«Արգամ Ուստյանն այն մարդկանց շարքին չի դասվում, երբ լիզում են իրենց թքածը»
Արխիվ 12-16«ԱՐԳԱՄ ՈՒՍՏՅԱՆՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՐՔԻՆ ՉԻ ԴԱՍՎՈՒՄ, ԵՐԲ ԼԻԶՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԹՔԱԾԸ»
Հայտնի բլոգեր ԱՐԳԱՄ ՈՒՍՏՅԱՆԸ զորացրվելով Հայոց բանակից` կրկին վերսկսում է շոուբիզնեսյան ակտիվ գործունեությունը: Մշակութային նյութեր, ֆոտոշարքեր, սկանդալներ, պրեմիերաներ… այո՛, Արգամբլոգը վերադառնում է: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց Ա. Ուստյանի հետ` բացահայտելով առաջիկա միջոցառման մանրամասներն ու նախկին զինվորի տպավորությունները ծառայությունից եւ ծրագրերը արդեն քաղաքացիական կյանքում:
«ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՄ ԲԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՅԴ ՕՐՎԱ ՇՈՈՒՆ»
- Արգամ, որքանով տեղյակ ենք, սեպտեմբերի 18-ին շքեղ շոու ծրագրով կմեկնարկվի Արգամբլոգի վերադարձը: Ի՞նչ է սպասվում երեկոյի ընթացքում:
- Այո, սեպտեմբերի 18-ին Կամինո ակումբում տեղի կունենա «Արգամբլոգը վերադառնում է» շոու ծրագիրը, այդ օրը կնշենք նաեւ մեր բլոգի 5-ամյակը: Եվ չխախտելով բարի ավանդույթը` տեղի կունենա մրցանակաբաշխություն ու հայկական մշակույթի ամենասիրված արտիստներին կշնորհենք մրցանականեր։ Ի դեպ, նշեմ, որ Արգամբլոգն առաջինն էր, որ 2011 թվականին կազմակերպեց մրցանակաբաշխություն` հենվելով օնլայն հարթակի քվեարկության վրա:
- Հետաքրքիր է, թե ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվել մրցանակակիրների ընտրության հարցում այս տարի:
- Մեզ մոտ միշտ ընտրում են կայքի այցելուները։ Որոշ անվանակարգեր դրվում են հենց բլոգում եւ այցելուն քվեարկում է լավագույնի օգտին: Իսկ ընդհանուր առմամբ` բացում ենք մեր կայքի վարկանիշային աղյուսակը եւ հասկանում, թե ում են շատ դիտում, ընթերցում եւ սպասում, այդ մարդիկ էլ տարեվերջին դառնում են մրցանակակիրներ:
- Կբացե՞ք փակագծերը մրցանակաբաշխության անվանակարգերի մասին…
- Կարծում եմ` սա կարելի է թողնել անակնկալ: Մի բան կնշեմ միայն` այս տարի ավելացել է «Արգամբլոգի ընկեր» մրցանակը:
- Իսկ ինչո՞վ կտարբերվի Արգամբլոգի ավանդական մրցանակաբաշխությունը նախորդներից:
- Գիտեք, ինձ թվում է` շատ տարբեր կլինի նախորդներից: Կազմակերպչական հարցերում նախկինում նկատվող թերությունները հաստատ չեն լինի, երկու տարի շարունակ պլանավորել եմ բանակում, թե ինչպիսին կարող է լինել այդ օրվա շոուն, սակայն, ցավոք սրտի, Հայաստանում մտքերս ամբողջությամբ ներկայացնելը, պարզապես, հնարավոր չէ:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՍ ԵՐԲԵՔ ԷԼ ՇՈՈՒԲԻԶՆԵՍ ՉԵՄ ՏԵՍԵԼ»
-Ի դեպ, այս ժամանակաշրջանում, երբ Դուք ծառայում էիք Հայոց բանակում: Բազմիցս տարբեր հոդվածներով շեշտվել է, որ շոու-բիզնեսը Հայաստանում, պարզապես, «մեռել է»: Համամի՞տ եք այս մտքի հետ եւ պատրա՞ստ է Արգամբլոգը վերակենդանացման բաժանմունքի դերը ստանձնել:
- Կա նման բան (ժպտում է Ա. Ուստյանը-հեղինակ): Չնայած թող ինձ ներեն իմ գործընկերները, բայց Հայաստանում ես երբեք էլ շոուբիզնես չեմ տեսել։ Մի տեղ, ուր ո՛չ շոու կա, ո՛չ բիզնես էլ ի՞նչ շոուբիզնես։ Կան մարդիկ ովքեր առավոտից երեկո մի քանի տեղ աշխատում են, որ կարողանան մի երկու տեսահոլովակ նկարահանեն կամ երգ ձայնագրեն։ Հարգում եմ այդ մարդկանց։ Շատերի նման չեն հիասթափվում: Արգամբլոգը մեծ թափով արդեն սկսել է իր աշխատանքը եւ կանի ամենը, որ հայկական երգարվեստը վերակենդանանա:
-Ժամանակին, ինչպես Դուք եք նշել Ձեր հարցազրույցներից մեկում, Արգամբլոգում գործում էր «սեւ ցուցակ», որոնց չէիք անդրադառնում Ձեր բլոգում, արդյո՞ք այն այսօր վերաթարմացվել է կամ ջնջվել:
- Արգամ Ուստյանն այն մարդկանց շարքին չի դասվում, երբ լիզում են իրենց թքածը։ Պարզապես, չեմ անդրադառնում, իմիջայլոց շատ քչերին եմ հիմա նրանցից ինչ-որ նոր աշխատանք անելիս տեսնում, իսկ նախկինում բավականին պոպուլյար էին։ Տրամաբանությունը թողնում եմ ձեզ` արտիստն առանց մամուլի ոչինչ է, երգիչներին մեր նյութերն են «ԱՍՏՂԵՐ» սարքում:
«ԱՅԴ ՔԱՅԼԻՆ ՉԵՄ ԳՆԱ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ»

-Այսօր, քան երբեւէ, ամեն ինչ խիստ քաղաքականացված է, հնարավո՞ր է, որ Ձեր բլոգում շոուբիզնեսյան նորությունների կողքին հայտնվեն նաեւ քաղաքական նյութեր, թեկուզ միայն սկանդալայինները:
- Ինձ թվում է` այդ քայլին չեմ գնա նույնիսկ մեծ գումարների դեպքում։ Ես շատ անտարբեր եմ այն ամենի նկատմամբ ինչ ասոցացվում է քաղաքականության հետ:
-Ռադիոոլորտում ինչ-որ մեգաբում պատրաստվո՞ւմ է անել Արգամ Ուստյանը:
- Ռադիոն… շատ եմ կարոտում, աշխատել եմ ռադիոընկերությունում, այնուհետ սեփական ռադիոն ստեղծեցի Արգամբլոգի հիման վրա: Հիմա, ցավոք, պիտի նշեմ, որ բազմաբնույթ աշխատանքները ժամանակի առումով թույլ չեն տալիս էլ ավելի զարգացնել ռադիոոլորտը, չնայած ցանկությունս շատ մեծ է:
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԾԱՌԱՅԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ»
-Ի վերջո, Արգամբլոգի երկու տարվա դադարը համարում եք կորցրա՞ծ ժամանակ, թե այն վերաիմաստավորելու հնարավորություն:
- Երբեք չեմ ափսոսում այդ երկու տարվա դադարի համար, քանի որ երկու տարի շարունակ ԼՂՀ-ում պաշտպանել եմ իմ հողը, ընտանիքն ու Հայաստանս։ Ես մեծ հպարտություն եմ ապրում` հիշելով ծառայությանս տարիները։ Հեշտ չէր, բնականաբար, սակայն իրական տղամարդիկ միշտ դիմակայում են: Ես դիմակայեցի…
- Չմոռանանք անդրադառնալ նաեւ բանակային տարիների ձեռքբերումներին…
- Շատ հպարտ եմ, որ ծառայել եմ Արցախում, մասնավորապես իմ ստորաբաժանումում: Երբ հրամանատարդ լինում է առաջնահերթ զինվորին ընկեր եւ հայրական վերաբերմունք ու աջակցություն է ցուցաբերում ցանկացած զինվորի նրանով միայն հպարտանալ է մնում: Ծառայության արդեն 4-րդ ամսում ինձ շնորհվեց մեր ստորաբաժանման սերժանտական խորհրդի նախագահի պաշտոնը: Ծառայության ընթացքում բազմաթիվ թանկաժեք նվերներով պարգեւատրվել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի, ինչպես նաեւ մի շարք բարձրաստիճան սպաների կողմից: Կրել են «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանն, ինչը թերեւս մեծ պատասխանատվություն էր ինձ համար: Առիթից օգտվելով` ցանկանում եմ եւս մեկ անգամ խորհին շնորհակալություն հայտնել Պարոն Հայրապետյանին եւ ամբողջ սպայական անձնակազմին հետաքրքիր զինվորական կյանք պարգեւելու եւ բազմաթիվ հարցերում ինձ աջակցելու համար. ՊԱՏԻՎ ԵՄ ՈՒՆԵՑԵԼ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԾԱՌԱՅԵԼՈՒ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

