ԻՆՉՈՒ Է ԱԼԻԵՎԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՇԻԿԱՑՆՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ Է ԱԼԻԵՎԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՇԻԿԱՑՆՈՒՄ
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բավականին հետաքրքիր միտք էր հայտնել ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը: Խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում այս ամսվա սկզբներին իրավիճակի ծայրահեղ սրման մասին, փորձագետը նկատում է. «Հիմա արդեն կարեւոր չէ, թե ինչպես պետք է աշխատեն «Մադրիդյան սկզբունքները», հիմա կարեւոր է` հետ քաշել ծանր զրահատեխնիկան, որպեսզի ադրբեջանական բանակը դադարի սպանել խաղաղ բնակչությանը»:
ԵՎ ՆՈՐԻՑ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»
Այն, որ Կրեմլին մոտ կանգնած նշած ինստիտուտի իր հերթին ոչ անհայտ Վ. Եվսեեւի տեսակետը, այսպես ասենք, բավականին մոտ է գտնվում պաշտոնական պրակտիկ քաղաքականությանը, ենթադրելի է: Եվ անցնելով նրա հիշատակված մտքին՝ նախ կանգ առնենք «Մադրիդյան սկզբունքների» դրվագի վրա նման հարցադրմամբ. այսինքն փորձագետն ուզում է ասել, որ մինչ այս սրացումները կարեւորվո՞ւմ էր, թե «ինչպես պետք է աշխատեն «Մադրիդյան սկզբունքները»»: Ավելի պարզ՝ այդ սկզբունքների պրակտիկ կիրառման մեխանիզմնե՞ր կային. համենայնդեպս նման տպավորություն է առաջացնում փորձագետի խոսքը: Բայց չէ՞ որ «Մադրիդյան սկզբունքները» պաշտոնապես ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ընդամենը առաջարկ է, որի տակ որեւէ ստորագրություն դրված չէ, քանի որ կտրուկ դեմ է արտահայտվել Բաքուն: Ուրեմն պետք է մտածել, որ բանակցային կուլիսներում «Մադրիդյան սկզբունքները» շա՞տ ավելի առաջ են գնացել, քան բանակցային գործընթացի տեսանելի հատվածում է երեւում: Դա միանգամայն հնարավոր է` հաշվի առնելով հետեւյալը: Նախ՝ Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շեմին ռուսական տարբեր աղբյուրներ էին ակնարկում, որ Մոսկվան կփորձի կտրուկ ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, որ սեղանին է դրված «Մադրիդյան սկզբունքների» ինչ-որ տարատեսակ:
Դրա հետ կապված հաջորդ ակնարկը նույն օրը Հայաստան Ֆրանսիայի նախագահի այցն էր, ով այստեղից մեկնեց Բաքու: Հետագայում էլ այս թեման հարստացավ այլ նրբերանգներով, այդ թվում՝ այդ ուղղությամբ էին ակնարկում մեկ-երկու ամիս առաջ Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները: Վերջին նրբերանգն էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` օրերս Բաքու կատարած այցն էր, ինչի հետ կապված անգամ պաշտոնական Բաքվի հետ սերտ առնչություն ունեցող ադրբեջանական որոշ փորձագետներ, էլի «Մադրիդյան սկզբունքների» հետ կապված ակնարկներ անելով, շրջանառության մեջ դրեցին այն միտքը, թե՝ Լավրովն իր ադրբեջանական գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել եւ Բաքու է ժամանել Իլհամ Ալիեւից վերջնական պատասխանն ստանալու համար:
Թե պաշտոնապես գրեթե չմեկնաբանված այդ հանդիպման ընթացքում Ալիեւն ինչ է պատասխանել, թերեւս պետք է կռահել հենց Վ. Եվսեեւի հիշատակված մտքից՝ «հիմա կարեւոր է` հետ քաշել ծանր զրահատեխնիկան»: Եվ նկատենք, որ Բաքուն նախ Լավրով-Մամեդյարով հիշատակված հանդիպումից հետո էր, որ սահմանային բախումների մեջ սկսեց ակտիվորեն հրետանի կիրառել եւ աստիճանաբեր մեծացնել տրամաչափը: Երկրորդը՝ Լավրովի այցից հետո էր, որ նման աննախադեպ լարվածության հասավ սահմանային իրավիճակը, որի պարագայում արդեն անգամ ռուսական փորձագետներն են առաջնահերթ համարում ոչ թե «Մադրիդյան սկզբունքների» հիմքով այդ քիչ տեսանելի ակտիվ գործընթացը շարունակելը, այլ՝ ծանր զինտեխնիկան ետ կանչելը:
Կարճ ասած՝ այն տպավորությունն է, որ Մոսկվան Ղարաբաղի հետ կապված` Ալիեւին ինչ-որ կոնկրետ լուծում էր առաջադրում, եւ նա սահմանային իրավիճակի սրման միջոցով առնվազն հետաձգեց դրա ընթացքը:
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ
Դեռ հետաձգելուց ենք խոսում` նկատի ունենալով հետեւյալ հանգամանքը: Հայաստանի պաշտպանության համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ ի պատասխան այն հարցին, թե սահմանային միջադեպերին ինչու չի արձագանքում Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպությունը ¥ՀԱՊԿ¤, պատասխանել են, որ դրա կարիքն ամենեւին էլ չունեն, քանի որ հայկական բանակը հանգիստ չեզոքացնում է բոլոր ոտնձգությունները: Չնայած դրան՝ ՀԱՊԿ-ի թեման նախ ընդգծվեց ՀՀ եւ ՌԴ նախագահների վերջին հանդիպման ժամանակ եւ ներկայացվելու է գալիք շաբաթվա սկզբին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում: Ընդ որում այն հիմքով, որ հարվածի է ենթարկվել ոչ թե Ղարաբաղի, այլ հենց Հայաստանի սահմանային մոտ 20 բնակավայր, եւ այս տեսանկյունից ՀԱՊԿ-ում ադրբեջանական լոբբիստ-պետությունները «աչք փակելու» հարցում որոշակի խնդիրներ կունենան:
Իհարկե՝ ամենեւին էլ այն մտքին չենք, որ Դուշանբեում ՀԱՊԿ-ը գոնե Ադրբեջանին սպառնացող կամ՝ դատապարտող պաշտոնական հայտարարություն կանի: Բայց այն, որ այդ միջոցառման «ստվերային» օրակարգում կդրվի ղարաբաղյան բանակցությունների հարցում Ալիեւին ավելի իրատեսական դաշտ բերելու գաղափարը, դա թերեւս պետք է սպասել: Նկատի ունենալով նաեւ, որ նոր ցեղասպանություն սկսելու շեմին հայտնված Թուրքիայից Բաքուն հազիվ թե լուրջ ակնկալիքներ ունենա:
Առավել եւս, որ Ղարաբաղի շուրջ եթե ոչ հաշտության պայմանագիր, ապա առնվազն բոլոր սյուրպրիզներից երաշխավորված զինադադարը Մոսկվայի համար իրոք դարձել է օրակարգային կարեւորագույն հարց:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk