Զարմացած
Արխիվ 12-16
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ընդունվել է խստաագույն բանաձեւ Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին: Ինչեր ասես այդտեղ կա` ե՛ւ սպառնալիք Ադրբեջանի ընտրություններին դիտորդ չուղարկելու, ե՛ւ տարատեսակ պատժամիջոցների սպառնալիք, այդ թվում եւ անհատական պատժամիջոցներ կոնկրետ պաշտոնյաների դեմ: Բայց այդ ամենին անպոչ գդալի պես գումարվում է այն, որ Եվրախորհրդարանը. «Վերահաստատում է իր որոշումը` Ադրբեջան ուղարկել Եվրոպական խորհրդարանի պատվիրակություն եւ ընդգծում է այս պատվիրակության ուղարկման կարեւորությունը հնարավորինս շուտ, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների հետ ներգրավվի այնպիսի հրատապ հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: Լավ, ինչ ասես սրան... Ի՞նչ կապ ունի այստեղ Արցախը, որը ինքնորոշված պետություն է ու Ադրբեջանի հետ որեւէ կապ չունի: Թե՞ եվրաբյուրոկրատներին նույնիսկ գլխարկ չդնելու պատրվակով անպայման պետք է քթները խոթել Արցախ: Չէ, նման է, որ սրանք երեւանցու ասած «յուղ են վառում», եւ միգուցե մի օր հասունանա այդ Եվրոպային հայտնի ռուսական հասցեով ուղարկելու հրամայականը:
Արցախի հարցով մեկ ուրիշ «յուղ վառող» է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԸ. «Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց` վեր բարձրանալով քաղաքականությունից: Կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, որը պատրաստ է բերել խաղաղություն եւ հաշտություն: Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք կողքի ապրել խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ»: Լավ, ինչ կապ ունեն այստեղ «Ալեքսանի բեղերը», ավելի ճիշտ` Լինքոլնը: Այդ ի՞նչ աստիճանի պետք է անգրագետ լինի դաունի ժպիտով այս պաշտոնյան, որ չզանազանի ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը հայ-ադրբեջանական` լրիվ այլ բնույթի հակամարտությունից:
Ինչպես հայտնի է, «Հիմնադիր խորհրդարանը» նախաստորագրել է «Հանրային փրկության ճակատի» հռչակագիր: Եվ ով այնտեղ հայտնաբերվեց Հայրիկյանի, այլ միկրոկուսակցությունների առաջնորդների օգտին: Չխնդաք` ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Այս մարդը, որ կուսակցություն ավելի շատ է փոխել, քան շապիկ մաշել, զարմանալիորեն հավակնում է դառնալ մեր փրկիչներից մեկը: Մեր վրա գալովի է` գրեթե ամեն տարի պիտի հայտնվեն ինքնահռչակ «փրկիչներ»: Տո, թող նախեւառաջ իրենք իրենց փրկեն, իսկ մենք մի կերպ չփրկված կապրենք, ինչպես ապրում ենք արդեն 12 հազար տարի շարունակ:
Պարզվում է մեր ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ սեփական ռեկորդակիրներ կան: 7-րդ նստաշրջանում, ըստ «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի ամենից շատ հարցերով եւ ելույթներով հանդես է եկել Հեղինե Բիշարյանը, ամենից շատ դեմ քվեարկողը Նիկոլ Փաշինյանն է (չէինք պատկերացնում, որ Զուրաբյան Լյովիկին գերազանցած լինի), ամենից շատ ձեռնպահ քվեարկածը ԱԺ դահլիճում համակարգչի հետ շախմատ խաղալու սիրահար Աղվան Վարդանյանն է, իսկ ամենից շատ կողմ քվեարկածը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանն է: Դե ինչ, երեւի թե, մեր ԱԺ-ում սեփական ռեկորդների գիրք ստեղծել կպահանջվի, բա էդ ամենը չմնա՞ պատմության համար:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk