ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԵՌԱՑԱՎ Լ.ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՅԻ ՈՒ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅԻՑ» ՀԻԱՍԹԱՓՎԱԾ
Արխիվ 12-16ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԵՌԱՑԱՎ Լ.ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՅԻ ՈՒ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅԻՑ» ՀԻԱՍԹԱՓՎԱԾ
Ադրբեջանի «սեւ ցուցակները» կարծես էլ ավելի են ամրապնդում ռուս եւ համաշխարհային արտիստների կապը Հայաստանի ու հատկապես Արցախի հետ: Դրա վառ ապացույցը օրերս Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ՌԴ վաստակավոր արտիստ, օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայայի գեղարվեստական ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի եւ Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հիշատակին Ջ. Վերդիի «Ռեքվիեմին» ներկա համաշխարհային «աստղերի» ներկայությունն էր, ինչը նյարդայնացրել էր ազերի ղեկավարներին: Ինչեւէ, Ադրբեջանի «պատվավոր» «սեւ ցուցակը» հարստացնելուց հետո հանրահայտ դասական «աստղերը» հանդես եկան Հայաստանում` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում` ՀՀ ժողովրդական արտիստ, տենոր, Օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի եւ ՌԴ վաստակավոր արտիստ, օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայայի բարեգործական համերգին: Համերգն ընթանում էր Երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ` գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Իսկ համերգից ստացված հասույթը կտրամադրվի Երեւանում օպերային արվեստի ակադեմիայի կառուցմանը, որը կկրի հենց Գեղամ Գրիգորյանի անունը:
«ԱՅՍՊԻՍԻ ՀՅՈՒՐԵՐ ՄԵԶ ՄՈՏ ՀԱՃԱԽ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»
Համերգի սկզբում ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ շնորհակալություն հայտնեց օտարազգի գործընկերներին. «Որ համաձայնեցին գալ Արցախ ու մասնակցել հզոր նախագծում: Այս համատեղ շփումը օգտակար կլինի հատկապես մեր երիտասարդ արտիստների համար: Այսպիսի հյուրեր մեզ մոտ հաճախ չեն լինում»:
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԻՐՈՒՄ ԵՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»
Իսկ ԼՅՈՒԲՈՎ ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՆ մի պահ մտովի տեղափոխվեց մանկություն. «Դեռ մանկության տարիներին, երբ այստեղ էի բնակվում մայրիկիս հետ, գրեթե ամեն օր թատրոն էինք գալիս: Կարելի է ասել` լսել եմ գրեթե բոլոր հայ հզոր երգիչներին եւ երաժիշտներին: Եվ հիմա ինձ համակում է շատ ջերմ զգացողություն: Այդ հիշողությունները հոգուս մեջ թրթիռ են առաջացնում: Շնորհակալություն, որ դուք սրբորեն պահում, պահպանում եք ձեր ավանդույթները եւ սերը` դասական երաժշտության հանդեպ: Շնորհակալ եմ իմ ճակատագրից, որ ինձ հնարավորություն ընձեռեց` այստեղ իրականացնելու այս նախագիծը, որը մենք սկսեցինք Լեռնային Ղարաբաղից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Արցախի ազատության օրվան նվիրված: Այս հողում թող միշտ լինի լույս, բարություն, երաժշտություն եւ թող այս հողում երբեւէ չլինեն պատերազմներ եւ ագրեսիա: Փոխարենը թող միշտ հնչի Աստծո խոսքն ու գեղեցիկ երաժշտություն, քանի որ հայ ժողովուրդը սիրում եւ հասկանում է դասական երաժշտություն: Այսօրվա մեր նախագծով Գ. Գրիգորյանի հետ ճանապարհ ենք տալիս երիտասարդներին, որոնք աշխարհի լավագույն բեմահարթակներում կշարունակեն իրենց գործունեությունը` օպերային ժանրում, բայց ամենից առաջ հայաստանյան բեմում` Ալ. Սպենդիարյանի անունը կրող այս հրաշալի թատրոնի բեմում»:
ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ՆԱԵՎ ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՅԻ ՈՐԴԻՆ
Բարեգործական համերգի ընթացքում հայաստանյան դասական կատարողների հետ հանդես եկան Ռուսաստանի, Իտալիայի, Սերբիայի օպերային երգիչներ: Նրանց կողքին հանդես եկավ նաեւ երիտասարդ ջութակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող Անդրեյ Ռոսցիկը, ով հետո պարզվեց, որ Կազարնովսկայայի որդին է: Որդու կատարումից հետո Կազարնովսկայան կրկին ընկավ հիշողությունների գիրկը. «Գեղամի հետ կուլիսներում մտաբերեցինք Փարիզի մեր հյուրախաղերը, այդ ժամանակ իմ ու Գեղամի երեխաները մեզ հետ էին եւ խաղում էին օպերային թատրոնի հատակին, եւ մենք նրանց «պալածյորներ» էինք անվանում, քանի որ «մաքրեցին» օպերային թատրոնի ողջ հատակը: Հիմա, երբ փորձում ենք ժամանակի կապը ի մի բերել, մեզ համար շատ հաճելի հիշողություններ են գալիս»,- անցյալի հեռվից վերադառնալով` ասաց Կազարնովսկայան եւ կանխագուշակելով որդու հուզմունքը` ասաց. «Որդուս համար մեծ երջանկություն է նվագել այս թատրոնում, այս հրաշալի հանդիսատեսի առջեւ ու այսպիսի նվագախմբի ու նման դիրիժորի` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ»:
ԻՏԱԼԱՑԻ ԲԱՍ-ԲԱՐԻՏՈՆԸ ՄՐՍԵԼ ԷՐ ԱՐՑԱԽՈՒՄ
Երեկոյի ընթացքում երկու անգամ տարբեր կատարումներով հանդես եկավ նաեւ ադրբեջանական «սեւ ցուցակակիր» իտալացի բաս-բարիտոն ՆԻԿՈԼԱ ՈՒԼԻՎԵՐԻՆ, ում հայ հանդիսականը շատ ջերմ ընդունեց: Երկրորդ կատարումից հետո երգիչը Կազարնովսկայայի միջոցով հայ հանդիսականին փոխանցեց. «Նիկոլան հուզված է, քանի որ Արցախում համերգի ժամանակ ուժեղ քամու պատճառով մրսել է, ուստի չկարողացավ իրեն էլ ավելի լավագույնս ներկայացնել, դրա համար ներողություն է խնդրում»: Գ. Գրիգորյանն էլ հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է` Ուլիվերին առանձին համերգով հանդես գա հայ հանդիսականի համար:
ԻՏԱԼԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ԵՐՋԱՆԻԿ Է, ՈՐ ԵՂԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ
Հանդիսատեսին միանգամից աշխուժացրեց «վերջին դեպքերից» հետո կրկին ադրբեջանական «սեւ ցուցակակիր», Ապրիլի 24-ին «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած իտալացի դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՅԻ կարճ ելույթը, որը հաստատ կրկնակի ցնցում կլինի հենց ադրբեջանցիների համար. «Երջանիկ եմ, որ գտնվում եմ այս հրաշալի երկրում եւ այս հրաշալի թատրոնում ու պատիվ ունեմ հրավիրյալ գլխավոր դիրիժորի կարգավիճակում լինել: Ես նաեւ երջանիկ եմ, որ եղել եմ Արցախում, իմ Արմենիա»: Իտալացի դիրիժորի կարճ, բայց մահացու հարվածը ադրբեջանցիներին, հայ հանդիսատեսի կողմից ընդունվեց բուռն եւ անդադար ծափերով ու բրավոներով:
ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՐԳԵՑ
Ինչեւէ, բավականին լեցուն դահլիճում կայացած համերգին հանդիսատեսը եկել էր պատրաստված` վայելելու Լ. Կազարնովսկայայի կատարումները: Սակայն հանդիսատեսը 5000-20000 դրամ արժողությամբ տոմսեր գնելով` հնարավորություն ունեցավ ռուս երգչուհուն «վայելելու» միայն հանդիսավարի դերում` ողջ երեկոն վարում էր հենց նա: Այնուամենայնիվ, հանդիսականի շարքերից դժգոհություններն անպակաս եղան, նրանց մի մասը բավարարվեց նրա ներկայությամբ, իսկ հիմնականում տարեցներն էլ` թե գումար ենք տվել, որ գանք նրա փոխարեն ուրիշների կատարումները լսե՞նք... Խաբո՞ւմ են հանդիսականին...
«ԵԿԵՔ ՀԱՇՎԵՆՔ` «ԱՎԱՆՏՅՈՒՐԱ»»
Գ. Գրիգորյանն էլ երեկոյի ավարտին իր շնորհակալական ելույթով կարծես հաստատեց այս հանդիսականի կարծիքը. «Այն, ինչ ես նախագծել էի, եկեք հաշվենք «ավանտյուրա», որը հետագայում կվերածվի հրաշալի գործի: Վստահ եմ` մեծ ավանդ կունենա սկիզբ առնող նախագծերի համար»:
Կարծում ենք` դա «չփրկեց» նրանց, քանի որ հանդիսատեսի մի մասը դահլիճից հեռացավ Լ. Կազարնովսկայայի ու Գ. Գրիգորյանի «ավանտյուրայից» հիասթափված, միմյանց ասելով` գոնե վերջում մի բան երգեր տնաշենը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk