Ավարտվեց Մարալիկի համայնքի ղեկավարի ընտրությունները. հայտնի են նախնական արդյունքները
Արխիվ 12-16ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՐԱԼԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Քիչ առաջ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ավարտվեց համայնքի ղեկավարի ընտրությունները, որտեղ իրենց թեկնածությունն էին առաջադրել ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը եւ ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Արտակ Գեւորգյանը: «Իրավունքին» հաջողվեց րոպեներ առաջ կապ հաստատել Մարալիկում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ հետ ու պարզել ընտրությունների նախնական արդյունքների մասին որոշակի տեղեկություններ.
- Նախ տեղեկացնեմ, որ ժամը 20:00-ին Մարալիկ քաղաքի բոլոր երեք տեղեմասերը փակվել են: Այս պահի դրությամբ որոշակի թվեր արդեն հայտնի են. 36/1 ընտրատեղամասում ընտրություններին մասնակցել է 1089 քաղաքացի, 36/2-ում` 1035, եւ 36/3-ում` 1030, որն ընդհանուր հաշվարկով կազմում է 3154 (Մարալիկն ունի 5498 ընտրող-Հ. Ս.): Սա առաջին տեղեկությունն էր, որը րոպեներ առաջ ենք ստացել: Թե ինչ պատկեր կլինի քիչ անց, ու թե ինչքան քվե է ստացել ժողովրդի վստահությունը Արտակ Ավդալյանը կամ Արտակ Գեւորգյանը կարծում եմ` առաջիկայում արդեն բոլորիս հայտնի կլինի:
- Ամեն դեպքում, նախնական հաշվարկներով ԲՀԿ թեկնածուն շանսեր ունի՞, ըստ Ձեզ:
- Իհարկե: Թեպետ վերջնական հաշվարկը դեռ չի եղել եւ կարծում եմ` նախապես նման բան հայտարարել կամ հրապարակելը ճիշտ չի լինի: Ամեն դեպքում, առաջիկա ժամերի ընթացքում` հաշվի առնելով, որ ընդամենը երկու թեկնածու է, կարճ ժամանակ անց արդեն տեղեկություններ կունենանք:
- Իսկ ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը:
- Ընտրողների մասնակցությունը բավականին մեծ էր: Իհարկե, առավոտվա ժամերին եղան խնդիրներ նույնականացման քարտերի հետ կապված, ընտրատեղամասի առաջ եղան կուտակումներ, եղավ խնդիր արկղի հետ կապված, որովհետեւ այն տեսանելի վայրում էր գտնվում, ինչը շտկվեց է եւ նմանատիպ այլ խնդիրներ եւս եղան:
- Այնուամենայնիվ, այդ խոչընդոտները որեւէ կերպ կարո՞ղ են ազդել արդյունքների վրա:
- Կարծում եմ` ոչ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk