«ՀԻՄԱ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՀԱՊԿ-Ն ԷԼ ՑՈՒՅՑ ՏԱ ԻՐ ԱՏԱՄՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ՀԻՄԱ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՀԱՊԿ-Ն ԷԼ ՑՈՒՅՑ ՏԱ ԻՐ ԱՏԱՄՆԵՐԸ»
Այսօր կկայանա ՀԱՊԿ անդամ պետություների ղեկավարների հանդիպումը Դուշանբեում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ անդրադարձել էր սահմանում տիրող լարված իրավիճակին եւ նշել, որ այդ մասին առավել մանրամասն կխոսի ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց արցախյան պատերազմի մասնակից, ռուսաստանաբնակ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ: Զրույցում անդրադարձանք նաեւ տարածաշրջանային խնդիրներին:
«ԴԱԴԱՐԵՑՐՈ՛Ւ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ, ԲԱՆԴԻ՛Տ»
–Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարելի է ակնկալել այսօր Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումից:
– Չգիտեմ` ինչպիսի քննարկում կծավալվի այնտեղ, բայց եթե նախագահը բարձրացնի հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը, կլինի շատ խելացի եւ ճիշտ որոշում: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ այդ կառույցը պարտավոր է ապահովել իր անդամ պետության անվտանգությունը: Չէ՞ որ ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգության երաշխավոր կառույց է: Մինչդեռ, ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի դեմ ուրիշ պետություն` ագրեսիվ տրամադրված, ցեղասպանություն իրականացնելու մտադրությամբ հանկարծ կրակահերթի տակ է պահում խաղաղ ժողովրդին, այրում դաշտերը, վնասում անասուններին, ու արդյունքում մարդիկ են զոհվում: Ավելին` այս ագրեսիվ գործողությունները կամաց-կամաց վերածվում են սկսվող պատերազմի: Ադրբեջանը ՆԱՏՕ-ական պետության` Թուրքիայի եւ Վրաստանի հետ, շրջափակել են մի երկիր, որը կոչվում է Հայաստան: Իհարկե, դրա համար ՀԱՊԿ-ը պետք է պատասխան տա եւ ընդունի վճռական որոշումներ` մեր երկրի անվտանգության համար: Չմոռանանք, որ այդպիսի պայմանագիր կա. եթե Ռուսաստանին հարվածում են, ուրեմն` հարվածում են ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ղազախստանին, ե՛ւ Տաջիկստանին, ե՛ւ Բելառուսին, եւ ճիշտ հակառակը` ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետության դեպքում: Մեկս մյուսին պետք է օգնենք: Հետեւաբար, պետք է ՀԱՊԿ-ի շրջանակներում հարց բարձրացնել, որպեսզի բոլոր անդամ պետությունները ցուցաբերեն համապատասխան վերաբերմունք: Ադրբեջանի հետ պետք է շատ լուրջ խոսել` ասելով` դադարացրո՛ւ խուլիգանությամբ զբաղվել, բանդի՛տ: Մենք քեզ հանգիստ չենք տա եւ կպաշտպանենք Հայաստանին: Ի վերջո, տարբեր բաներ են, երբ Արցախում է սահմանը լարված, բոլորովին այլ է, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններին են հասնում: Սրանք այլ ուղղություններ են եւ պետք է այս հարցը բարձրացնել ՀԱՊԿ-ի առաջ: Համենայնդեպս, եթե ես լինեի նախագահի փոխարեն, ապա այդպես կվարվեի: Եթե որեւէ պետություն փորձի ՆԱՏՕ-ի անդամ երկրին հարվածել, այն` ԱՄՆ-ի գլխավորությամբ կավերի այդ պետությունը: Հիմա ժամանակն է, որ ՀԱՊԿ-ն էլ ցույց տա իր ատամները:
– Իսկ ըստ Ձեզ` բացի Ռուսաստանից, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները` Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, կգնա՞ն Ադրբեջանի համար ոչ ցանկալի որոշման ընդունման:
– Դա շատ դժվար է ասել, բայց պայմանագիրը մնում է պայմանագիր: Նրանք պարտավոր են անել այդ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է այդ պահին նախագահող երկիրը: Եթե Ռուսաստանն է, ապա պետք է բարձրացնի հարց, որպեսզի հրատապ որոշում կայացվի ՀԱՊԿ անդամ պետության անվտանգության համար` ի դեմս Հայաստանի:
«ՉՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ ՔՐԴԵՐՆ ԱՅՆ ՔԻԼԼԵՐՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՔ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԷԻՆ ՀԱՅԵՐԻՆ»
–Հետաքրքիր է Ձեր տեսակետը Թուրքիայում տիրող իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես այն մասին, որ քրդական ապստամբությունը քաոսի է վերածել այն:
– Գիտեք, Թուրքիան շատ հզոր եւ ուժեղ պետություն է: Նրանք մեծ զինված ուժեր ունեն եւ երբեք թույլ չեն տա, որ ինչ-որ մի խմբավորում` այլ կրոնական կամ ազգային պատկանելությամբ, վտանգի իրենց երկրի ամբողջականությունը: Թուրքիան ազգայնամոլ պետություն է, ընդ որում` ագրեսոր եւ ցեղասպան, դրա համար քրդերն ինչ էլ անեն, միեւնույնն է, կոչնչացվեն. արդեն քանի տարի է քրդերը պահանջում են ինքնիշխանություն: Ի դեպ, չմոռանանք, որ քրդերն այն քիլլերներն են, որոնք ոչնչացնում էին հայերին, թալանում էին` նույն Թուրքիայի հրամանով եւ գերմանացի սպաների թելադրանքով: Իսկ հիմա այդ քիլլերներին թուրքերն են ոչնչացնում: Իհարկե, ցավալի է, որ քուրդ ժողովուրդը տառապում է, բայց իրավիճակն այդպիսին է: Ամեն դեպքում, քրդերին կհաջողվի հասնել ինքնիշխանության, թե` ոչ, դժվար է ասել: Այդպես եղավ նաեւ Արցախի հարցում, որը չցանկացավ ապրել Ադրբեջանի հետ, քանի որ վերջիններս իրենց շովինիստական եւ ազգայնամոլական գործողություններով փորձում էին ճնշել հայ ժողովրդին: Նույնը եղավ նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցում: Միգուցե, այսօր Թուրքիան ժողովրդավարության է ձգտում, բայց այն ինչպես եղել է ցեղասպան, այնպես էլ մնացել է: Այժմ Թուրքիան ցանկանում է ոչնչացնել Սիրիան, ինչպես նաեւ հարակից տարածքները, որտեղ քրիստոնյաներ են ապրում եւ, միեւնույն ժամանակ, սանձել քրդերին:
«ԻՆՉ-ՈՐ «ՔՆԱԾ ՌԱՊՍՈԴԻԱ» Է ՏԻՐՈՒՄ»
–Վերադառնալով Արցախյան հիմնախնդրին` ինչպիսի՞ վերջաբան եք տեսնում, ու որո՞նք պետք է լինեն այս ուղղությամբ տարվող անհրաժեշտ քայլերը:
– Այս պահին պետք է մեր Արտաքին գործերի նախարարությունը տանի շատ ուժեղ դիվանագիտական աշխատանք, ոչ թե տարբեր ուղղություններով, այլ, շեշտում եմ` դիվանագիտական` կատարելով առաջադրանքները, որոնք դրված են ժողովրդի կողմից: Խնդիրն այն է, որ 1921 թվականի հուլիսի 5-ին Խորհրդային Ռուսաստանը Թուրքիայի Հանրապետության հետ պայմանավորվածության համաձայն` խլել են Հայաստանի առաջին հանրապետությունից Արցախը եւ տվել Ադրբեջանին, բայց հիմա Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս` իրավահաջորդ Խորհրդային Ռուսաստանի եւ պահանջում Խրուշչովի կողմից անօրեն կերպով Ուկրաինային փոխանցված Ղրիմը հետ վերադարձնել: Նույնպես եւ Հայաստանը պետք է վարվի` հարց բարձրացնելով, որպեսզի հուլիսի 5-ի անօրեն որոշումը` Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին, չեղյալ հայտարարվի: Եվ նույն կերպ էլ Նախիջեւանի հարցում պետք է լինի: Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդն է Խորհրդային Հայաստանի, հետեւաբար, պետք է այդ հարցը կոշտ դնել: Այդ ժամանակ էլ պատերազմը կավարտվի, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Թող վերադարձնեն մեր Արցախը, մեր Նախիջեւանը եւ Հայաստանն այլեւս որեւէ պահանջ չի ունենա Ադրբեջանից: Սակայն, ցավոք, մերոնք չեն բարձրացնում այս հարցերը, ու ինչ-որ «քնած ռապսոդիա» է տիրում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk