«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԼԱՎ ԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է»
Արխիվ 12-16«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԼԱՎ ԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է»
Ընդամենն օրեր անց` սեպտեմբերի 15-ին, կկայանա ՀԱՊԿ-ի անդամ պետություների ղեկավարների հանդիպումը, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր` ՌԴ նախագահի հետ վերջերս ունեցած հանդիպման ժամանակ ու մասնավորապես նշել. «Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է: Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք: Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ: Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում` ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»: Առաջիկա գագաթնաժողովի, սահմանային լարվածության ու ընդհանրապես մեր տարածաշրջանի առջեւ ծառացած խնդիրների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱ ԵՎ ԿՄՆԱ` ՄՇՏԱՊԵՍ ՈՐՊԵՍ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ»
–Պարոն Ցիգանոկ, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ եւ ՌԴ նախագահների սեպտեմբերի 7-ին կայացած հանդիպումը:
– Կարծում եմ, որ հանդիպումը դրական էր: Խնդիրները, որոնք կային Հայաստանում, ըստ իս, կամաց-կամաց լուծվում են: Ամեն դեպքում, Հայաստանը մեր ստրատեգիական գործընկերն է, եւ այդ առումով կարեւոր են մեզ համար այդ հարցերը: Եվ ընդհանրապես, երբ մենք խոսում ենք Հայաստան-Ադրբեջան ստեղծված հարաբերությունների մասին, միշտ ընդգծում ենք` Ադրբեջանը մեր լավ ընկերն է, բայց Հայաստանը մեր ստրատեգիական գործընկերն է: Այնպես որ, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այսօր, կարեւոր է մեզ համար: Մենք գիտենք, որ Հայաստանը բազում հարցեր ունի լուծելու, այդ թվում եւ սահմանադրական բարեփոխումների փորձը: Գտնում եմ, որ այն ներուժը, որը կա Հայաստանում, կկարողանա հաղթահարել այդ խնդիրները, իսկ Հայաստանը կա եւ կմնա մշտապես որպես Ռուսաստանի Դաշնության ռազմական գործընկերը:
«ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
–Ինչպես գիտեք, վերջին շաբաթներին խիստ լարված էր հայ-ադրբեջանական սահմանը, եւ տարբեր վերլուծաբաններ հարց էին բարձրացնում, թե ինչու ՀԱՊԿ-ը` որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, իր խոսքը չի ասում:
– Սա շատ կարեւոր հարց է: Խնդիրն այն է, որ հարցը թեպետ բարձրացվել է Հայաստանում, բայց եթե դուք հիշում եք, երեք տարի առաջ Ղրղստանում մոտավորապես այսպիսի իրավիճակ էր տեղի ունենում: Ընդ որում` Ղրղստանում ապրում են Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ, եւ այն ժամանակ էլ էր ասվում, թե հարցը թող որոշվի ՀԱՊԿ-ի շրջանակում: Բայց հարկ է նշել, որ ՀԱՊԿ-ն իր որոշումները կայացնում է մեկ անգամ եւ շատ խիստ, եւ երկրորդ` երբեք ՀԱՊԿ-ը չի խառնվում նման հարցերին: Անգամ այն ժամանակ, երբ Ղրղզստանի դեպքում, հարցը վերաբերում էր նաեւ Ուզբեկստանին, Տաջիկստանին: Իհարկե, շատ լավ կլիներ, որ ՀԱՊԿ-ն իր քայլն աներ, բայց դրա համար նախեւառաջ պետք է լինի քաղաքական որոշում, եւ լինի անդամ երկրների համաձայնությունը: Եվ պետք է մանրամասն քննարկվի, թե ինչ ուժերով, ինչ քանակով եւ երբ պետք է արվեն այդ քայլերը: Այնպես որ, իրադարձությունները առաջիկայում կշարունակեն մնալ ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում:
– Ի դեպ, կարծիքներ հնչեցին նաեւ, թե ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի` Բաքու այցով էր պայմանավորված, որ հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարվածություն ստեղծվեց: Ի՞նչ կասեք այս մասին:
– Եկեք ուղիղ ասենք, որ երկու կողմից էլ կարող էր նման սադրանքներ մատուցվել: Խնդիրն այն է, որ հրադադարի համաձայնությունը, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, արդեն 20 տարեկան է: Եվ սա նույնն է, ինչպիսին Սիրիայի եւ Իսրայելի միջեւ կնքված համաձայնագիրն էր: Բայց մյուս կողմից, իսկապես, ոչ ոք չի ուզում պատերազմական գործողություններ` ո՛չ ադրբեջանական, ո՛չ առավել եւս հայկական կողմը: Սա ձեռնտու չէ ոչ մեկի համար: Եվ Լավրովը լինելով Բաքվում` հենց այս նույն բանն է ասել, որ պետք է բոլորն ամրացնեն իրենց ամրագոտիները...
«ԻՊ-Ն ԱՄՆ-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔՆ Է»
–Իսկ ինչպիսի՞ տեսլական ունեք, ընդհանրապես, մեր տարածաշրջանի ապագայի մասին, մասնավորապես հաշվի առնելով այն, որ մի կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն է ակտիվանում, իսկ մյուս կողմից` Թուրքայում սկիզբ է առել քրդական ապստամբությունը:
– «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունները հավանաբար կշարունակվեն դեռեւս 4-5 տարի, որովհետեւ նրանք զգալի ուժ ունեն: Վերջին հաշվով չմոռանանք, որ ԻՊ-ն ԱՄՆ-ի արտադրանքն է, իրենք են այս ամենը նախաձեռնել: Հետեւաբար, շատ կարեւոր է, որ թույլ չտանք այդ բոլոր ահաբեկիչներին, որոնք գտնվում են Կովկասում, ներխուժել տարածաշրջան: ԻՊ-ի դեմ պայքարով պետք է զբաղվենք բոլորս միաժամանակ եւ տանք տեղեկատվություն` իրական փաստերի հիման վրա: Սրանով պետք է զբաղվի ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Իրանը, Սիրիան եւ մնացյալ պետությունները:
– Ամփոփելով մեր զրույցը` եւս մեկ հարց սեպտեմբերի 15-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է, որ այնտեղ հնչեն որոշումներ, ինչը շրջադարձային կլինի հայ-ադրբեջանական հակամարտության հարցում:
– Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի շրջանակում այդ հարցն է քննարկվելու: Սա Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին գործն է: Բոլորովին այլ հարց է, որ անընդհատ խոսվում էր այն մասին, ինչպես արդեն ասացինք, թե ՀԱՊԿ-ն ինչպիսի քայլեր կարող է անել: Ես գտնում է, որ Հայաստանը կարող է պաշտպանել ինքն իրեն, եւ ուժերը կկարողանան կայացնել պրակտիկ որոշում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk