ԱՍՔ «ՈՉ»-ԵՐԻ ԵՎ ՊՈՉԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԱՍՔ «ՈՉ»-ԵՐԻ ԵՎ ՊՈՉԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջապես Սբխեչի նախօրեին «Ոչ»-ի ճակատը անցկացրեց իր համաժողովը` հաղթահարելով յուրաքանչյուր միավորի առաջնորդի ամբիցիաները: Դե, եթե չանցկացնեին, ապա Սորոս քեռին կարող էր հանկարծ բարկանալ` դրանից բխող բոլոր ոչ հաճելի հետեւանքներով հանդերձ: Ու թեեւ ստորագրող կուսակցությունների, ՀԿ-ների ցուցակը մի ամբողջ սավանի երկարություն ուներ, բայց կամա, թե ակամա այդ հավաքը դիտելիս մարդու մտքով անցնում է «Սբխեչի ուլ» բառակապակցությունը...
ԶՐՈՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԻՑ ԳՈՒՄԱՐԵԼԻՆ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
Համաժողովի մասնակիցներից, այնուամենայնիվ, կռահելի էր որոշակի ամբիցիաների առկայությունը: Այսպես, խորհրդարանում ներկայացուցիչ ունեցող կուսակցությունները` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, առաջին դեմքերով ներկայացված չէին, «Ազատություն» կուսակցության նախագահ լինելու մասին վերհիշած Հրանտ Բագրատյանն էլ ոչ միայն անձամբ չէր եկել, այլ ներկայացուցչի միջոցով տեղեկացրել էր համաժողովի հռչակագրի տեքստի հետ տարաձայնությունների առկայության մասին: Ի դեպ, ոչ խորհրդարանական կուսակցություններից էլ, ԱԻՄ-ը ներկայացված չէր Պարույր Հայրիկյանով:
Այսինքն` նշյալ կուսակցությունների առաջնորդները դրանով ցույց տվեցին, որ «Ոչ»-ի ճակատը իրենց համար թիվ մեկ կարեւորություն ներկայացնող հարց չէ:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «քաղաքացիական սեկտորին», ապա գրանտակեր ՀԿ-ների առատությունը կարծես թե հուշում է, որ ամերիկյան դեսպանատունը ավելի շուտ հույսերը կապում է ոչ թե քաղաքական դիակի կարգավիճակի հասած կուսակցությունների հետ, այլ հենց այդ ՀԿ-ների ակտիվիստների հետ: Այնպես որ, հարցական է, թե ինչքանով գործընթացի մեջ կերեւա, օրինակ, Լեւոն Ակոպիչը, առավել եւս, որ անդրօվկիանոսյան տիկնիկավարները, կարծես թե, առանձնապես ցանկություն էլ չունեն նրան առաջնորդական գործառույթով օժտելու: Իսկ «քաղաքացիական սեկտորի» հարվածային ուժը, անշուշտ, «Ոչ թալանին» նախաձեռնությունն է, որն, ըստ էության, դրանով իսկ արդեն ամբողջովին հատեց քաղաքականացման կարմիր գիծը:
Չնայած` մեկ ոտքը, այնուամենայնիվ, կարմիր գծից այն կողմ էր, քանզի շարժման ներկայացուցիչները չէին եկել` պարզաբանելով, որ ոստիկանությունից դուրս գալուց հետո հոգնած-ծեծված վիճակում են, եւ նրանց փոխարեն իրենց միանալու մասին հայտարարեց համաժողովի նախագահողը:
Իսկ թե արդյո՞ք իրոք ծեծ էին կերել` համենայնդեպս, սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվա` Բաղրամյան պողոտան ազատելու ոստիկանական գործողության տեսանյութերում որեւէ մեկին ծեծելու դրվագներ հաստատ չէին երեւում: Փոխարենը` բավականին օրիգինալ էր ոստիկանության գործելակերպը` ոստիկաններն իրար կպած, պարելով մխրճվեցին ցուցարարների շարքերը եւ նրանց մի մասին շալակած տարան դեպի ոստիկանական մեքենաներ: Թե ինչու են ոստիկաններն այդ գործելակերպն ընտրել` կարելի է միայն ենթադրել: Թերեւս, դա ուղղակի ցուցադրություն էր, թե ոստիկանության համար որեւէ ցույց ցրելը խաղուպար է: Այդ ազդանշանն ուղարկված է ակտիվ փողոցային գործողությունների ծրագրեր ունեցող գործնականում բոլոր ակտիվիստներին:
Դատելով Սահմանադրության կողմնակից ուժերի արձագանքից` բոլորը միակարծիք են, որ դժվար թե «Ոչ»-ի ճակատը որեւէ էական հաջողության հասնի:
ԴԵՄ ԵՂՈՂ ԾՊՏՅԱԼ «ՊՈՉԵՐԸ»
Բավականին հետաքրքիր միտք է արտահայտել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` որ օբյեկտիվորեն Սահմանադրությանը դեմ կարող են լինել եւ որոշ իշխանական դեմքեր: Նրանք, ովքեր սահմանադրական փոփոխության հետեւանքով ինչ-որ բան կկորցնեն` պաշտոնի, դիրքի, ազդեցության տեսանկյունից: Առաջին հայացքից, թերեւս, դժգոհության թիվ մեկ թեկնածուները օլիգարխներն են, քանզի մաքուր համամասնական ընտրակարգի պայմաններում նրանցից շատ քչերը պատգամավորական մանդատ կստանան: Բայց միաժամանակ բացահայտ դեմ քայլեր անել նրանք չեն կարող, քանզի այդպիսի վարքագիծը խաղի չգրված կանոններով միանգամայն պատժելի է, եւ յուրաքանչյուրի մոտ տարբեր ստուգող մարմինները ինչ ասես կարող են հայտնաբերել: Բայց, այնուամենայնիվ, բացառված չէ, որ նրանց մի մասը գնա ռիսկի եւ թաքուն մասնակցի «Ոչ»-ի շարժման ֆինանսավորմանը, առավել եւս, որ պետական բյուրոկրատիայում եւ օլիգարխիկ շրջանակներում կան այնպիսիք, ովքեր կապակցված են Ռոբերտ Քոչարյանի հետ:
ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ «ՓՉԱՑՆՈՒՄ» ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Հետաքրքրական է, որ «Ոչ»-ի համաժողովին մասնակից չէր «զտարյուն» քոչարյանական Գառնիկ Իսագուլյանն իր այն կուսակցությունով, որի երկրորդ անդամի երեսը նույնիսկ լրագրության «դինոզավրերը» չեն տեսել: Ոչ պակաս հետաքրքրական է եւ քոչարյանական քարոզչամեքենայի վարքագիծը:
Սերժ Սարգսյանին ահավոր դավադրություններ վերագրելուց եւ կյանքի բոլոր ոլորտները սեւաբանելուց բացի, երկրորդ նախագահի քարոզչամեքենան հանկարծ կոպիտ հարձակում գործեց ընդդիմության նկատմամբ: Որպես ծանր հրետանի` այդ հարձակման գործում ծառայեցվեց հայտնի աղանդապաշտպան Ստեփան Դանիելյանը, ով քաղաքական կյանքը պատկերեց` գողական կյանքի հետ զուգահեռներ անցկացնելով: Դանիելյանի ընդարձակ նյութում իշխանությունը ներկայացված է որպես բանտի ադմինիստրացիա, ընդդիմությունը` որպես այդ ադմինիստրացիային ծախված «գողականներ», իսկ քաղաքականացված զանգվածներին` որպես «հարիֆներ» կամ «ֆրաերներ»: Ուստի ավելորդ չենք համարում բավականին ընդարձակ մեջբերումներ անել այդ հռչակավոր գրանտակերի նյութից. «Բացի քաղաքական գործիչներից` կան ֆրաերներ` հարիֆներ, որոնք այդ կյանքով չեն ապրում եւ ծանոթ չեն այդ կյանքի նրբերանգներին: Ֆրաերները պետք են միտինգներին, երթերին մասնակցելու համար եւ դրանով սպասարկում են քաղաքական կյանքով ապրող անձանց շահերը: Քաղաքական կյանքով ապրող անձինք ունեն իրենց աստիճանակարգերը` իշխանություն եւ ընդդիմություն: Երկու կարգերի համար էլ դա մասնագիտական գործունեության տեսակ է:
Ընդդիմադիրի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է, որ ֆրաերները իրենց ընդունեն որպես այդպիսին, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ: Դրա համար պետք է պարբերաբար խիպիշներ` սկանդալներ սարքել, որի ժամանակ իշխանությունից դուրս գտնվողները ֆրաերների շրջանում վերահաստատում են իրենց ընդդիմադիրի կարգավիճակը եւ մտնում հարաբերությունների մեջ Իշխանության` Ադմինիստրացիայի հետ»: Ստեփան Դանիելյանն ընդդիմությանը ներկայացնում է իշխանությանն ամբողջովին ծախված լինելու կերպարանքով. «Խնդիրը հետեւյալն է` Ֆրաերները չպետք է դուրս գան վերահսկողությունից եւ պետք է միշտ համախմբվեն Ըննդիմության շուրջը եւ դրանով դառնան վերահսկելի Ադմինիստրացիայի համար: Բնականաբար, Ընդդիմադիրները նույնպես ունեն իրենց դիվիդենտները` լավ կեր, լավ կամեռա, տեղեր խորհրդարանում եւ այլն: Սակայն Ադմինիստրացիան լավ է հասկանում, որ Ըննդիմադիրներին նույնպես պետք է միշտ վերահսկել եւ ունեցածից ավելիի չպետք է հավակնեն, եւ դրա համար վերահսկողությունից դուրս եկածներին կարգազրկում են, եւ իջեցվում ֆրաերի կարգավիճակին, իսկ օրինակելի պահվածք, սակայն ֆրաերների մոտ արդեն «ծակված» անձանց ապահովում են սոցիալական նպաստներով` անգամ պատգամավորի մանդատ են նվիրում»:
Հարց է ծագում, թե ինչո՞ւ է նույն Քոչարյանին անհրաժեշտ մինչեւ վերջ փչացնել ընդդիմությանը: Երեւի թե, այստեղ կա հետեւյալ պահը` եթե նա, այնուամենայնիվ, որոշի մասնակցել 2017-ի պատգամավորական մանդատների համար մղվող պայքարին, ապա նրան պետք չեն կողքից կախված ամբիցիոզ, ընչաքաղց, բայց միաժամանակ քաղաքական դիակի վարկանիշ ունեցող ներկայիս ընդդիմադիրները: Ընդդիմադիրներին փչացնող քարոզչական տեքստերը նաեւ յուրահատուկ ուղերձ են բողոքավոր զանգվածներին կամ Ս. Դանիելյանի ասած` «հարիֆներին»` համախմբվեք ոչ թե ձեզ օգտագործող ընդդիմադիրների, այլ «քաղաքական կյանքին չմասնակցած» քաղաքացիական նախաձեռնությունների շուրջ:
Այսինքն` ներկայիս ընդդիմությունը` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, էլ չասած ավելի մանր միավորների մասին, Ռոբերտ Քոչարյանի համար պարզապես բալաստ են: Իսկ բալաստ նրան պետք չէ ցանկացած սցենարի դեպքում` լինի դա պայքար պատգամավորական մանդատների համար, թե` ներկայիս իշխանության հետ ստվերային սակարկությունների մեջ մտնելու մտադրության տեսակետից: Այ, որպես «Սբխեչի ուլ», այսինքն զոհաբերության ենթակա քավության նոխազ, նույն քաղաքական դիակները ամբողջովին պիտանի են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk