Մենք հաճախ ենք ասում, որ սիրում ենք մեր հայրենիքը, բայց հայրենիքը նախեւառաջ մեր լեզուն
է: Եթե լեզուն չսիրենք, լեզուն չպահենք, ոչ մի հայրենիք էլ չի մնա: Ուզում եմ խոսքս ավարտել մի հետաքրքիր մտքով, որն առաջին հերթին ինձ է վերաբերում (այդպես ասեմ, որ մնացածները չնեղվեն)` անցյալ դարի ամենավերջին տարիներին մի մեծ վիրուս անցավ Հայաստանով` ինքագոհության, մեծամտության, ամենակարողության, «ես եմ, որ կամ»-ի, եւ այդ վիրուսը զարմանալիորեն փոխանցվել է նաեւ 21-րդ դար: Ուզում եմ, որ այսօր ոչ միայն թատրոնում, այլ ընդհանրապես ամեն տեղ մարդիկ մտածեն, որ իրենցից լավ դերասան էլ կա, իրենցից լավ ռեժիսոր էլ կա, երաժիշտ էլ, բժիշկ էլ, երգիչ էլ: Այդ ժամանակ, երեւի թե, ամենքը կարժանանան բաղձալի բարձունքին»:
«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Իսկ մինչ պարոն Ղազանչյանի նշած անձինք կվերլուծեն եւ կփորձեն հասկանալ, թե ինչպես հասնեն որոշակի բարձունքի, նշենք, որ ներկայացման ավարտին «Իրավունքը» անակնկալ էր պատրաստել թատրոնի համար: Բեմ բարձրանալով թերթի մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ` նշեց. «Նախ շնորհավորում եմ թատրոնի անձնակազմին թատերաշրջանի մեկնարկի եւ ներկայացման առաջնախաղի կապակցությամբ: «Իրավունք» թերթը մի լավ ավանդույթ ունի` ամփոփելով տարին ընտրում է լավագույն եւ վատագույն մշակույթի գործիչներին ու հաջորդ տարվա ընթացքում հանձնում համապատասխան պատվոգրերը: Եվ այդ առթիվ պատվոգիր է տրվում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին` «Իրավունք» թերթի կողմից 2014 թվականին ՀՀ –ում թատերական ոլորտում լավագույն թատրոն ճանաչվելու կապակցությամբ` տարվա ընթացքում հայ դրամատուրգների գործերը, մասնավորապես` Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը ցուցադրելու համար»:
Թերթի խմբագրական խորհրդի արդարացի որոշումը եւս մեկ անգամ հաստատվեց հանդիսատեսի չդադարող ծափողջյուններով:
ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Հավելենք, որ ներկայացման ավարտին` արդեն կուլիսային շնորհավորանքների ժամանակ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգիչ ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ ընդգծեց. «Շնորհակալություն քեզ, թատրոն եւ շնորհակալություն քեզ, Երվանդ Ղազանչյան, որ վերջապես ունեցանք հրաշալի նվագախումբ, հրաշալի պարախումբ, փառահեղ երգեցողություն, աննման երգիչներ եւ հրաշալի բեմադրություն: Մինչ այս բոլոր 8 բեմադրություները տեսել եմ եւ պիտի ասեմ, որ սա դասականն է ու այս բեմադրությունը բոլորից լավն էր, որովհետեւ սոլիստները համոզիչ էին»,- անկեղծացավ Ռ. Մաթեւոսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

