«ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ «ԱՆԳԻՐ» ԳԻՏԵՆՔ»
Արխիվ 12-16«ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ «ԱՆԳԻՐ» ԳԻՏԵՆՔ»
Հատկապես Երեւանի կենտրոնում կան մի քանի մուրացիկ տատիկներ ու պապիկներ, որոնց բոլորն են ճանաչում: Եվ մշտապես հարց է ծագում, թե ինչու են նրանք մնում անտեսված ու արհամարհված` նախեւառաջ պետության կողմից, ու նրանց անգամ չեն տեղափոխում ծերանոց: Այս հարցը բարձրացրել են նաեւ «Իրավունքի» ընթերցողները, ուստի` դրա պատասխանը պարզեցինք Սոցապ նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ.
- Բոլոր այդ մուրացկաններին ու անօթեւաններին «անգիր» գիտենք, բայց ոչ միշտ են այդ մուրացկաններն անտուն կամ անտեր: Նրանք շատ հաճախ ընտանիք էլ ունեն, զավակներ էլ, տուն էլ: Մենք բացի տարեցներին մատուցվող ծառայություններից, նաեւ իրականացնում ենք ծրագիր` անօթեւան մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովելով: Այդ կացարանում երեք ամիս ժամկետով անօթեւան մարդկանց ապաստան ենք տալիս, հագուստ, սնունդ, փորձում ենք սոցիալական աշխատողի միջոցով, հոգեբանի միջոցով գտնել իր նախկին կապերը, նախկին ընտանիքը, բնակության վայրը եւ այլն, առողջական, անձնագրի, փաստաթղթի
հետ կապված խնդիրներն ենք լուծում, որպեսզի այդ մարդը նորից կյանք վերադառնա ու անցնի իր բնականոն կենսագործունեությանը: Սակայն շատ դեպքում պարզվում է, որ մուրացկանները տուն ունեն, իսկ մենք չենք զբաղվում տուն ունեցող մուրացկաններով: Սա արդեն ոստիկանության խնդիրն է կամ տեղական ինքնակառավարման մարմինների: Իսկ անօթեւանների դեպքում տարեցներին առաջարկում ենք տեղափոխվել ծերանոց, իսկ փողոցում հայտնված երիտասարդներին` անօթեւանների ժամանակավոր կացարան, որպեսզի փողոցում չգիշերի, այլ գնա մարդավարի քնի: Նշեմ նաեւ, որ մենք նրանց կարող ենք տեղավորել միայն իրենց համաձայնությամբ: Մարդու իրավունքների կոպիտ խախտում
է, եթե այդ տեղափոխումն իր ցանկության դեմ է: Միայն երկու դեպքում կարող ենք առանց իր համաձայնության հաստատություն տեղափոխել. եթե նա վտանգ է ներկայացնում իր կամ հասարակության այլ անձանց նկատմամբ: Եվ երկրորդ` եթե իր կյանքին ու առողջությանն է վտանգ սպառնում կամ էլ ունի խնամող ու խնամողի կողմից պատշաճ խնամք չի ստանում, իսկ ինքն ի վիճակի չէ վերահսկել իր գործողությունները: Պարզ ասած` մեկ` հոգեկան խնդիրներ ունեցողներին կարելի է տանել կացարան ոչ հոժարակամ, մեկ էլ` ծեր, սոված, արդեն շատ ծանր վիճակում գտվող մարդուն, որը փողոցում ընկած է ու չի կարող որոշել, գնալ, թե` ոչ: Մինչդեռ մնացած դեպքերում իր ցանկությամբ է որոշվում:
- Օրինակ` Վերնիսաժի տարածքում մի կին կա, որը շներով է շրջում փողոցում ու շների հետ էլ լուսացնում է գիշերը: Սա ո՞ր կատեգորիային է պատկանում:
- Ես տեղյակ եմ այդ դեպքից: Նրա անունը Անահիտ է: Բացարձակապես չի համաձայնում գնալ կացարան, իսկ մենք չենք կարող ոչինչ անել: Քաղաքապետարանն էլ է փորձել նրա հետ աշխատանքներ տանել: Ավելին ասեմ` նրան երեք անգամ տարել են հոգեբուժարան, մի 4-5 անգամ էլ, երեւի, անօթեւանների կացարան, բայց մի երկու օր հետո փախչում է: Ու մեր առաջ էլ պայման էր դրել, որ շների հետ պետք է գա կացարան:
- Կոնկրետ այս դեպքը հոգեկան խնդիր չէ՞:
- Եթե հոգեկան խնդիր ունի, սուր վիճակ է, պետք է ոստիկանությունը տանի հոգեբուժական հիվանդանոց, այդ սուր վիճակից հանեն, հետո նոր մենք կտեղավորենք մեր հաստատությունում: Մենք, ուղղակի, խնամքի հաստատություններ ունենք, բուժող չենք եւ չենք կարող այդպիսի ագրեսիվ վիճակում մարդուն ընդունել: Պարզապես, իրավունք չունենք, որովհետեւ նա կարող է վնաս տալ ինչ-որ մեկին: Բայց երբ նա կլինի հարաբերական կայուն վիճակում, մենք կկարողանանք նրան տեղավորել կացարանում: Ճիշտ հասկացեք, չենք կարող առանց որեւէ փաստաթղթի, նրան փողոցից տանել տուն-ինտերնատ եւ վտանգի տակ դնել 2-3 հարյուր հոգու առողջությունը:
- Փաստորեն, վերոգրյալից ստացվում է, որ բոլորովին էլ երկրի սոցիալական պատկերը չեն արտացոլում փողոցում ամեն օր մեզ հանդիպող մուրացկանները կամ անօթեւանները:
- Ոչ, ի դեպ, նշեմ, որ վերջերս Ազգային ինստիտուտը հետազոտություն արեց այդ մասին, ինչը շատ հետաքրքիր էր: Կան դեպքեր, օրինակ, երբ անձը տանեցիների հետ կռվում է ու մի քանի օր մնում է դրսում, կամ երկար ժամանակ ազատազրկման վայրում գտնվող մարդը դուրս է գալիս, ու նրա ընտանիքը հետ չի ընդունում, հետեւաբար մնում է դրսում: Նույնիսկ դեպքեր կան, որ նորմալ էլ ընտանիք ունեն, բայց իրեն մղում են մուրացկանության: Եվ տպավորություն է ստեղծվում, որ մուրացկան է, ուրեմն` աղքատ է, բայց ոչ միշտ է այդպես: Եղել են դեպքեր, երբ մենք առաջարկել ենք տեղափոխվել ծերանոց ու ստացել ենք այսպիսի պատասխան. «Գնամ ծերանոց` մի փոր հաց ուտե՞մ: Ես մուրացկանությամբ իմ ընտանիք օրը 10 հազար դրամ փող եմ տանում»: Հավելեմ, որ մեր անօթեւանների կացարանում ապրողների զգալի մասը նախկին դատապարտյալներ են, որոնք դուրս են եկել ազատազրկման վայրից ու չեն ընդունվել իրենց ընտանիքների կողմից: Սա արդեն սոցիալական վիճակ չէ, այլ սոցիալական կարգավիճակ է: Կա նաեւ մարդկանց մի խումբ, որոնց համար մուրացկանությունը կամ փողոցում մնալն ապրելակերպ է: Ունեցել ենք դեպք, երբ այդ անձը հանրապետության բոլոր տուն-ինտերնատներով շրջել է, բայց չի մնացել: Ասում է` չեմ կարող ապրել շինության մեջ, այսպես ազատ է: Տեղին է ընդգծել, որ Դանիայում անօթեւանը ամիսը 1200 եվրո փող է ստանում, եւ սա չի նշանակում, որ նա աղքատ է, այլ, ուղղակի, ուզում է դրսում ապրել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
