ԷՔՍՑԵՆՏՐԻԿ ՀՄԱՅԱԿԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱ՞Ս Է ԶԳՈՒՄ
Արխիվ 12-16ԷՔՍՑԵՆՏՐԻԿ ՀՄԱՅԱԿԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱ՞Ս Է ԶԳՈՒՄ
Լրատվամիջոցներից մեկի տեղեկացմամբ` «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովի կողմից Հայաստանում հիմնած «Գրիբոյեդով» ակումբը կազմաքանդվել է: Գրիբոյեդովցիների վերջին հանդիպումը եղել է հուլիսի 8-ին, իսկ նախատեսված սեպտեմբերյան հանդիպումը չի կայանա: Ակումբի անդամ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այս տեղեկությունը մեկնաբանելով` լրիվ թյուրիմացության մեջ է գցել ու նշել, թե այն գործում է Ազգային ժողովում` Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, եւ ինքն այս գումարման խորհրդարանի հետ որեւէ առնչություն չունի ու ոչ էլ տեղեկություն: Մինչդեռ պարզվում է` իրականությունը բոլորովին այլ է, Հ. Հովհաննիսյանի հայտարարություններն էլ` առ ոչինչ: «Իրավունքի» հետ զրույցում «Գրիբոյեդով» ակումբի անդամ, «Վան» ռադիոկայանի հիմնադիր տնօրեն ՇՈՒՇԱՆԻԿ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ նախ հերքեց վերոգրյալը, ապա մանրամասնեց.
–Ակումբն աշխատում է ճիշտ իր գրաֆիկով, հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին կամ 29-ին, դեռ ճշտվում է օրը: Ոչ մի արտառոց դեպք չի եղել, եւ ակումբի կազմաքանդման մասին խոսակցություններ ընդհանրապես չկան: Ավելին` առիթ էլ չկա, որպեսզի այդ խոսակցությունները լինեն: Իսկ թե ինչու է Հմայակը այդպիսի հայտարարություն անում, չեմ կարող ասել: Նա շատ էքսցենտրիկ բնավորություն ունի եւ պարբերաբար ընկնում է մամուլի հայեցողության տակ` նման արտահայտություններով:
– Իրականում Հմայակ Հովհաննիսյանը մասնակցո՞ւմ է ակումբի
հանդիպումներին:
– Իհարկե, Հմայակը վերջին հանդիպմանը ներկա է եղել ու շատ ջերմ, ակտիվ մասնակցել է քննարկմանը: Նա հենց առաջիններից էր, ով այդ ակումբի աշխատանքին աջակցում էր: Չգիտեմ, երեւի շոգ եղանակից է կամ չի կարողացել գնալ հանգստանալու, նեղված է եղել ու նման հայտարարություններ արել:
– Բայց ի՞նչ կապ ունի հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը «Գրիբոյեդով»-ի հետ, ինչի մասին հիշատակել է Հ. Հովհաննիսյանն ու շեշտել ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի անունը:
– Բնականաբար, ոչ մի կապ չունի: Հերմինե Նաղդալյանն ընդհանրապես ոչ մի անգամ չի եղել մեր ակումբում: Ի դեպ, լավ կլիներ, որ մեկ անգամ գար, լսեր բարձրացված հարցերը, եւ գուցե մենք ճիշտ պատասխաններ կլսեինք: Ակումբը համագործակցում է բոլորի հետ, այն բաց է, նայած թե ինչ հյուր է գալիս: Օրինակ, եթե գալիս է Կարեն Շահնազարովը, եւ մենք խոսում ենք ընդհանրապես հայկական եւ ռուսական կինեմատոգրաֆիայի մասին, բնականաբար, հրավիրում ենք այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են այդ թեմայով եւ կոմպետենտ են խոսել այդ մասին: Ամբողջ նպատակն այն է, որպեսզի հայկական էլիտան, հայ գործիչները կարողանան լիովին ճիշտ պատմել, բացատրել իրենց տեսակետը տարբեր հարցերի շուրջ, որպեսզի ռուսական կողմն էլ իմանա, թե հայկական հանրությունն ինչ է մտածում այս կամ այն հարցի շուրջ, եւ որն է ճշմարտությունը: Քանի որ այդ ակումբը չի ձայնագրվում եւ լրագրողների համար չէ, ուզում ենք, որ այնտեղ լինի հնարավորինս անկեղծ եւ բաց խոսակցություն: Այնպես որ, չի բացառվում, որ երբ քաղաքական թեմաներ քննարկենք, հրավիրենք նաեւ տիկին Նաղդալյանին: Մենք չենք խուսափում ու չենք դնում սահմանափակումներ, թե այս մարդկանց կարելի է հրավիրել, այս մարդկանց` ոչ: Մոտավորապես 20-25 հոգուց է բաղկացած ակումբի հայ մասնակիցների թիվը:
– Իսկ արդեն որոշվա՞ծ է, թե որն է լինելու սեպտեմբերյան հանդիպման թեման, եւ ո՞վ է հյուրը:
– Թե ով է գալու ամսի 28-29-ին, դեռ չգիտենք, մի քանի թեկնածուներ կան:
Հայկական կողմն է առաջարկում թեմաներ, օրինակ, հիմա շատ ակտուալ են էներգետիկայի հարցերը: Ուզում ենք այդ ոլորտի մասնագետներ հրավիրել, որպեսզի քննարկենք այն եւ հասկանանք` որոնք են այս ամենի իսկական արմատները: Մենք առաջարկեցինք սա պարոն Կիսելյովին, եւ երկու օրվա ընթացքում պարզ կլինի, թե ինչպիսի աշխատանքային օրակարգ կլինի, եւ ով կամ ովքեր կլինեն հյուրերը: Հիմա դեռ կազմակերպչական հարցերն ենք լուծում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk