ՈՐՈՇ ԳՐՈՂՆԵՐ ՃՆՇՎՈՒՄ ԵՆ Ս. ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԵՎ Հ. ՇԻՐԱԶԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ՈՐՈՇ ԳՐՈՂՆԵՐ ՃՆՇՎՈՒՄ ԵՆ Ս. ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԵՎ Հ. ՇԻՐԱԶԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Վերջերս տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ Սիլվա Կապուտիկյանին անվանել էր վատ բանաստեղծուհի: Այս գրառումից շատերը «ոգեւորվեցին», մանավանդ իրենց գրող համարող անձինք, ովքեր բացի Կապուտիկյանից, հանկարծ հիշեցին, որ Հովհաննես Շիրազը, Սեւակը եւս վատ ու միջակ գրողներ են: Անդրադառնալով վերոգրյալին` «Իրավունքը» զրուցեց հայ գրականության որոշ ներկայացուցիչների հետ եւ փորձեց պարզել, թե ինչո՞ւ են իրենց ժամանակակից գրող համարող որոշ մարդիկ գրոհ սկսել հայ գրականության մեծությունների դեմ եւ ինչու են ցանկանում վատաբանել նրանց:
«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵՆ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԵՐԻՆ»
Երեւանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ.
- Ֆեյսբուքյան այդ գրառումներին հետեւել եմ, սակայն դեռ չեմ արձագանքել, քանի որ կարծում եմ` ճիշտ չէ այդ տիրույթում մասնագետի կարծիք հայտնելը: Այստեղ դրականն այն է, որ հայ հասարկության մեջ փոթորկվում են մտքեր, որի արդյունքը անպայման դրական է լինելու: Ս. Մարտիրոսյանը խոսել է միայն Կապուտիկյանի մասին եւ չիրազեկված մարդկանց մի խումբ խոսակցության ալիքը հասցրեց Պ. Սեւակին, Հ. Շիրազին, ինչը ճիշտ չէր: Բոլոր այն կարծիքները, որոնք աննպաստ ձեւով հնչել են այս մեծությունների հասցեին, սխալ եմ համարում, որովհետեւ գրականության մարդիկ պետք է պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց խոսքերին, այս ամենը մասնագետի վերաբերմունք չէ: Ճիշտ է, Ս. Կապուտիկյանն ունի գործեր, որոնք արժե քննել, իմ կարծիքով նրա որոշ գործերում անկեղծության պակաս կա, սակայն այստեղ մեծ տագնապ չեմ տեսնում: Առողջ քննադատությանը դեմ չեմ, բայց ֆեյսբուքյան մեկնաբանություններում ես տեսա անձը վիրավորող գրություններ, ինչին դեմ եմ: Եթե այս բարձրացված աղմուկից օգտվենք, կարող ենք մեր գրականության համար մեծ օգուտ քաղել: Բոլորը բերան ունեն, ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, որ ոչ բոլոր բերաններն են խոսելու համար: Եթե մեկը խոսում է Սեւակից կամ մեկ ուրիշ գրողից, թող նախ իրեն հաշիվ տա, արդյո՞ք կարդացել է տվյալ գրողի բոլոր ստեղծագործությունները: Ֆեյսբուքը դարձել է անբարոյականության մի օջախ, որտեղ մարդիկ անընդունելի բառապաշարով արտահայտում են իրենց զազրելի կարծիքը:
«ԳՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ»
Ժամանակակից բանաստեղծ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.
- Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե 1960-ականների գրական սերնդին ամբողջությամբ կամ թեկուզ անհատի մակարդակով սիրողական, կիսագրագետ ու չարակամ «քննադատողներն» ինչ ողորմելի վիճակում կհայտնվեին, եթե լինեին նրանց ժամանակակիցը կամ, ասենք, մի հրաշքով եթե, օրինակ, Սեւակը լսեր ու որոշեր պատասխանել իր ու իր սերնդակիցների դեմ ուղղված վայրահաչոցներին… Իսկ ո՞վ է ասել, որ Շիրազի, Սեւակի, Կապուտիկյանի, Դավթյանի եւ այլոց գրիչներից շարունակ «հոսել են» հանճարեղ հղացքներ: Կամ ո՞վ է ասել, որ նրանք անձեռնմխելի են եւ ենթակա չեն քննադատության: Խնդիրը քննադատության տեղի ու տեսակի մասին է. նախ` ովքե՞ր, որտե՞ղ եւ ապա, ինչպե՞ս ու ի՞նչ նպատակներով են քննադատում:
Ինձ համար զուգարան գնացող ու սոցցանցերում այդ «մեծ» լուրը հապճեպ հանրայնացնողի կարծիքն ու քննադատությունը մտախելագարության ցենզից այն կողմ չի անցնում: Չէ՞ որ նրանք եւս մտածում են իրենց հոգու, ներաշխարհի չափով: Օրինակ, տան աղբի վրա ոչ ծիծաղում, ոչ էլ հեգնում ենք, այլ ցուցաբերում ենք կոնկրետ, ճշգրիտ վերաբերմունք` վերցնում ու տանում ենք աղբանոց, կամ լավագույն դեպքում` հանձնում ենք վերամշակման: Մեկ-մեկ, կարծեմ, հոգում էլ է աղբ կուտակվում…
Լավ ծանոթանալով վերջին օրերին համացանցային հիթ դարձած այս ասեկոսեին, ինչպե՞ս կարող եմ լուրջ վերաբերվել հետեւյալ «կարծիքին», թե Սայաթ-Նովան առաջին հայ ռաբիս երգիչն է… Եվ իզուր թող այդ գոյությունները չհոխորտան իրենց ազատ խոսքի, ազատ արտահայտվելու իրավունքից: Ու թե այդպես է, ուրեմն` ես էլ իրենց սրբություններին հայհոյելու իրավունք ունեմ: Չէ, սա ուղղակի նախամարդու սաղմնային մտածում է:
Բոլոր դեպքերում, ովքեր պայքարում են մեր դասականների ստվերների եւ նույնիսկ` հուշերի դեմ, իրականում իրենց գրական ստնտուների ճիվաղ էպիգոններն են: Իսկ գրական քննադատությունը ֆեյսբուքյան ամբոխավարության հետ տրամագծորեն ոչ մի կապ չունի:
Եվ ես վերջում հույս եմ հայտնում, որ Ս. Մարտիրոսյանի կարծիքն ուներ մեկ միտում` մարդկանց հիշեցնել, ոմանց էլ ծանոթացնել Սիլվա Կապուտիկյանի եւ նրա սերնդակից տաղանդաշատ գրական փաղանգի հետ:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk