ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ ԴԵՄ ՉԷ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԱՆԴԱՄԸ ԴԵՄ ՉԷ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ
ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանն այսօր խորհրդարանում հարց հնչեցրեց այլընտրանքային զինծառայության մասին: Պատգամավորը հիշեցրեց, որ բազմաթիվ աղանդներ կրոնի ու խղճի ազատության հասկացությունների ներքո են գործում, իսկ մենք սրան զուգահեռ սահմանում ենք այլընտրանքային զինվորական ծառայությունը: Արդյոք այս դրույթի ամրագրումը մեզ համար մարտահրավեր չէ:
Վարդան Պողոսյանը հիշեցրեց, որ գործող օրենքով ամրագրված է այլընտրանքային զինվորական ծառայությունը: Բացի այդ`այլընտրանքային զինվորական ծառայությունը համապատասխանում է մարդու իրավունքների կոնվենցիային, որին միացել է նաեւ Հայաստանը: Հետեւաբար, այդ կոնվենցիայի պահանջները պարտավոր ենք կատարել: «Ինչու նման իրավունք չպետք է ամրագրել նաեւ սահմանադրության մակարդակով»,- ասաց Վարդան Պողոսյանը այսօր ԱԺ ամբիոնից:
Ինչ վերաբերում է քայքայիչ աղանդներին, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի պարզաբանմամբ օրենսդիրն անզոր չէ այդ հարցը լուծել: Եթե նման երեւույթներ կան, որոնք խաթարում են հանրային շահերը, որոնք վնասակար ներգործություն են ունենում մարդկանց առողջության ու բարոյականության վրա, ապա ո՛չ սահմանադրությունը ո՛չ կոնվենցիան չի զրկում պետությանը կիրառել համապատասխան միջոցներ: «Իսկ այլընտրանքային զինծառայության իրավունքը համընդհանուր արդարացված իրավունք է, հետեւաբար արդարացված է դրա ամրագրումը»:
ՀՀԿ պատգամավորի այն մտահոգությանը, թե մեր քաղաքացիները կդառնան աղանդավոր այլընտրանքային զինծառայությունից օգտվելու բանակ չգնալու համար, Վարդան Պողոսյանը ասաց, որ պետությունը զրկված չէ միջոցներից պարզելու, թե տվյալ անձը զինծառայությունից խուսափել է կրոնական համոզմունքներից ելնելով, թե դա պատրվակ է խուսափել զինծառայությունից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk