ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ. «ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ»
Արխիվ 12-16ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ. «ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ»
Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացը կեղծ օրակարգ է համարում եւ կուսակցության օրակարգում այդ հարցը չի քննարկվում: «Իրավունք»-ը վերոնշյալ կուսակցության մամլո պատասխանատու Ալեն Սիմոնյանից պարզեց` հնարավո՞ր է կուսակցությունը միանա «Ոչ»-ի ճակատին: Նրա ոսքով`շատ քիչ հավանական է, որ միանան «Ոչ»-ի շարժմանը: «Եթե կոնկրետ առաջարկ լինի ու անելիքի տեսլական, միայն այդ դեպքում կուսակցությունը կմիանա «Ոչ»-ի շարժմանը»:
«Ոչ»-ի ճակատի նպատակն է թույլ չտալ անցկացնել սահմանադրական հանրավքե ու պահանջել իշխանափոխություն: Արդյոք սրանք կոնկրետ պահանջներ չեն եւ բավարար չեն շարժմանը միանալու համար: «Այս պահին կոնկրետություն չկա: Իշխանափոխություն բոլորն են պահանջում: Իսկ դա ինչպե՞ս պետք է լինի, ինչպե՞ս է դա արվելու, թե չէ ցանկություններ ու լոզունգներ միշտ էլ ասվում են: Կլինի կոնկրետ առաջարկ, օրինակ, կասեն, որ 1500 ընտրատեղամաս մենք ենք պահում, 200-ն էլ, «Քաղաքացիական պայմանագիր», կարո՞ղ եք դուք վերահսկել: Ի՞նչ է լինելու իշխանափոխությունից 24 ժամ առաջ ու 24 ժամ հետո: Որքանո՞վ է լեգիտիմ իշխանափոխություն անող ընդդիմությունը: Չէ՞ որ լեգիտիմությունը կարեւոր է ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության պարագայում»,-մանրամասնեց կուսակցության անդամը:
Ինչո՞ւ է «Քաղաքացիական պայմանագիրը» սպասում, որ «ոչ»-ի ճակատն առաջարկներով դիմի իրենց, ինչո՞ւ կուսակցությունը նախաձեռնող եւ առաջարկներ անող չէ: ««Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մեկին էլ չի սպասում, իր գործն է անում: Եթե մեզ համար դա կեղծ օրակարգ է, ինչո՞ւ պետք է մենք առաջարկներով դիմենք: Մեզ համար տարբերություն չկա խորհրդարանական, կիսանախագահական, թե նախագահական համակարգով գնանք ընտրությունների»,- պատասխանեց Ա. Սիմոնյանը:
Արդյոք կուսակցությունը մտավախություն չունի հայտնվելու լուսանցքում նման դիրքորոշման համար` չլինել ե՛ւ «Ոչ»-ի ճակատում, ե՛ւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին կողմ ուժերի շրջանակում: Լուսանցքում «Քաղաքացիական պայմանագիրը» չի հայտնվի` Ալեն Սիմոնյանի համոզմունքն է սա, որովհետեւ նման արտահայտություններ ասվում էր «եռյակի» մասին. «Ժամանակը կգա , մենք հանրությանը կներկայցնենք մեր ունեցածը: Հանրությունն էլ կտա իր գնահատականը»:
«Ընդդիմության լեգիտիմություն» արտահայտությունն արդյոք նշանակում է, որ սահմանադրական բարեփոխումների դեմ ձեւավորված շարժման առանցքային կուսակցությունները` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ընդդիմադիր լեգիտիմ ուժեր չեն: «Դա ձեր եզրակացությունն է: Ես մեր մասին ու մեր անելիքների մասին եմ խոսում: Ես չեմ ցանկանում ո՛չ ՀԱԿ-ին, ո՛չ «Ժառանգությանը» գնահատական տալ: Ո՛չ մեղադրում, ո'չ սատարում եմ նրանց: Նրանք լեգիտիմ են այնքանով, որքանով ձայն են հավաքել ու կարողացել դրանք պահել: Ես ասում եմ` իշխանափոխություն պետք է արվի մի ուժի կողմից, ով դրա իրավունքը ստացել է ժողովրդի կողմից»,-հիմնավորում է իր տեսակետը մեր զրուցակիցը:
Թե արդյոք «Ոչ»-ի ճակատն այս պահին ունեցած ռեսուրսով կարող է տապալել սահմանադրական բարեփոխումների գործընթացը. «Անկեղծ ասած, ծանոթ չեմ «Ոչ»-ի ճակատին: Մենք չենք էլ քննարկում սահմանադրական բարեփոխումները: Ես ձեզ լուրջ եմ ասում»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
