«Ամենապստիկ երեխան իր խոցված մեքենայով կանգնած է սահմանի եզրին...ու երբեք չի վախենում»
Արխիվ 12-16«ԱՄԵՆԱՊՍՏԻԿ ԵՐԵԽԱՆ ԻՐ ԽՈՑՎԱԾ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԿԱՆԳՆԱԾ Է ՍԱՀՄԱՆԻ ԵԶՐԻՆ...ՈՒ ԵՐԲԵՔ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ»
Կիրակի օրը Տավուշի մարզկենտրոնը` Իջեւանը, հյուրաշատ էր: Առիթը ոչ թե սահմանային լարվածությունն էր, այլ այն, որ Տավուշի թեմի առաջնորդությունը ստանձնեց Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ` ընդունելով Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանից հովվական գավազանը: Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում կայացած Ս. Պատարագից հետո Տավուշի թեմի նոր առաջնորդը խոսեց ինչպես իր ստանձնած մեծ պարտավորությունների, այնպես էլ սահմանային իրավիճակի ու տավուշեցների մասին:
ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

«Վստահեցնում եմ ձեզ, որ մեր ամբողջ օրն ու ժամանակը, մեր կյանքի բոլոր օրերը այս մարզի, այս թեմի տարածքում լինելու են միայն առաքելության օրեր: Մեր քահանա հայրերի հետ միասին գտնվելու ենք բոլոր վայրերում, բոլոր շեներում, բոլոր գյուղերում, լինելու ենք պայքարող, կռվող արժանապատիվ, հավատքով, կամքով լեցուն հայ մարդու կողքին: Նրա ձեռքը բռնելով, բաժանելով նրա դժվարությունները, կիսելով նրա ուրախությունները` առաջնորդելու ենք դեպի Աստված, դեպի հաղթանակ, ինչպես առաքյալն է ասում, մեր տիրոջ` Հիսուս Քրիստոսի անունով», - խոստացավ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ու խոսեց մարզի ունեցած խնդիրների եւ դրանց լուծման ծրագրերի մասին. «Այս մարզը յուրահատուկ է, մի քանի կիլոմետր այն կողմ մենք սահմանագիծ ունենք, մեր երեւացող, դժբախտաբար թշնամիների հետ: Մեր բնակավայրերը գտնվում են ամենօրյա մահվան եւ կյանքի պայքարի մեջ, լույս
ու մութի, խավարի եւ լուսավորության, հատկապես լուսավորության հաղթանակի միջեւ: Մենք այստեղ ունենք զանազան խնդիրներ` ընկալման, գիտակցության փոփոխությունների, սոցիալական, տնտեսական կյանքի, զանազան ոլորտների մեջ ունենք տարբեր տեսակի մարտահրավերներ, որոնք կոչված են մեզ ոչ թե ընկճելու, այլ որպես հնարավորություններ, մեր կյանքն ավելի բարելավվելու: Մեր ծրագրերն իրականացնելու ենք մեր թեմի ամբողջ տարածքի բոլոր շրջաններում եւ գյուղերում: Մեր գործն առաջին հերթին լինելու է Աստծուն տանել ամեն տուն, հայ եկեղեցին դարձնել իրականություն ամեն հայ մարդու կյանքում այնքան, որքան գործելու ուժ տվել է մեզ Աստված...Իրականացնելու ենք մեր երիտասարդական ծրագրերը` մեր մարզի ամբողջ տարածքով, այդ թվում իրագործելու ենք կիրակնօրյա դպրոցների վերարթնացման
ծրագիրը: Եվ նպատակ ենք դրել, որ ամեն գյուղ ունենա մեկ կիրակնօրյա դպրոց: Փորձելու ենք վերականգնել, վերանորոգել, մեր պատմական վանքերը` մեր Մակարավանքը, Գոշավանքը, Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Ճլվիզի վանքը, Աղավնավանքը, բոլոր այն վանքերն ու եկեղեցիները, որտեղ անանուն կերպով հանգչում են մեր հայրերը, որոնք անուն չեն փնտրել երբեք, բայց իրենց անունը եղել է իրենց մեծագործությունը եւ այն ժառանգությունը, որը ստացել ենք: Դժբախտաբար անընդհատ փչացնելով այդ ժառանգությունը այն բարեբախտաբար չի սպառվում: Մենք փորձելու ենք մեր ժողովրդի կյանքում իրականացնել այն բոլոր սոցիալական, տնտեսական ծրագրերը, որոնք ուղղված են լինելու նաեւ իր կյանքի այդտեսակ բարելավմանը»:
«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊ ԷՐ, ԻՍԿ ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՆԱՐԴԻ ԷԻՆ ԽԱՂՈՒՄ»
Տավուշում տիրող իրավիճակը Բագրատ Սրբազանը ներկայացրեց մեկ, բայց խոսուն օրինակով` Սուրբ խորան բարձրացնելով փոքրիկ տավուշեցու թշնամու գնդակից խոցված խաղալիք ավտոմեքենան. «Այս քանի օրերին մենք գտնվում էինք կրակահերթի ներքո: Տարբեր գյուղերում, Երեւանում տագնապ էր, խուճապ, իսկ մեր գյուղերում մարդիկ նարդի էին խաղում, հեռուստացույց էին նայում, իրենց այգին էին մշակում ու «ձեռքի հետ էլ» պաշտպանում էին սահմանը: Բազմաթիվ լրագրողներ տագնապած հեռաձայնել են եւ մենք անընդհատ ասել ենք, որ այստեղ բացարձակ տագնապի վիճակ գոյություն չունի: Այստեղ քաջարի, արժանապատիվ հայ մարդն է ապրում, ով պաշտպանում է իր սահմանը: Բոլորիս կյանքի համար սահմանին կանգնած է հայ զինվորը եւ հայ գյուղացին, որը, միեւնույն ժամանակ, այդ սահմանը պաշտպանելով`
իր առօրյա կյանքն է ապրում: Եվ այդ սահմանի պաշտպաններից մեկի մեքենան է սա, որի անիվը, ինչպես տեսնում եք, խոցված է թշնամական գնդակից: Սա է տավուշեցու պատկերը, նույնիսկ ամենապստիկ երեխան իր խոցված անիվով մեքենայով կանգնած է սահմանի եզրին: Եվ երբ հարցնում ենք, թե վախենո՞ւմ ես, նրա պատասխանն է` երբեք չեմ վախենում: Սա է մեր ինքնությունը, որպես հաղթանակած ժողովուրդ...»: Այնուհետեւ հավելեց. «Հրավիրում եմ բոլորիդ մեր ամենօրվա կյանքին ներկա գտնվել` ձեր աղոթքներով, ձեր մարդկային ներկայությամբ, ձեր բարի խոսքերով, ձեր հավատքի զգացումով, ձեր ժպիտներով եւ նաեւ ձեր նյութական մասնակցությամբ: Մենք թեմում սակավ ենք որպես հոգեւորականներ` 10-12 հոգի ենք ընդամենը, նյութական միջոցները մեր պակաս են, բայց մեր համառությունն ու կամքը, մեր հավատքը մեր Աստծու նկատմամբ մեզ ամենուր առաջնորդելու է դեպի հաղթանակների եւ այն ոչ մի վայրկյան տատամսում չունի: Սա է լինելու մեր առաջնորդողը կյանքում եւ սա է լինելու մեր հաղթանակների գրավականը կյանքում: Բագրատ սրբազանը ոչինչ չի կարող անել միայնակ, եթե չլինենք որպես ընտանիք, որպես ամբողջություն որպես հավաքականություն եւ միասին գործող առաքյալներ այս հերոսական տարածքի վրա»:
«ՏԱՎՈՒՇԵՑԻՆ ԿՐԱԿԻ ՏԱԿ, ԹԵ` ՈՉ, ԻՐ ԱՄԵՆՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՎ Է ԱՊՐՈՒՄ»
Ի դեպ, Տավուշի թեմի նոր առաջնորդը մեզ հետ պատգամ եւ հորդոր է ուղարկել Երեւան, որպեսզի այն փոխանցենք գործընկեր լրատվամիջոցներին. «Մեր իրավիճակը այնքան տագնապալի չէ, որքան շատ հաճախ փոքր ու մեծ լրատվամիջոցներ տագնապեցնում են եւ խուճապ են ստեղծում: Եվ երբեմն այդպիսի հրապարակումներն այն աստիճանի են հասնում, որ Երեւանում գտնվող կամ սահմանից հեռու գտնվող մարդը կարծում է, թե պատերազմը արդեն մտել է իր տուն: Նման բան գոյություն չունի եւ իմ հորդորն է, որպեսզի ստուգված, մանրակրկիտ, չափված, ձեւված տեղեկություններ միայն փոխանցվեն: Տավուշեցին կրակի տակ, թե ոչ կրակի տակ իր ամենօրյա կյանքով է ապրում, ստեղծում է, իր այգին է մշակում, իր անասունն է պահում, իր խաղն է խաղում, իր ամենօրյա զբաղմունքով է զբաղվում, ինչքան հնարավորություն ունի եւ, միեւնույն ժամանակ, իր կյանքով սահմանն է պահում: Եթե այդ բոլորին կարող են մասնակից լինել, խնդրում եմ` գան այս կողմ, եթե` ոչ, գոնե փորձեն հստակ ու հասկանալով տեղեկատվություն տարածել», - իր խոսքը եզրափակեց Բագրատ Սրբազանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
