ՍԻՐԻԱԿԱՆ ԹԱԿԱՐԴԸ ՓԱԿՎԵՑ
Արխիվ 12-16ՍԻՐԻԱԿԱՆ ԹԱԿԱՐԴԸ ՓԱԿՎԵՑ
Այն, որ հիմա Ղարաբաղում նոր պատերազմի համար ամենաանցանկալի ժամանակաշրջանն է, կարելի է կռահել մի շարք հանգամանքներից ելնելով: Եվ ամենակարեւորը. պատերազմն այս պահին լրջորեն կհարվածի Մերձավոր Արեւելքում եւ, մասնավորապես, Իրան-Սիրիա ուղղությամբ ռուսական ողջ քաղաքականությանը, որով էլ ռուս-ամերիկյան ներկայիս մրցապայքարում Մոսկվայի համար բավականին ծանր իրավիճակ կառաջացնի: Նկատի ունենք հետեւյալը:
Օրերս ՌԴ Կասպյան նավատորմն անսպասելիորեն լայնամասշտաբ զինավարժություններ սկսեց: Այն, որ կասպյան տարածաշրջանում ռուսները հակառակորդ չունեն եւ մոտ 40 մարտական նավերի մասնակցությամբ անցկացված եւ հրթիռային արձակումներով ուղեկցված այդ ուժի ցուցադրությունն ակնարկ էր, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում ձեռքից բաց չի թողնի Իրանի հետ կապի ուղիները, դժվար չէր նկատել: Զուգահեռաբար՝ այս օրերին Վաշինգտոնն արդեն ոչ միայն լրատվամիջոցների, այլ մինչեւ իսկ Պետքարտուղարութայն մակարդակով է խոսում Սիրիայում ռուսական զինուժի առկայության եւ «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ խմբավորման դեմ պատերազմում նախագահ Ասադին օգնելու մասին: Ընդ որում նկատելի է, որ այդ հարցում ռուսներին քննադատելով՝ Վաշինգտոնն այնուամենայնիվ որոշակի անհարմարություն է զգում. դաշնակիցները չեն կարողանում որոշ բաներ մարսել: Եվ հատկապես Եվրոպան, որն այս օրերին փախստականների պատճառով իսկական մղձավանջային ժամանակներ է ապրում: Մինչդեռ եթե ԻՊ-ը կարողանա լուծել Ասադի հարցերը եւ լրիվ վերահսկողությունից դուրս գալով՝ սկսի խալիֆաթի վերածել նաեւ արաբական մյուս երկրները, ապա դա արդեն Եվրոպային կխոստանա տասնյակ միլիոնավոր նոր փախստականներ: ԱՄՆ-ն էլ ոչինչ չի անում, եւ երբ դրանից հետո դեռ մի բան էլ քննադատում է թեկուզեւ ռուսների օգնությամբ հարձակվող Ասադի՞ն. դա մեղմ ասած՝ դժվար է շարքային եվրոպացուն «ռուսական ագրեսիա» հրամցնել:
Վաշինգտոնի մտահոգության իմաստը կարելի է հասկանալ: Ռուսները Սիրիայում կարծես թե իրոք այն ծավալուն ուժերը չունեն, որ մի կողմից մինչեւ վերջ ջարդեն ԻՊ-ին եւ դրանով ԱՄՆ-ի առաջ Մերձավոր Արեւելքում նոր պլաններ կազմելու ճանապարհ բացեն: Ավելին. նման լայնամասշտաբ մասնակցությունը նաեւ ռուսական զինվորների մեծ կորուստներ կխոստանար, ինչը հնարավոր կլիներ օգտագործել Ռուսաստանի ներսում քաղաքական ցնցումներ առաջացնելու համար: Բայց ահա ռուսները, կարծես թե, միայն մասնագիտական եւ ռազմատեխնիկական օգնություն են ցուցաբերում Ասադին, որը եւս լրիվ բավական էր սիրիական բանակի ակտիվացման համար, եւ արդեն մինչեւ իսկ մասնագետներն սկսել են խոսել, որ Ասադին այդպիսով կհաջողվի մինչեւ իսկ ԻՊ-ին ու մյուս ահաբեկչական կառույցներին Սիրիայից դուրս մղել դեպի Իրաք: Իսկ դա արդեն Վաշինգտոնի պարտությամբ կավարտի քառամյա սիրիական մեծ խաղը, ընդ որում՝ ռուսների համար ապահովելով այդ երկրում ծանրակշիռ ռազմական ներկայություն: Միաժամանակ՝ ո՞ւր կշարժվի Իրաքում մնացած ահաբեկչական ողջ բանակը: Սիրիան կորցնելու դեպքում ¥հիմա էլ այդ ցանկությունը տեսանելի է¤ ճանապարհը մեկն է՝ դեպի ծովային ելք: Այսինքն` Պարսից ծոցի ուղղությամբ՝ դեպի նավթային գոտիներ: Թե դրանից հետո դեպի ուր կթռչեն նավթի գները, Վաշինգտոնը ստիպված ինչ քայլերի կդիմի իր ներկայիս դաշնակիցներին օգնելու համար...
Մի խոսքով, իրավիճակն ինչպես էլ զարգանա, հաստատ ռուսները մեծ շահով են դուրս գալու: Կամ մյուս տարբերակը. եթե ռուսները նաեւ Իրաքին օգնեն ԻՊ-ին ջարդել, ապա այստեղ եւս կգերիշխի ՌԴ-ի քաղաքականությունը: Ավելի ճիշտ՝ դա ռուսական զինտեխնիկայով ապահովագրված Իրան-Իրաք-Սիրիա առանցքի ստեղծման ամենակարճ ճանապարհն է, ինչը Վաշինգտոնում համարվում է մղձավանջ:
Այսպիսով՝ մնում է Ասադին ռուսների օգնելու հանգամանքը կիսատ-պռատ քննադատելով՝ գոնե փորձել ձախողել Սիրիա տանող ռուսական կոմունիկացիաները: Հիմնական մատակարարումները ծովով են եւ դրա դեմ քայլեր Վաշինգտոնը գրեթե չունի: Բայց կա նաեւ, այսպես ասած, արագ արձագանքման օդային ուղիների կարիքը, եւ այն, որ վերջին օրերին Վաշինգտոնն ակտիվորեն փորձում է դեռ եվրոպական երկրներում փոկել ռուսական օդային ուղիները, տեսնում ենք: Եվ ահա նախօրեին Իրանը պաշտոնապես հայտարարեց, թե իր երկինքը լրիվ բաց է «ռուսական ինքնաթիռների համար, որոնք մեկնում են Սիրիա՝ հումանիտար օգնություն տանելու նպատակով»: Եվ այդ ուղու համար ամեն մի վտանգ բացառելու համար Ղարաբաղի շուրջ պատերազմի բացառումը դառնում է էլ ավելի օրակարգային:
Եվ վերջապես՝ այս խաղում պետք է չմոռանալ նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի եւ, հատկապես, ռազմական ավիացիայի մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk