ՊԱՎԵԼ ՊԵՐՄՅԱԿՈՎ. «ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՈՐԴՈՒՍ ԿԴԱՏԵՆ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ»
Արխիվ 12-16ՊԱՎԵԼ ՊԵՐՄՅԱԿՈՎ. «ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՈՐԴՈՒՍ ԿԴԱՏԵՆ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ»
Հունվարի 13-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները երեկ` Մեռելոցի օրը, այցելել են զոհ գնացած ընտանիքի գերեզմանատուն: Չնայած անցել է բավական ժամանակ, բայց ինչպես մեզ հետ զրույցում ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` տիկին Ռիտան. «Մենք դեռ չենք կարողանում հաշտվել այդ կորուստների հետ, մենք մինչեւ օրս էլ Ավետիսյանների տուն չենք կարողանում մտնել, ամեն մի մանրուք մեզ հիշեցնում է նրանց: Մեր ցավը անընդհատ թարմ է մնում եւ մնալու է, քանի էդ հանցագործը չասի, թե ինչը նրան տարավ այդ ոճրագործությանը, ինչով էր քրոջս ընտանիքը մեղավոր իր առաջ, որ այդ կերպ վարվեց նրանց հետ: Մենակ էդ մի հարցին պատասխանի...»:
ինչ Ավետիսյանների հարազատները սպասում են, թե ի վերջո երբ հստակ կիմանան, թե ինչն էր Պերմյակովին ստիպել այդ քայլին գնալ, ոճրագործի հայրը` ՊԱՎԵԼ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ, շարունակում է վստահեցնել, որ որդին չէր կարող «այդպես գազանաբար սպանել մի ընտանիքի, ում չի էլ ճանաչել»: Պերմյակով ավագը մեզ հետ զրույցում նախ նկատեց.
- Դեռ չենք եկել Հայաստան, չենք տեսակցել Վալերիին, բայց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարության ժամանակ անպայման կգանք եւ կմասնակցենք: Որպեսզի գոնե այդ ժամանակ լինենք մեր տղայի կողքին: Ճիշտ է, շատ լավ հասկանում ենք, թե Հայաստանում մեզ ինչ արհամարհական կամ ավելի շուտ՝ թշնամական վերաբերմունք է սպասվելու, բայց չգալ եւ գոնե վերջին անգամ չտեսնել Վալերիին, չենք կարող: Ես համոզված եմ, որ որդուս կդատեն խստագույնս ու Աստված գիտի, թե ինչ կլինի իր հետ գաղութում:
- Դուք դեպքին հաջորդող օրերին նշում էիք, որ Ձեր որդին չէր կարող նման հրեշավոր հանցանք կատարել: Բայց փաստացի արդեն ապացուցվում է, որ նա է այդ ոճրագործության հեղինակը: Հիմա՞ ինչ կասեք:
- Մենք էլ ոչինչ ի վիճակի չենք մտածելու, հասկանալու, ասելու: Մեզ համար շատ ու շատ հանգամանքներ այդպես էլ չբացահայտված կմնան: Բայց ես հիմա էլ եմ վստահ, որ Վալերին չէր կարող այդպես գազանաբար սպանել մի ընտանիքի, ում չի էլ ճանաչել, առավել եւս՝ փոքրիկներին. նա երեխաներ շատ էր սիրում:
- Իսկ ի՞նչ գիտեք՝ նա Ավետիսյաններին ճանաչո՞ւմ էր, թե` ոչ:
- Ենթադրում եմ, որ՝ ոչ: Որովհետեւ նա ընդամենը մի քանի ամիս էր այդտեղ եւ եթե ճանաչեր, շփվեր, գոնե քրոջը, ում հետ շատ մտերիմ էր, տեղյակ կպահեր իր նոր ծանոթների մասին: Նա երբեք չի խոսել զորամասից դուրս ընկերների կամ ծանոթների մասին:
- Դեպքից հետո փորձե՞լ եք գոնե հեռախոսով կապվել Ձեր տղայի հետ:
- Ոչ, դեպքից հետո երբեք: Նույնիսկ նրա մասին նորություններն ավելի շատ համացանցից ենք իմանում:
- Չե՞ք հետաքրքրվում Ձեր որդու ճակատագրով:
- Ինչու, հետաքրքրվում ենք, բայց մեզ ոչ ոք ոչինչ չի ասում: Երբ զանգում ենք, ասում են, որ պարտավոր չեն մեզ տեղեկություն հաղորդել, երբ ավարտվի քննությունը` ինչպես բոլորը, այնպես էլ մենք՝ կտեղեկանանք:
- Փաստաբան չունի՞ Վալերին:
- Սկզբում ուներ, բայց հիմա, հավատացեք, դա էլ չգիտենք՝ ունի, թե ոչ: Ես հիմա էլ միջոցներ կհայթայթեի, կգայի որդուս տեսնելու, բայց ինձ խորհուրդ տվեցին, որ անիմաստ է այս պահին գալը, քանի որ թույլ չեն տա ոչ տեսնել, ոչ ինչ-որ բան փոխանցել: Դրա համար էլ հիմա մեր գալն անիմաստ է: Դատերի ժամանակ գոնե կկարողանանք թեկուզ հեռվից, բայց տեսնել նրան:
- Ամեն դեպքում հավատաք, թե ոչ` փաստ է, որ Ձեր տղան սպանել է մի ողջ ընտանիքի: Գոնե չե՞ք փորձում ենթադրել, թե ինչու:
- Ինչպես ասացի՝ ես չեմ հավատում, որ նա նման սառնասիրտ հանցագործ է: Ես կարծում եմ, որ Վալերիին պարզապես «քաշել են». այլ բացատրություն տալ չեմ կարող: Ինքս գիտակցում եմ, որ նրա կատարած հանցանքը ոչ մի մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում, ու ոչ մի ներում էլ չունի: Բայց ես չեմ հավատում տղայիցս նման, չնայած՝ չեմ էլ կարող հակառակվել, որովհետեւ, հանգամանքները, այո, այլ բան են փաստում: Չգիտեմ...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk