Տավուշի թեմի առաջնորդ. «Գոշավանքի վերականգնումը մեր բոլորի արժանապատվությունն է եւ պատիվը»
Արխիվ 12-16Տավուշի թեմի առաջնորդ. «ԳՈՇԱՎԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՊԱՏԻՎԸ»
Այսօր` Խաչվերացի նախօրեին, Գոշավանքի Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցու վերանորոգված գմբեթին զետեղվեց եւ օծվեց մայր Խաչը: Այս մասին տեղեկացնում է Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆՆ ու մանրամասնում. «Այն իմ զգացումով սկիզբն է լինելու Գոշավանքի ամբողաջական համալիրի թե՛ քարեղեն եւ թե՛ հոգեւոր վերազարթնումի եւ վերանորոգության: Մեր գնահատանքը ՀՀ Մշակույթի նախարարությանը, ում նյութական հովանավորությամբ եւ աջակցությամբ իրականացավ այս կարեւոր ձեռնարկը եւ բոլոր աշխատակիցներին, ճարտարապետ, շինարարներին, քարագործ եւ երկաթագործ վարպետներին, ում ջանքերով երկարատեւ աշխատանքներից հետո ամփոփվեց այս հանգրվանը: Սակայն, դեռ հիմնովին վերանորոգության կարիք ունեն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, պատմական սեղանատունը, գրադարանը, մյուս գմբեթները, Սուրբ Գեւորգ եկեղեցին, որ եղել է Մխիթար Գոշի կեցավայրը եւ վերջապես հենց մեծ վարդապետի՝ Մխիթար Գոշի դամբարանը»: Ապա Սրբազան հայրը հավելում է. «Խորհդանշական էր, երբ առաջին անգամ ոտք
դրեցի Տավուշ (ՏաՀույս) աշխարհը առաջին իսկ պահին այցելեցի Մխիթար մեծ վարդապետին եւ իրենից իմաստություն խնդրեցի առաջնորդական այս առաքելության համար: Այսօր դարձյալ, երբ ընդամենը մի քանի օր է անցել իմ պաշտոնակալությունից առաջին իսկ գործն էր Գոշավանքի գմբեթի խաչի օծումը: Հավատում եմ, որ Մխիթար Գոշ մեծ վարդապետը Տիրոջ լույսերով առաջնորդում եւ առաջնորդելու է մեր կյանքը Աստծուն թարգմանելու մեր ժողովրդի կյանքում: Գոշավանքի վերականգնումը մեր բոլորի արժանապատվությունն է եւ պատիվը: Աստված մեզ բոլորիս օգնական եւ Իր բյուր օրհնությունն անպակաս մեր ժողովրդի կյանքից»: Հավելենք, որ «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆՆ անդրադառնալով Գոշավանքի վերանորոգման խնդիրներին` նշել էր. «Գոշ համայնքում իրականացնում ենք երկու առանձին հուշարձանների` Գոշավանքի վանական համալիրի ծածկերի ամբողջական վերականգնման ծավալուն աշխատանքներ: Ավարտը նախատեսվում է մինչեւ 2020 թվականը: Վերականգնվում է նաեւ Մխիթար Գոշի դամբարանը, որը մի փոքր ավելի հեռու է գտնվում համալիրից, Դամբարանի աշխատանքները կավարտվեն հենց այս տարի»: Այնպես որ, Տավուշի թեմի առաջնորդի ջանքների ու մշակույթի նախարարության պատրաստակամության շնորհիվ այսօր ավելի քան երբեւէ հնարավոր է դարձել, որպեսզի իրականություն դառնա Գոշավանքի ամբողաջական համալիրի վերանորոգումը ու, ինչպես Բագրատ Սրբազանն է ասում, այն հոգեւոր վերազարթոնք ապրի:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk