Զարմացած
Արխիվ 12-16
Սկսենք թեեւ զարմանալի, բայց պոզիտիվ լուրից: Եվ այդ լուրը, ինչքան էլ զարմանալի լինի, հանրությանը մատուցել է ԱԺ-ում դեմ քվեարկելու ռեկորդակիր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ. «Հայաստանի Զինված ուժերի Արմավիրի N զորամասի մի ժամկետային զինծառայողից (անունը չեմ հրապարակում) նամակ եմ ստացել: Նա ինձ խնդրում է հրամանատարությանը միջնորդել, որպեսզի վերջիններս բավարարեն Ղարաբաղի պոստեր տեղափոխվելու եւ ծառայությունը մարտական պայմաններում շարունակելու իր դիմումները: Զինվորին պատասխանել եմ, որ իր հրամանատարությունը ավելի ճիշտ կարող է գնահատել, թե իր ծառայությունը տվյալ ժամանակաշրջանում ո՞ր կոնկրետ տեղամասում է առավել նպատակահարմար: Բայց այս մասին գրում եմ, որովհետեւ կարծում եմ` հանրությունը պետք է իմանա Հայոց բանակում այսպիսի զինվորների գոյության մասին: Համոզված եմ` այսպիսի տղաները բազմաթիվ են եւ հենց նրանք են Հայաստանի անվտանգության անկյունաքարը: Բարի ծառայություն ձեզ, տղաներ»:
Սակայն, ի տարբերություն իր գործընկերոջ, ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ մշտապես մեզ զարմացնում է իր ընդունակությամբ` նույն փչացած ձայնապնակը մատուցելու հանրությանը: Որպեսզի ընթերցողին չզայրացնենք կրկնությունով, չենք մեջբերի նրա մշտական պնդումը «ահավոր դավադրության» մասին, որով իբր «ավազակապետությունը» պետք է ինքն իրեն վերարտադրի: Ընդամենը կներկայացնենք մի զարմանալի «համեմունք» նույն թեմայով, որ Զուրաբյանի կողմից հույժ ոգեւորված եւ դեմքի երջանիկ արտահայտությամբ հնչեցվել է «Ոչ»-ի համաժողովին. «Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ այստեղ մեզ բերել է տագնապը երկրի ճակատագրի համար: Որովհետեւ բավական չէ, որ ընտրությունների կեղծումով, բռնությամբ, խախտելով այն Սահմանադրությունը, որը հիմա ցանկանում է իբր «բարեփոխել», յուրացրել է իշխանությունը, այսօր ցանկանում է այդ յուրացումն ամապնդել սահմանադրորեն` ժողովրդի գլխին փաթաթելով այս նախագիծը»:
Իսկ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ սահմանադրական փոփոխությունների դեմ լինելը հիմնավորեց հետեւյալ զարմանալի բանով. «Եթե մենք ազնիվ լինենք ինքներս մեր առաջ, պետք է ասենք, որ Հայաստանում երկու, երեք քաղաքական ուժից զատ, այլ հստակ գաղափարախոսություն ունեցող ուժեր չկան: Ավելին` կուսակցությունից կուսակցություն ցատկելը, խմբակցություններից «թռնելը», իշխանությունից ընդդիմություն, ընդդիմությունից` իշխանություն, հայկական հին ավանդույթ է դարձել: Ու այս պայմաններում մենք գնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի»: Ինչպես կասեր ժողովուրդը` ի՞նչ կապ ունեն այստեղ Ալեքսանի բեղերը: Եթե կուսակցությունների ու քաղաքական գործիչների ահագին մասը իրենց պահում են, կներեք` քաղաքական պոռնիկների պես, ապա մի՞թե դրանից կարող է բխել, որ կառավարման խորհրդարանական մոդելը վատն է:
Իսկ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ տեղի է ունենում այնպիսի անբարոյական գործընթաց, որ դրա համեմատությամբ պոռնկությունը զարմանալիորեն գրեթե առաքինություն կթվա: Տխրահռչակ «Շառլի Էբդո» պարբերականը ցինիկ ծաղրի առարկա է դարձրել ծովում խեղդված երեք տարեկան սիրիացի երեխայի հանրահռչակ նկարը: Նա կողք կողքի տեղադրել է երեխայի դիակի նկարը եւ Մագդոնալդսի ցուցանակ` մակագրելով «Շատ քիչ էր մնացել նպատակին հասնելու», իսկ Մագդոնալդսի ցուցանակին էլ գրված է «Երկու մանկական բաժին` մեկի գնով»: Անշուշտ, այստեղ ամենից մեղավորը ստվերում մնացած տիկնիկավարներն են: Սկզբում ԶԼՄ-ների միջոցով այդ երեխայի նկարից սարքում են ազդեցիկ քարոզչություն` հարյուրհազարավոր փախստականներ ընդունելը նախապատրաստելու համար` «մոռանալով» ծովը հատելու ժամանակ մահացած հազարավոր երեխաներին, հետո նույն Եվրոպայում հայտնվում են մաքսանենգ զենքի կոնտեյներներ, հիմա էլ այդ զազրելի պարբերականի միջոցով անասելի ցինիզմով տրորում են փախստականների ալիքի խորհրդանիշ դարձած փոքրիկի նկարը... Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի պայթյուն է լինելու նույն Եվրոպայում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk