ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ Է ԱՅԼ ՇՈՒԿԱՆԵՐՈՎ
Արխիվ 12-16ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ Է ԱՅԼ ՇՈՒԿԱՆԵՐՈՎ
Արտաքին որոշ շուկաներում ստեղծված անբարենպաստ պայմանների հետեւանքով տարեսկզբին արձանագրած արտահանման բավական կտրուկ անկումը կասեցնելու նպատակով կառավարության ձեռնարկած քայլերը, կարելի է ասել, տվեցին իրենց արդյունքը: Արդեն յոթ ամիսների տվյալներով այն ոչ միայն վերականգնվեց, այլեւ մի փոքր նույնիսկ գերազանցեց նախորդ տարվա մակարդակը:
Նշենք, որ տարեսկզբի յոթ ամիսների ճշտված տվյալներով, ռուսական շուկայում հայկական ապրանքների մուտքը պակասել է գրեթե 35 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը մշտապես հանդիսացել է Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերը: Նախորդ տարիներին ռուսական շուկայի մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ տատանվում էր 20 տոկոսի սահմաններում: Այնինչ, այս տարի ընդամենը 12-13 տոկոս է:
Դժվար չէ պատկերացնել, թե այս փոփոխությունն ինչպիսի էական ազդեցություն է ունեցել հայկական ապրանքների արտահանման ծավալների վրա: Տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով, ռուսական շուկա հայկական ապրանքների մուտքը կրճատվել է ավելի քան 54 մլն դոլարով:
Նման կտրուկ անկման պայմաններում այնուհանդերձ հաջողվեց պահպանել եւ մի փոքր նույնիսկ գերազանցել արտահանման նախորդ տարվա մակարդակը: Մի բան, ինչը բնականաբար հնարավոր եղավ այլ շուկաներ գտնելու միջոցով: Դրա վկայություններից մեկն էլ որոշ երկրների հետ Հայաստանի առեւտրային հարաբերություններում, եւ առաջին հերթին արտահանման ոլորտում արձանագրված դրական փոփոխություններն են:
Այս տարի գրեթե 30 անգամ ավելացել է արտահանումը Ճապոնիա: Թեեւ այն դեռեւս շատ մեծ չէ` շուրջ 3,4 մլն դոլար, այնուհանդերձ սա կարելի է ասել, նոր շուկա է հայկական ապրանքների համար: Շվեյցարիա հայկական ապրանքների մուտքը տարեսկզբի յոթ ամիսներին ավելացել է 6,2 անգամ: Նախորդ տարվա 5,3 մլն դոլարից այն հասել է 33,4 միլիոնի:
Հայկական ապրանքների արտահանման աննախադեպ բարձր ակտիվություն է գրանցվել ռումինական շուկայում: 2014թ. համեմատ այն ավելացել է 344 անգամ: Եթե անցած տարվա յոթ ամիսներին այստեղ Հայաստանից տեղափոխվել էր ընդամենը 52 հազարի, ապա այս տարի ավելի քան 18 մլն դոլարի ապրանք:
Շարունակել է պահպանվել վերջին տարիներին դիտարկված արտահանման ակտիվությունը մի շարք երկրների հետ հարաբերություններում: Դա նկատելի է առաջին հերթին Չինաստանի եւ Իրաքի դեպքում:
Չինական շուկայում հայկական ապրանքների մուտքն ավելացել է եւս 30 տոկոսով` հասնելով 106 մլն դոլարի: Այս ցուցանիշով Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ երկրորդն է եւ Ռուսաստանին զիջում է ընդամենը 0,2 տոկոսով:
Բարձր ակտիվությունը պահպանվել է նաեւ Իրաքի հետ հարաբերություններում: Վերջին երկու-երեք տարիներին հայտնվելով Հայաստանի արտահանման գործընկերների մեջ` Իրաքի մասնաբաժինն արագորեն մոտենում է առաջնագծի երկրներին: Տարեսկզբի յոթ ամիսներին այս շուկա է տեղափոխվել գրեթե 66 մլն դոլարի ապրանք, նախորդ տարվա 39,5 միլիոնի փոխարեն: Աճը գերազանցում է 66 տոկոսը:
Այս եւ այլ շուկաներում արտահանման ավելացման հաշվին էլ թերեւս հաջողվել է հաղթահարել որոշ կարեւոր գործընկեր երկրներում հայկական ապրանքների իրացման համար ի հայտ եկած դժվարությունների հետեւանքները:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝