Եզդիներն ընդդեմ ԻՊ-ի. «Հույսը չպետք է դնել ուրիշների վրա, ինչպես 1915 թվականին արեց հայ ժողովուրդը»
Արխիվ 12-16Եզդիներն ընդդեմ ԻՊ-ի. «ՀՈՒՅՍԸ ՉՊԵՏՔ Է ԴՆԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՎՐԱ, ԻՆՉՊԵՍ 1915 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐԵՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
«Արդեն մեկ տարի է եւ ավելի, ինչ Իրաքի հյուսիսում եզդի ազգի ցեղասպանություն է իրականացվում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից: Շանգալի մարզը եզդիաթափվել է եւ հազարավոր բնակչություն փախստական դարձել: Սա հարց է, որը բավականին անհանգստացնող է, քանի որ հարցի լուծում չգտնելը ոչ մի օգուտ չի բերում մասնատված եզդի ազգին», - անդրադառնալով Իսլամական պետության վայրագ գործողություններին, որն այսօր առավել լայն մասշտաբների է հասնում «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահի օգնական, «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆՆ ու մանրամասներ հաղորդեց ներկա իրավիճակի մասին.
- Մոլորության մեջ հայտնված փախստականներն օր-օրի ավելի են համոզվում, որ Շանգալի հարցը անտարբերության է մատնվել եւ այն գերտերություններն ու միջազգային կազմակերպությունները, ովքեր ցեղասպանությունը սկսվելու հենց առաջին օրը դատապարտեցին եզդիների դեմ անմարդկային այդ գործողությունները, հարցի շուտափույթ լուծումը, չգիտես ինչու, չեն գտնում դեռեւս: Պատճառներն անհայտ են, ուշացումը անհասկանալի, որից միայն տուժում ենք մենք:
- Հաշվի առնելով, որ գերտերություններն, իսկապես, իրենց շահերի հետեւից ընկած շարունակում են անտարբեր մնալ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկում եզդիները:
- Կան իհարկե եզդի կամավորներից արդեն ձեւավորված եզդիական ջոկատներ, ովքեր իսլամիստների դեմ պայքարի են դուրս եկել դեռեւս անցյալ ամսվա սեպտեմբերից եւ ինքնապաշտպանական մարտեր են մղում տարբեր հատվածներում: Բադալ Խալաֆի գլխավորած Զերո գերդաստանի մարտիկները արդեն մեկ տարի է
ինքնապաշտպանական մարտեր են մղում մասնավորապես Շանգալի լեռնային մասերում: Գաբարայի, Սոլախի, Կարսէյի, Քոլկայի, Բարեյի ինքնապաշտպանական մարտերին Բադալ Խալաֆի գլխավորած բանակը բավականին հաջողությունների է հասել` հակահարված տալով թշնամուն` չթողնելով այդ շրջաններում տեղակայված Շեխ Հասան եւ Շեխ Շամս սրբավայրերին մոտ գալ, որոնց նպատակն էր պայթեցնել այն: Այդ մարտերում ոչնչացվել է ավելի քան 350 ահաբեկիչ, իսկ Զերոյի մարտիկների կողմից 6 զոհ կա:
- Այնուամենայնիվ, այս անհավասար պայքարում արդյո՞ք կհաջողվի եզդի ժողովրդին սանձել ԻՊ-ի գրոհայիններին:
- Ահաբեկիչների կողմից անընդհատ իրականացվող գործողությունները ստանում են իրենց պատասխանը եւ ամեն անգամ ետ շպրտվում: Փառք ու պատիվ Շանգալի ինքնապաշտպանությունը իրականացնող մեր եզդի քաջերին, ովքեր կենաց ու մահու կռիվ են տալիս Շանգալի ազատագրման համար: Հույսը չպետք է դնել ուրիշների վրա, ինչպես 1915 թվականին դա արեց հայ ժողովուրդը` հավատալով եվրոպական շատ կառույցների օգնության: Թեպետ հետո միավորվելով եւ բռունցք դառնալով` հասկացավ, որ իր հաղթանակն ու ազատությունը սեփական ուժերին վստահելու մեջ է: Մեր հույսն էլ մեր ուժն ու հավատն է:
Ի դեպ, հավելենք, որ հենց այսօր ճանաչված բանաստեղծուհի, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ ահազանգել է այն մասին, որ աշխարհի առաջադեմ կոչված երկրների աչքի առաջ, բարբարոսների ձեռքով ոչնչացվել է Պալմիրայի համաշխարհային մշակույթը. «Ոչ մի երկիր չփորձեց պաշտպանել՝ ինչպես Իրաքի միջագետքյան ամենահարուստ թանգարանի կողոպուտը, այնպես էլ նույն հանցագործների ձեռքով ջարդուփշուր արված հազարավոր նախիջեւանյան խաչքարերը… Այսօր, առանց պատերազմի, նրանք գրավում են Եվրոպան... «Առաջադեմ մարդկությունը» հանդուրժեց Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանների սերունդները վերադարձնում են քարե դարը, հայերս չափազանց աչալուրջ պիտի լինենք, որովհետեւ մենք հայտնվել ենք պատերազմների խաչմերուկներում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk