ԵՎ ՆՈՐԻՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է «ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ» ԳԱՂԱՓԱՐԸ
Արխիվ 12-16ԵՎ ՆՈՐԻՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է «ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ» ԳԱՂԱՓԱՐԸ
Բրիտանական հեղինակավոր Daily Mail-ը բավականին ուշագրավ տեղեկատվություն է ներկայացնում՝ կապված Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից վերջին ժամանակներս Գերմանիա հասած փախստականների հետ: Ըստ այդ տեղեկատվության՝ մի քանի հազար փախստականի ժամանակավորապես կտեղակայեն նացիստական երբեմնի տխրահռչակ ճամբարներից մեկում՝ Բուխենվալդում, որը Երկրորդ աշխարհամարտից հետո վերածվել է հուշահամալիրի:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋ ԲԵՐԵՑԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ԹԵՄԱՆ
Հասկանալի է՝ փախստականներն այնտեղ ամենեւին էլ նախկին ռազմագերիների կարգավիճակով չեն գտնվելու: Բայց դա քիչ բան է փոխում. Բուխենվալդն այն վայրն է, որտեղ նույնիսկ կամավորության սկզբունքով ու ժամանակավորապես մարդկանց, այն էլ՝ պատերազմից փախածներին բնակեցնելը մեծ աղմուկ էր խոստանում: Եվ սկանդալն արդեն իսկ սկսել է ծավալվել, թեեւ ներկայումս ընդամենը մեկ-երկու տասնյակ փախստականների են հասցրել այնտեղ տեղեկայել:
Թե ինչու այդ աղմուկի սպասելիքներով հանդերձ՝ Գերմանիայի կարգի երկիրը հանկարծ որոշեց փախստականներին Բուխենվալդ ուղարկել, թերեւս պետք է ընկալել միանգամից ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը հասցեագրված Գերմանիայի մեսիջը. ինչ անեմ, իմ հնարավորությունն էլ դա է: Եվ նման սպառնալիքը կարելի է հասկանալ...
Համաշխարհային լրատվամիջոցները վերջին օրերին ակտիվորեն խոսում են, որ Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա փախստականների հոսքերը գնալով միայն ավելանում են: Ավելին, որ հոսքերն առաջիկայում կաճեն երկրաչափական պրոգրեսիայով, եթե Միացյալ Նահանգները շարունակի այդ հսկայածավալ տարածաշրջանները մարտադաշտի վերածելու պրակտիկան: Կան նաեւ կանխատեսումներ, թե Հին աշխարհամասին դա ինչ կրոնադեմոգրաֆիկ աղետ է խոստանում, եթե ներկայիս հարյուրհազարավոր փախստականների փոխարեն միլիոնավոր եւ տասնյակ միլիոնավոր մուսուլմաններ փորձեն ամեն կերպ ներխուժել Եվրոպա: Սակայն փախստականների այս պահին էլ տեմպ հավաքող հոսքը մի շարք հեղինակավոր մասնագետների գնահատմամբ՝ շատ ավելի կարճաժամկետ հատվածում եւս ծանր էֆեկտներ է խոստանում:
Ամենաէականը ներկայիս ներեվրոպական քաղաքական ճգնաժամի արագացված խորացման մասին կանխատեսումներն են: Առավել եւս, որ եվրոպական առանցքային երկրներից մեկը՝ Բրիտանիան, բացահայտորեն է խոսում Միության կազմից դուրս գալու մասին:
Մյուս առաջատարը՝ Գերմանիան, դեռ փորձում է իրավիճակը քիչ թե շատ կայուն պահել՝ խոստանալով փախստականների հիմնական զանգվածն իր վրա վերցնել: Սակայն մնացած փոքր զանգվածից անգամ ԵՄ մյուս երկրները բացահայտորեն են հրաժարվում: Ընդ որում՝ հենց Գերմանիան էր, որ ժամանակին զերծ մնաց Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի եւ նրա կցորդ Բրիտանիայի կազմակերպած ու այս հոսքերի պատճառ դարձած «դեմոկրատական» պատերազմներից: Եվ ահա Բեռլինին հասցեագրված ծաղրի է նմանվում, որ Վաշինգտոնը խոստանում է մեկ-երկու տասնյակ հազար փախստականի ընդունել, Լոնդոնը «մեծահոգաբար»՝ մոտ 50 հազարի, իսկ Բեռլինին պետք է բաժին մնա դրանից առնվազն 10-20 անգամ մեծ թվով փախստական. փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի գնահատմամբ՝ մինչեւ տարեվերջ կունենան մոտ մեկ միլիոն փախստական: Ու դրանից հետո ի՞նչ տեղի կունենա, եթե ԱՄՆ-ը, ինչպես հուշում են ներկայիս գործընթացները, շարունակի ակտիվացնել Մերձավոր Արեւելքի պատերազմական քաոսը: Դրան էլ հավելելով ոչ պակաս մեկ այլ ծանր հակամարտություն՝ ուկրաինականն ու այդ համատեքստում Ռուսաստանի հետ տնտեսական բախումները, ապա վստահաբար կարելի է ասել, որ կանցլեր Մերկելն ինչքան էլ փորձեց այս սպասվող իրավիճակից խուսափել` նախագահ Օբամայի առաջ «պարելով», Գերմանիայի քաղաքական վերնախավը արդեն բացահայտ սարսափով է նայում ապագային:
Այս իրավիճակում Բուխենվալդը հիշեցնելը՝ իր տրամաբանությունն է ստանում: Դրա հաջորդ քայլը Գերմանիայի սահմաններին հսկողություն սահմանելն էր, որին չհապաղեցին դիմել եվրոպական որոշ այլ երկրներ եւս: Միայն թե դա էլ արդյունավետ չէ. փախստականները ԵՄ հարավային սահմաններին են հասնում միանգամայն անօրինական ճանապարհներով, եւ ԵՄ ներսում նրանց տեղաշարժի սահմանափակման արդյունքում՝ հարյուրհազարավոր փախստականներ կմնան Հունաստանում, Իտալիայում եւ Իսպանիայում: Իսկ գլոբալ ճգնաժամը, որ շատ կարճ ժամանակահատվածում առաջ կգա այդ երկրներում, ԵՄ-ը փլուզելու ամենակարճ ճանապարհն է:
ՀԱՊԿ-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇԵՄԻՆ
Այն, որ Վաշինգտոնի կողմից իր գլխին փախստականների այդ անլուծելի դարձող խնդիրը սարքելուց եւ ծայրահեղ պահին միայնակ թողնելուց հետո Բեռլինը կարող էր իրեն իրավունք վերապահել՝ շեղվել ամերիկյան «պաշտոնական կուրսից», սպասելի էր, եւ դրա նշանները վերջին օրերին տեսանելի են: Նախ՝ մի գլուխ Կիեւն է Բեռլինից նախազգուշացնող մեսիջներ ստանում, որ չփորձի սրել իրավիճակը Դոնբասում: Եվ ամենաուշագրավը. գերմանական առաջատար լրատվամիջոցները մատնանշում են, որ ինչպես պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, այնպես էլ՝ կանցլերն անչափ կարեւորում են Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» դեմ պատերազմում Ռուսաստանի մասնակցությունը: Մերկելը դա բացատրում է այսպես. «Հակառակ դեպքում խնդիրը լուծել հնարավոր չէ»:
Կանցլերին կարելի է հասկանալ. քանի դեռ Մերձավոր Արեւելքում պատերազմը խորանում է, Եվրոպայի համար մահացու վտանգավոր դարձող փախստականների խնդրից ելք չկա: Սակայն փաստն այն է, որ սիրիական պատերազմում Մոսկվայի դերի նկատելի աճը ծանր մտավախություններ է առաջ բերել Վաշինգտոնում: Եվ վերջին դրվագները. ՌԴ-ն շարունակում է որպես հումանիտար օգնություն ակտիվորեն «Ռուսլան» ինքնաթիռներ ուղարկել Սիրիա՝ Լաթակիայի շրջան, եւ այս օրերին հայտարարեց Իրանի հետ միասին հենց այդ գոտում սիրիացի փախստականների համար ճամբարներ ստեղծելու մասին: Այդ ճամբարները, հասկանալի է, պետք է պաշտպանվեն, իսկ դա ՌԴ-ի եւ Իրանի համար ծանրակշիռ ռազմական ներկայության փայլուն առիթ է: Գումարած դրան՝ նախօրեին իսրայելյան աղբյուրներն սկսեցին խոսել, որ սիրիական ջրեր է ժամանելու ռուսական «Դմիտրի Դոնսկոյ» ատոմային սուզանավը: Այն համարվում է աշխարհում ամենամեծը եւ ոչ միայն չափերի առումով, այլեւ, որ կրում է առնվազն 20 գերժամանակակից՝ «Բուլավա» միջմայրցամաքային բալեստիկ հրթիռներ՝ յուրաքանչյուրը 6-10 մարտագլխիկներով: Այսինքն՝ խոսքը մի սուզանավի մասին է, որի մեկ համազարկը կարող է ոչնչացնել Միացյալ Նահանգները: Իհարկե՝ ԱՄՆ-ն էլ պակաս պատկառազդու հնարավորություններ չունի: Սակայն մի շարք ռազմական փորձագետներ արդեն իսկ ենթադրություններ են հայտնում, որ եթե ռուսական սուզանավն իրոք հասնի Սիրիայի ափամերձ ջրեր, ապա նրա միայն ներկայությունը կարող է հիմքից շրջել Մերձավոր Արեւելքի ռազմաքաղաքական հաշվեկշիռը: Հաշվի առնելով նաեւ ռուս-իրանական «հումանիտար» ծրագրերն ու դրանց մեկնարկից ի վեր սիրիական բանակի ակնհայտ հաջողությունները:
Եվ ահա Գերմանիան էլ, փոխանակ Վաշինգտոնի օրինակով դատապարտի կամ գոնե՝ կասկածի Սիրիայում ռուսների գործունեությանը, դեռ մի բան էլ դա համարում է «Իսլամական պետության» ջարդարարներին հաղթելու միակ երաշխիքը: Թե Վաշինգտոնի նկատմամբ նման անթաքույց կապրիզային իր այդ նոր մոտեցումներում եւ Մեծ Եվրոպայի պահպանման հարցում մինչեւ ուր կկարողանա հասնել Գերմանիան, միայն ժամանակը ցույց կտա: Բայց հաստատ է, որ ռուսներին Սիրիա «հրավիրելով»՝ Բեռլինը սկսում է այնպիսի «վատ օրինակ» ծառայել եվրոպական մյուս պետությունների համար, որ մինչեւ իսկ առաջատար ամերիկյան լրատվամիջոցներն են սկսել խոսել Հին աշխարհամասում ԱՄՆ-ի հեղինակոթյան եւ ազդեցության հնարավոր կատաստրոֆիկ անկման մասին, Վաշինգտոնը պետք է, որ դիմի ծայրահեղ քայլերի: Եվ առաջին հերթին հենց Սիրիայում, հաշվի առնելով, որ փախստականների հոսքի հետագա աճն արդեն իր համար է վտանգավոր դարձել, իսկ ուշացնելու դեպքում կարող է ի վերջո Սիրիան վերջնականապես թողնել ռուսների քաղաքական վերահսկողության դաշտում: Եվ այն փաստը, որ օրերս ամերիկյան զինուժը սխալվելու պատրվակով ուղղակի օդային հարվածներ հասցրեց սիրիական բանակի դիրքերին, փորձագետներն ավելի շատ գնահատեցին որպես ռազմական միջամտության նախազգուշացում:
Մի խոսքով՝ Սիրիայում կարծես թե ինչ-որ արտառոց իրավիճակ է սկսում հասունանալ, որը, թերեւս, ինչ-ինչ խորքային թելերով կկպչի մեր հարեւան Թուրքիայում շարունակվող ծայրահեղ բարդ վիճակին: Իսկ թե նման միանգամայն ռեալ հնարավորություններ ունեցող զարգացումները Հայաստանին, ավելի կոնկրետ՝ Ղարաբաղին հասնելու ինչ հնարավորություններ ունեն, թերեւս հնարավոր կլինի հասկանալ այսօր Դուշանբեում մեկնարկող ՀԱՊԿ համաժողովի արդյունքներից, որտեղ, հիշեցնենք, դիտարկվելու է նաեւ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հարցը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk