«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼ»
Արխիվ 12-16«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ ու այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ:
«ԱՌԱՅԺՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԻ ԽՆԴԻՐ ԴՐՎԱԾ ՉԷ»
–Պարոն Մարկարով, ըստ Ձեզ, ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումը տարածաշրջանի վրա ինչպիսի՞ անդրադարձ կունենա:
– Առաջին հերթին` նախագահները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին: Բայց նշված է եղել նաեւ շատ կարեւոր ասպեկտ, ինչը վերաբերում է երկկողմ համագործակցությանը միջազգային եւ ինտեգրացիոն կառույցների շրջանակում, որոնցից մեկը Եվրասիական տնտեսական միությունն է, մյուսը` ՀԱՊԿ-ն: Եվ եթե մենք խոսում ենք այս վեկտորի մասին, ապա նախեւառաջ ընդգծենք, որ Եվրասիական համագործակցությունը պետք է ստանար շատ լուրջ, կարեւոր ոգի, կամ ընդունենք այն աշխատաեղանակները, որոնք այն կդարձնեն ոչ թե միություն, որն ունի հռչակված նպատակներ, այլ ունի կոնկրետ գործողություններ, որոնք թույլ են տալիս կյանքի կոչել սպասված տեսլականը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի անդամակցությանը, այստեղ պարզ է, որ Հայաստանն ունի նաեւ լրացուցիչ դիրքորոշում ներկայացնելու ժամանակ, ինչը կանի մեկ շաբաթ հետո Դուշանբեում կայացող ՀԱՊԿ-ի հանդիպմանը: Իսկ եթե դիտարկենք մեկ այլ ուղղությունը` վերցնելով լայն իմաստով Միջին Արեւելքը, ապա տվյալ պարագայում պետք է հաշվի առնել այն ընդհանուր տարածաշրջանային անկայունությունը, որն առկա է, եւ ինչպես երկու երկրները համատեղ կարող են պայքարել միջազգային ահաբեկչության դեմ: Չնայած այս խնդիրն առայժմ կանգնած է, նորից եմ ասում, ՀԱՊԿ-ի շրջանակներում, տարբեր բեմահարթակներում` մեկը` միջինասիականն է, մյուսը` մեր տարածաշրջանայինը: Բայց մեզ մոտ առայժմ ահաբեկչական միգրացիոն հոսքերի խնդիր դրված չէ, թեպետ, այնուամենայնիվ, դրան պետք է պատրաստ լինել:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՈՉ ՄԵԿԻ ՀԱՄԱՐ ԳԱՂՏՆԻՔ ՉԷ»
–Նախագահների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Տվյալ դեպքում խոսքը հայ-ռուսական հանդիպման մասին է, եւ հայկական կողմին ոչ մի կերպ եւ ոչ մի ձեւով չի կարելի մեղադրել, թե նա լարում է իրավիճակը սահմանի վրա: Այդ լարման դրդապատճառը եւ գործոնը գտնվում է սահմանի այն կողմում: Բայց, բոլոր դեպքերում, հասկանալի է, որ այս լարվածության հարցը քննարկվել է երկկողմ հանդիպման ժամանակ, հաշվի առնելով, որ Ռուսաստանն ունի հաղորդակցման «կանալ» նաեւ Ադրբեջանի հետ: Բարձրաձայնվել է հայկական դիրքորոշումը, որը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հետեւաբար ակնկալվում է, որ ռուսական կողմը կարող է հասցեատիրոջը հայտնել ոչ միայն Հայաստանի դիրքորոշումը, այլ նաեւ հայտնի դիրքորոշումն այն երկրի, որը ոչ միայն իր ռազմավարական գործընկերն է, այլ նաեւ ինքը լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներից մեկը` պարտավոր է հարցը դիտարկել այդ տեսանկյունից: Չէ որ Մինսկի խմբի աշխատանքը, բնականաբար, պետք է ուղղված լինի սահմանում եղած լարվածությունը ոչ միայն նվազացնելուն, այլեւ նրան, որ ընդհանրապես տեղի չունենան համապատասխան գործողություններ, որոնք բացարձակապես չեն նպաստում ո՛չ կարգավորմանը, ո՛չ էլ փոխադարձ վստահության ձեւավորմանը: Եվ այս տեսանկյունից պարզ է, որ տեղեկատվական «կանալը» բաց է եւ, հաղորդակցումը հասկանալի է: Բայց երբ դու ինչ-որ բան ես ասում մեկին, մյուսը պետք է նաեւ ոչ միայն լսի, այլ նաեւ հասկանա...
– Բայց հասկանալու փոխարեն Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել: Ի վերջո, ինչպե՞ս պետք է սանձել հակառակորդին, որպեսզի խուսափենք հնարավոր պատերազմից:
– Պատասխանը շատ անգամ հենց դրանում է: Խնդիրը ոչ թե պատերազմից խուսափելն է, այլ Ղարաբաղյան կարգավորման խաղաղ լուծումը, ինչի մասին բոլորս էլ խոսում ենք: Զորավարժություններն ուժի ցուցադրման միջոց են եւ նաեւ ազդանշան, բայց դրա հետ միասին` պարիտետի առկայության պայմաններում, պարզ է, որ ադրբեջանական կողմը դժվար թե կարողանա սկսել այն գործողությունները, որոնք կստանան իրենց համար ոչ ցանկալի արդյունք: Իսկ մենք Ադրբեջանի համար անցանկալի արդյունք հենց այսօր էլ կարող ենք ապահովել:
«ԲԱՑԻ ԴՐԱՆԻՑ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՀԱՅՏԵՆ ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԸ, ՆԱԵՎ ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐԵՆ ԱՅՆ»
–Մեկ հարց էլ սահմանադրական բարեփոխումների մասին. ինչպե՞ս կգնահատեք այս գործընթացի ներկա փուլը, երբ ձեւավորվեց կողմնակիցների բանակ, ու դրա կողքին կան նաեւ «ոչ»-ի ճամբարում հայտնված քաղաքական գործիչներ, որոնց «ոչ» ասելուց այն կողմ որեւէ հիմնավորում այդպես էլ չներկայացրեցին:
– Մարդիկ, հատկապես քաղաքական գործիչները, երբ ինչ-որ բան ընդունում են կամ չեն ընդունում, պետք է ներկայացնեն փաստարկներ: Մեր քաղաքական գործիչները վակուումի մեջ չեն եւ բացի իրենց շահերը արտահայտելուց, պետք է հիմնավորեն այս կամ այն շահերի առկայությունը կամ բացակայությունը: Եթե դա տեղի չի ունենում, մարդիկ ընդամենն իրենց դիրքորոշումն են արտահայտում` առանց մեկնաբանության, վերլուծության կամ դիրքորոշման պաշտպանության, ապա դժվար թե իրենց դիրքորոշումն ունենա կողմնակիցների մեծ բանակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk