ԱԼԲԱՆԻԱՅԻ ԴԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇԻՉ ԼԻՆԵԼ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԱՄԱՐ(տեսանյութ)
Արխիվ 12-16ԱԼԲԱՆԻԱՅԻ ԴԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇԻՉ ԼԻՆԵԼ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԱՄԱՐ(տեսանյութ)

Եվրո-2016-ի ընտարական մրցաշարի վերջնամասը գերլարված ստացվեց Հայաստանի ազգային հավաքականի համար: Կարելի է ասել փորձարկվեցին բոլոր տարբերակները հաջողության հասնելու, բայց արդյունքն ավելի քան հիասթափեցնող էր: Շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կորցրեց պայքարողի ոգին, այլ կերպ ասած շվեյցարացու հայացքները չհամընկան հայկական ֆուտբոլի պատկերացումների հետ: Սարգիս Հովսեփյանի նշանակումը, որպես թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար, իսկզբանե հույսեր ներշնչեց, բայց ինչպես ցույց տվեց ընթացքը՝ապարդյուն: Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի ընտրանին երկու հանդիպում անցկացրեց, որոնց վրա հիմնվելով կարելի է գնահատական տալ եւ մարզչի պաշտոնակատարի աշխատանքին եւ այն փոփոխությանը, որ թիմը կրեց նրա գլխավորությամբ. Սերբերի դեմ Սարգիս Հովսեփյանի թիմը խաղաց անփույթ, պաշտպանությունում քաոս էր, հարձակման գծում՝անգործություն: Արդյունքում Գեւորգ Կասպարովը երկու գնդակ հանեց սեփական դարպասից, խնդիրն այն էր, որ սերբերը ոչինչ չանելով հասան հաջողության: Պետք է ընդունել, որ Սերբիայի ընտրանու հետ դիմակայությունը վերջին շրջանում վատագույնն էր: Սխալներն այքան շատ էին, որ ուղղակի կարելի էր առանձնացնել մի քանի ֆուտբոլիստների, որոնք համեմատաբար ավելի լավ էին գործում խաղադաշտում: Արդեն Դանիայի դեմ կայացած տնային հանդիպմանը, Հայաստանի ազգային հավաքականը որոշակի շտկումներ մցրեց իր խաղում: Բազմիցս նշվեց, որ սա խաղ է պատվի համար, թեեւ ավելի շատ տպավորություն էր թե խաղ է՝Սարգիս Հովսփյանի պատվի համար, քանի որ մարզչի պաշտոնակատարը իրեն շարունակում է տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Դժվար է ասել, արդյո՞ք դա լավագույն տարբերակը կլինի ընտրանու համար, բայց քանի որ հաճախ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացին ոչ թե լավագույն տարբերակն է նախընտրում, այլ ուղղակի՝ հարմարը, ապա շատ հնարավոր է, որ Սարգիս Հովսեփյանի ձախողումը այսպես ասած «ներվի»: Մինչ այս երկու հանդիպումները,
ամենաշատ մտավախությունները կապված էին թիմի դարպասապահի հետ, ի վերջո երբ դարպասների մոտ Բերեզովոսկին է, խնդրի մի մասը լուծված կարելի էր համարել: Շատերի մտավախություններին Գեւորգ Կասպարովը կարողացավ վերջ դնել, վերջինս պատասխանատվությամբ մոտեցավ իր վրա դրված պարտականությանը եւ բարեհաջող խաղ ցուցադրեց հատկապես դանիացիների դեմ: Իսկ ահա պաշտպանական գծին միանշանակ պակասում է սառնասրտությունը, Լեւոն Հայրապետյանի չհամակարգված գործողությունները սերբերին գոլ նվիրեցին, բայց Հայրապետյանը միակը չէր, որ անկայուն էր գործում իր դիրքում: Իհարկե Դանիայի դեմ խաղում պաշտպանությունը շատ ավելի լավ տեսք ուներ, հատկապես Գաել Անդոնյանն ու Ռոբերտ Արզումանյանը իրենց գործը պատվով արեցին, հենց նրանց միավորված ջանքերը անառիկ պահեցին Հայաստանի ընտրանու դարպասը, ինչն արդեն իսկ ձեռքբերում է: Դանիայի դեմ խաղում Սարգիս Հովսեփյանը այնուամենայնիվ հաշվի նստեց մեծամասնության կարծիքի հետ եւ Մխիթարյանին առջեւում գործելու ավելի շատ տարածք տվեց: Արդյունքը ակնհայտ էր, Հայաստանի հավաքականի գրոհները իրենցից վտանգ էին ներկայացնում, ավելին՝ եղան մի քանի գոլային պահեր, որոնք շատ ավելի սուր էին քան հյուրերինը: Բայց, քանի որ հարձակման գծում ամեն ինչ չէ, որ կարգին էր, գոլեր մեր թիմը չկարողացավ խփել: Մարկոս Պիզելին աշխատեց հիանալի եւ աչքի ընկավ անձնուրաց խաղով, ավելի լավ տեսք ուներ նաեւ Օզբիլիսը, սակայն կիսապաշտպանության գործողությունների վերջնակետն ու լուծումը Յուրա Մովսիսյանի «ձեռքերում էր», իսկ Մովսիսյանի խաղը դանիացիների դեմ խիստ անհաջող էր: Բացի այն, որ ամենալավ հնարավորությունը հաշիվը բացելու կորցրեց հենց Մովսիսյանը, նրանից հաճախ գնդակ էին խլում եւ նա ոչ միշտ էր ժամանակին հասնում փոխանցումներին, նույնը կարելի է ասել նաեւ Գեւորգ Ղազարյանի մասին: Իրեն բավականին լավ դրսեւորեց Ռուսլան Կորյանը, ով հավաքականում խաղալու պրակտիկա գրեթե չունի, բայց շատ լավ մտնում է խաղի մեջ ու միանում գրոհների: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ինչպես երեւում է իրենց խաղից գոհ էին, մարզիչը՝ նույնպես: Առջեւում այս ընրտական մրցաշարի վերջին հանդիմումն է, Երեւանում հոկտեմբերի 11-ին մեր ընտրանին կընդունի Ալբանիայի թիմին, այդ հանդիպմումն ավելի պարզ ցույց կտա թե ի՞նչ դասեր է քաղել նախորդ երկու հանդիպումներից Սարգիս Հովսեփյանը եւ արդյո՞ք կարողացել է շտկել սխալները, արդյունքում պարզ կդառնա դարձյալ կվերսկսվե՞ն թիմի գլխավոր մարզչի փնտրտուքները, թե՞ հավաքականը կշարունակի առաջ շարժվել Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ:
Հայաստան-Դանիա հանդիպումից հետո, ֆուտբոլասերներն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ազգային հավաքականին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk