ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ. «ԳՈՒՑԵ ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ՔԱՄԻ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՎ` ՀՈՂՄԵՐ ՉԵՆ ՍԱՆՁԻ»
Արխիվ 12-16ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ. «ԳՈՒՑԵ ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ՔԱՄԻ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՎ`ՀՈՂՄԵՐ ՉԵՆ ՍԱՆՁԻ»
Վերջին օրերի ընթացքում ֆեյսբուք սոցիալական ցանցում մարդիկ ակտիվորեն քննարկում էին Սիլվա Կապուտիկյանի եւ Հովհաննես Շիրազի լավ կամ վատ գրողներ լինելու հարցը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր գրառում, որտեղ Ս. Կապուտիկյանին անվանել էր միջակ բանաստեղծուհի: Այս գրառումից հետո բոլորը ներխուժեցին մեդիափորձագետի անձնական էջ եւ սկսեցին շաղ տալ իրենց մտքի գոհարները, մանավանդ իրենց գրող համարող անձինք, որոնք հանկարծ հայտնաբերեցին, որ Շիրազը նույնպես վատ գրող է: Նրանց «քննադատական միտքն» այնքան փայլեց, որ չզլացան համեմատության մեջ դնել նաեւ երկու մեծությունների` Տերյանին ու Չարենցին:
Ֆեյսբուքում հայ գրականության մեծությունների դեմ որոշ «գրողների» հնչեցրած կարծիքների եւ մեկնաբանություների շուրջ «Իրավունքը» զրուցեց ժամանակակից բանաստեղծ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ.
- Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե 1960-ականների գրական սերնդին ամբողջությամբ կամ թեկուզ անհատի մակարդակով սիրողական, կիսագրագետ ու չարակամ «քննադատողներն» ինչ ողորմելի վիճակում կհայտնվեին, եթե լինեին նրանց ժամանակակիցը կամ, ասենք, մի հրաշքով եթե, օրինակ՝ Սեւակը լսեր ու որոշեր պատասխանել իր ու իր սերնդակիցների դեմ ուղղված վայրահաչոցներին… Իսկ ո՞վ է ասել, որ Շիրազի, Սեւակի, Կապուտիկյանի, Դավթյանի եւ այլոց գրիչներից շարունակ «հոսել» են հանճարեղ հղացքներ: Կամ ո՞վ է ասել, որ նրանք անձեռմխելի են եւ ենթական չեն քննադատության: Հարցը քննադատության տեղի ու տեսակի մասին է. նախ ո՞վքեր, որտե՞ղ եւ ապա՝ ինչպե՞ս ու ի՞նչ նպատակներով են քննադատում (այս վերջինը հատկապես կարևոր է՝ իմացողը կհասկանա): Առաջարկում եմ բոլոր պոպուլիստ ստատուսագիրներին մտնել իրենց մոտիկ ցանկացած գրադարան, որտեղ գոյություն ունի քարտարան, իսկ այնտեղ բացի տվյալ հեղինակի բուն ստեղծագործությունից կա նաեւ «նրա մասին» բաժին, ուր կգտնեն իրենց ուզած գրողի ու գործչի մասին բազմաթիվ ստեղծագործություններ, այս թվում եւ՝ վաղուց գրված ու հընթացս գրվող քննադատական-վերլուծական հոդվածներ իրավասու (կոմպետենտ, մասնագետ) մարդկանց կողմից (որոշ բացառություններ զանց առած): Դրանից հետո գուցե հասկանան քննադատության բուն էությունն ու նպատակը, դրանից հետո գուցե հասկանան, որ քամի բռնաբարելով՝ հողմեր չեն սանձի (այս մասին դեռ մոտ չորս սերունդ առաջ ասել է Չարենցը):
Իսկ տեխնոկրատիայի մեր օրերում ո՞վքեր են քննադատողները, ի՞նչ մոտեցում ու նպատակ, վերջապես՝ ի՞նչ բառապաշար ունի նրանց քննադատությունը: Ինձ համար զուգարան գնացող ու սոցցանցերում այդ «մեծ» լուրը հապճեպ հանրայնացնողի կարծիքն ու քննադատությունը մտախելագարության ցենզից այն կողմ չի անցնում: Չէ՞ որ նրանք եւս մտածում են իրենց հոգու, ներաշխարհի չափով: Օրինակ՝ տան աղբի վրա ոչ ծիծաղում ենք, ոչ էլ հեգնում ենք դրան, այլ ցուցաբերում ենք կոնկրետ, ճշգրիտ վերաբերմունք՝ վերցնում ու տանում ենք աղբանոց, կամ լավագույն դեպքում՝ հանձնում ենք վերամշակման: Մեկ-մեկ, կարծեմ, հոգում էլ է աղբ կուտակվում…
Լավ ծանոթանալով վերջին օրերում համացանցային հիթ դարձած այս ասեկոսեին, ինչպե՞ս կարող եմ լուրջ վերաբերվելմ, օրինակ` «կարծիքին», թե Սայաթ-Նովան առաջին հայ ռաբիզ երգիչն է… Եվ իզուր թող այդ գոյությունները չհոխորտան իրենց ազատ խոսքի, ազատ արտահայտվելու իրավունքից: Ու, թե այդպես է, ուրեմն՝ ես էլ իրենց սրբություններին հայհոյելու իրավունք ունեմ: Չէ, սա ուղղակի նախամարդու սաղմնային մտածում է:
Այս համատեքստում ծանոթացա նաեւ հետկապուտիկյանական (սեռային պատկանելիության իմաստով) մեր ժամանակների «Չարենցի» (գրական-գեղարվեստական դիապազոնի առումով, որը, ի դեպ, իմ կարծիքը չէ…)՝ Վ. Գրիգորյանի նախադեպը չունեցող գրաքննադատական լուրջ թեզին, այն է. «Սամվել Մարտիրոսյանի (ոչ անհայտ բլոգեր, վերը հիշված ասեկոսեի «հիմնադիր-համահեղինակ» - Գ. Հ.) գրական առաջադրանքից հետո ժամանակն է խնդիրը մի քիչ բարդացնել, դիցուք՝ Տերյանը շատ ավելի լուրջ, խորն ու նուրբ բանաստեղծ է, քան Չարենցը, բայց ո՛չ մասնագիտական, ո՛չ հանրային ընկալման չի արժանացել»: Իհարկե, սա անհամեմատ տանելի «առաջադրանք» է, քան որեւէ գրողի «սիրում եմ-չեմ սիրում» երեքնուկյան մոտեցումը: Հարց. արդյոք գրական մեծություններին պետք է գնահատել միմյանց հակադրելու սկզբունքով, մանավանդ, երբ նրանք իրենց բուն ստեղծագործությամբ, ժանրային իմաստով, որքան մոտ են, նույնքան էլ հեռու ու տարբեր: Գուցե Գրիգորյանն իր թեզով հիմնադրում է դիալեկտիկական (հակադրամիասնություն) օպտիմալացման գրադատական մի նոր տեսություն, որի արդյունքում մեզ այլևս պետք չի լինի անհատական գրականություն, այլ կբավարարվենք գրական համահավաք մի բնագրով՝ մեծն ՏԵՔՍՏՈՎ… Համենայն դեպս, չեմ կարծում, որ, երբ Տերյանի նման մեծությունը գրիչ էր վերցնում՝ մտածում էր Չարենցին՝ իր մեծագույն հաջորդին, հակադրելով կհաստատեն իրեն:
Իրականում, բանն այն է, որ գրականությունը (որոշ «երախտավորների» օրավուր ջանք ու եռանդով) դարձել է արվեստի մի քիչ պոպուլիստական տեսակ, ուստի բոլորը կենտրոնցել են գրականության վրա և բոլորի թուրը աջ ու ձախ կտրում է այս տիրույթում: Ոչ մեկն այսօր գոնե հրապարակայնորեն ցեխ չի շպրտում ասենք՝ Արամ Խաչտրյանի, Առնո Բաբաջանյանի կամ Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Մինասի եւ այլոց վրա, քանի որ, ըստ իս, արվեստի այս ոլորտները մի քիչ ավելի սպեցիֆիկ են եւ զրպարտել-զազրախոսելու քիչ հնարավորություն են տալիս:
Բոլոր դեպքերում, նրանք ովքեր պայքարում են մեր դասականների ստվերենրի եւ նույնիսկ՝ հուշերի դեմ, իրականում իրենց գրական ստնտուների ճիվաղ էպիգոններն են: Իսկ գրական քննադատությունը ֆեսբուքյան ամբոխավարության հետ տրամագծորեն ոչ մի կապ չունի:
Եվ ես վերջում հույս եմ հայտնում, որ Սամվել Մարտիրոսյանի կարծիքն ուներ մեկ միտում՝ մարդկանց հիշեցնել, ոմանց էլ ծանոթացնել Սիլվա Կապուտիկյանի եւ նրա սերնդակից տաղանդաշատ գրական փաղանգի հետ: Գոնե ինքս այսպես մտածելու ճոխություն արտոնում եմ ինձ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk