ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽԱՂ` ՀԱՅՏՆԻՆԵՐՈՎ ԵՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽԱՂ` ՀԱՅՏՆԻՆԵՐՈՎ ԵՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ
Ուշագրավ մի համընկնում` Եվրաասոցացումից հրաժարվելու եւ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին որոշումները Սերժ Սարգսյանը կայացրել է գրեթե միաժամանակ: Առաջինը, որպես կատարված փաստ, մատուցվեց 2013-ի սեպտեմբերի 3-ին, իսկ հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիրը ստորագրվեց սեպտեմբերի 4-ին:
ԽՈՇՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Պարզ է, որ սահմանադրական ներկայիս քննարկումներում Վենետիկի հանձնաժողովի առավելագույն ներկայացվածության շահառուն, նախեւառաջ, ԱՄՆ-ն է: Ու հենց այդ խողովակով եկել են վիճահարույց 5-րդ եւ 36-րդ հոդվածները, որոնցից առաջինով շատ են շեշտվում միջազգային համապարտադիր նորմերը, ինչը ինքնիշխանության վերաբերյալ մտահոգություն է առաջացնում, իսկ երկրորդով գոյանում են մտավախություններ, որ կարող է հիմք ստեղծվել այնպիսի այլանդակ եւ մեր ազգին անհարիր երեւույթի համար, ինչպիսին է յուվենալ արդարադատությունը, այսինքն` կողմնակի մարմինների անպատեհ միջամտությունները ընտանիքների ներքին գործերին:
Հարկ է նշել, որ նոր նախագծում շատ հստակ ամրագրվել է համասեռական ամուսնությունների սահմանադրական արգելքը, ընտանիքի հիմնական նպատակը հռչակվել է սերնդատվությունը, ինչը դեռեւս ամռանը հանգեցրել էր Վենետիկի հանձնաժողովի դժգոհությանը եւ տարատեսակ «գույնզգույնների» աղիողորմ կաղկանձին: Սակայն 5-րդ եւ 36-րդ հոդվածի շուրջ, կարծես թե, բավականին հզոր «ստորջրյա» պայքար է ընթանում: Այդ պայքարի տեսանելի մասը կուսակցությունների եւ հայրենասիրական ՀԿ-ների առաջարկություններն են, իսկ տեսադաշտից դուրս նաեւ բյուրոկրատիայի երկու հատվածների` ազգային-պահպանողական եւ լիբերալ-արեւմտամետ հակամարտությունն է:
Թե Վենետիկի հանձնաժողովի միջոցով ինչքան են ամերիկյան եւ եվրոպական միջամտությունները, բազմիցս հիշատակվել է: Սակայն հարկ է նշել, որ փորձագետների միջոցով նաեւ Մոսկվան է զգուշորեն ներկայացնում իր որոշակի մտահոգությունները: Հայտնի եւ մեր ընթերցողներին քաջ ծանոթ քաղաքագետ Անդրեյ Արեշեւը որպես մտահոգիչ պահ մատնանշում է այն, որ դեռ մշակման փուլին բարեփոխումների հիմնադրույթը ներկայացվել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայսին, իսկ մշակմանը ներգրավվել են Միջազգային համագործակցության գերմանական ընկերության փորձագետները, որոնք մասնագիտացած են «քաղաքացիական հսկողության ներքո» ազգային անվտանգության մարմինները ատամնաքաշ լինելու մեջ: Արեշեւը նաեւ մտահոգություն է արտահայտում Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերի առավել քան ակտիվ եւ կասկածահարույց գործունեության կապակցությամբ, ու կասկածահարույց են համարվում հենց միջազգային իրավունքի հաճախակի եւ անհարկի հիշատակումները Սահմանադրության նախագծի տեքստում:
Աշխարհաքաղաքական կենտրոնների հետ են կապվում եւ Արա Աբրահամյանի ձգտումները` մուտք գործել ՀՀ քաղաքական դաշտ, ու այստեղ այդքան էլ միանշանակ չէ` վերջինս հույսը դրել է ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան շրջանակների վրա: Սակայն դժվար թե խոսք լինի նրա չափազանց ակտիվության մասին, եթե ինչ-ինչ նկատառումներով այդ ակտիվության համար կանաչ լույս չվառվի Բաղրամյան 26-ում:
ՔՈՉԱՐՅԱՆԸ, ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԸ
Արա Աբրահամյանի պահով արդեն սկզբունքորեն ժամկետներն էլ են հայտնի` մարտին մուտք քաղաքական դաշտ, մյուս տարվա դեկտեմբերին` ծրագրի ներկայացում: Իսկ ինչ վերաբերում է Արա Արշավիրիչի իրավական կարգավիճակին, քանզի ե՛ւ հին, ե՛ւ նոր սահմանադրություններով նա չի կարող պատգամավոր լինել, իսկ նորով փակ է ճանապարհը դեպի վարչապետի թեկնածություն, ապա, ըստ ամենայնի, նա կգերադասի «ժողովրդական շարժման առաջնորդի» տիտղոսը: Ի դեպ, շարժման ձեւաչափի մեջ է գործում եւ ՕԵԿ-ը, որը մի շարք ՀԿ-ներ իր շուրջը հավաքելով` հռչակել է «Հայկական վերածնունդ» շարժումը: Դե, Քոչարյան-Բաղդասարյան-Աբրահամյան եռյակի մասին արդեն քանիցս առիթ ունեցել ենք խոսելու:
Բնականաբար, հարց է ծագում, ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի պատառիկը անորոշություններով այդքան լի, եւ ինչո՞ւ արդեն իսկ վերցված հարցազրույցն ամբողջությամբ ԱՄՆ իշխանությունների կողմից ուղղակի ֆինանսավորավող «Ազատություն» ռադիոկայանի եթերում հնչելու է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, այսինքն` երբ Սահմանադրության վերջնական նախագիծն արդեն լինելու է: Ինչ է, Ռոբերտ Սեդրակիչը Նոստրադամուսի պես իմացե՞լ է, որ մեկ-երկու ամսում ոչինչ չի փոխվի: Թե՞ նրա «պատառիկային» հարցազրույցը լոկ հրապարակային սակարկությունների փորձ էր: Սակայն ի՞նչ պետք է իշխանություններն առաջարկեն ժողովրդի աչքի գրող Ռոբերտ Քոչարյանին եւ հանուն ինչի: Չէ՞ որ, ինչպես պնդում են որոշ փորձագետներ, նոր սահմանադրությամբ` ՀՀ երկրորդ նախագահի առջեւ փակվում են վերադարձի ոչ միայն դռները, այլ նաեւ լուսամուտները:
Ինչեւէ, կարծես թե, մոտավորապես պարզ է: Քոչարյանը կմասնակցի կամ չի մասնակցի, Արա Աբրահամյանը, կարծես թե, փորձելու է մասնակցել, ՕԵԿ-ը ձգտում է նախատեսել ինչպես քոչարյանական, այնպես էլ անքոչարյան սցենարները, դաշնակներն իրենց մշտական տեղն ունեն, դե, իսկ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ, այսպես կոչված, «քաղաքացիական շարժումները» ապագայի տեսակետից դատապարտված են կցորդային կարգավիճակի, իսկ ներկա պահին, անգամ եթե իդեալականորեն համախմբվեն, առավելագույնը կարող են տհաճ խժդժություններ սարքել, բայց ոչ խանգարել սահմանադրական հանրաքվեն: Առավել եւս, որ արեւմտամետ «ոչ»-իստներն իրենց մտածողության մեջ կրում են այնպիսի ամբիցիաներ, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է մեկը մյուսին զիջելու առաջնորդի հարցում:
Դե, եթե ամենին գումարենք եւ հրդեհի մեջ կորած Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի գործոնը, եւ Ադրբեջանի կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները` գնալով ավելի ծանր զինատեսակների կիրառումով, ապա պարզ է դառնում, որ քաղաքական դաշտում էլեկտրական լիցքերն առկա են լինելու ե՛ւ մինչեւ տարեվերջ, ե՛ւ հաջորդ տարի, ե՛ւ 2017-ին` մինչեւ նոր խորհրդարան ընտրվելը: Որ ասում ենք էլեկտրական, ապա նաեւ բառացի էլեկտրական բաղադրիչ նրանք ունեն, քանզի որոշ կառույցների մոտ ցանկություններ կան վերսկսել հակասակագնային ցույցերը, դրանց չգիտես ինչ հրաշքով անպոչ գդալի պես կցելով Սահմանադրությանը «ոչ» ասելը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk