Արժանի է գովասանքի. ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը դրական է արձագանքել սահմանադրական բարեփոխումներին
Արխիվ 12-16«ԱՐԺԱՆԻ Է ԳՈՎԱՍԱՆՔԻ». ԵԽԽՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴՐԱԿԱՆ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
Սեպտեմբերի հենց սկզբից ԵԽԽՎ պատվիրակները սկսել են հանձնաժողովների նիստերը` վեհաժողովի լիագումար նիստին ընդառաջ: Այս առթիվ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆՆ օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը եղել է Փարիզում` ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով, ապա մեկնել Սարաեւո եւ մասնակցել մոնիթորինգի հանձնաժողովի նիստին, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
– Տիկին Նաղդալյան, սեպտեմբերի առաջին շաբաթում տեղի ունեցած ԵԽԽՎ-յան հանձնաժողովների նիստերից ո՞րն առավել կարեւոր նշանակություն ուներ Հայաստանի համար:
– Հատկապես կարեւորում եմ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը` որպես վեհաժողովի գլխավոր կառույցներից մեկը, ինչպես նաեւ այն իմաստով, որ օրակարգում մեզ առնչվող երկու հարց կար` մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննախի հեղինակած զեկույցը, որը վերաբերում է ԵԽ անդամ երկրներում մոնիթորինգային գործընթացների առաջխաղացմանը եւ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանի համազեկուցողներ Ա. Ֆիշերի եւ Ա. Միլի հերթական այցի մասին տեղեկատվությանը: Ըստ էության, այն ամփոփումն է բոլոր զեկույցների եւ զարգացումների, որոնք տարվա ընթացքում ունեցել են անդամ երկրները, ես կասեի` այն տարվա մոնիթորինգի սեղմագիրն է: Նշեմ, որ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ ավստրիացի սոցիալիստ Շեննախն, ի պատիվ իրեն, հսկայական վերլուծական աշխատանք էր կատարել` ուսումնասիրելով բոլոր մոնիթորինգային երկրներում ընթացող գործընթացները, առանձնացնելով նրանցից առավելապես կարեւորները` 2014-ի հոկտեմբերից մինչեւ 2015-ի օգոստոսը: Նշված են համազեկուցողների այցերը, պատրաստված եւ ընթացող զեկույցները, ընդունված փաստաթղթերը եւ այլն, իսկապես, համապարփակ մի փաստաթուղթ, որր մանրամասնորեն քննարկվեց (շուրջ կես աշխատանքային օր): Նշենք ,որ ներկայումս մոնիտորինգային գործընթացում են գտնվում 9 եվրոպական երկիր՝ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՈՒկրաինա, Ռուսաստան, Սերբիա, Մոլդովա, Բոսնիա եւ Հերցոգովինա, որի մայրաքաղաք Սարայեվոյում էլ տեղի էր ունենում հանձնաժողովի նիստը: Եվս 4 երկիր` Բուլղարիա, Թուրքիա, Մակեդոնիա եւ Չեռնոգորիա գտնվում են հետմոնիտորինգային պրոցեսում: Հիշեցնեմ, որ վերջերս Վեհաժողովը դադարացրեց մոնիտորինգի գործընթացը եւ անցավ հետմոնիտորինգային փուլ Չեռնոգորիայի մասով եւ դադարեցրեց հետմոնիտորինգը Մոնակկոյի մասով:
Խնդրո առարկա զեկույցի մեջ որոշակի տեղ է հատկացված յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող իրադարձություններին` Վեհաժողովի եւ հատկապես մոնիթորինգի հանձնաժողովի արձագանքին եւ ձեռնարկած քայլերին: Բնականաբար, անդրադարձ կա նաեւ Հայաստանին: Առաջինը, եւ, թերեւս, ամենաէականն այն է, որ հանձնաժողովը ողջունում եւ գնահատում է դրական տեղաշարժերը, որ կատարվել են հաշվետու ժամանակաշրջանում, հատկապես Սահմանադրական բարեփոխումների իմաստով: Հիմնական իրավունքների երաշխավորման եւ պահպանման նպատակադրումը կարեւորվում է հանձնաժողովի կողմից: Զեկույցի հուշագրի մեջ զեկուցողը նշում է, որ ՀՀ նախագահի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի հայեցակարգի մշակման փուլից սկսած աշխատել է Վենետիկի հանձնաժողովի հետ, եւ ներկայացրած հայեցակարգը արժանացել է, ընդհանուր առմամբ, դրական կարծիքի: Հանձնաժողովը ընդունում է, եւ դա հատկապես ընդգծվում է փաստաթղթում, որ «սահմանադրական բարեփոխումները նպատակ ունեն ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները եւ դատական համակարգի անկախությունը: Ինչպես նաեւ, այն փաստը, որ գործընթացը իրականացվում է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ խորհդակցությամբ` արժանի է գովասանքի», -նշված է փաստաթղթում: Զեկուցողը եւ մոնիթորինգի հանձնաժողովը կարեւորում են, որ գործընթացը լինի «ներառական» /ինքլյուզիվ / եւ ուղղված լինի քաղաքական բազմակարծությանը ու ԱԺ-ի նկատմամբ Կառավարության հաշվետվողականության ամրապնդմանը, ինչպես նաեւ, հիմնավորված եւ համապարփակ հանրային քննարկումների համար:
– Բացի սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ դրական արձագանքից, էլ ի՞նչ կետեր կան զեկույցում, որը նշել է հանձնաժողովը ՀՀ-ի վերաբերյալ:
– Բնականաբար, ինչպես եւ բոլոր երկրների վերաբերյալ, այնպես էլ Հայաստանի, զեկույցում նշված են նաեւ մտահոգություններ: Բայց Հայաստանին վերաբերող մտահոգությունների կետը, առանց չափազանցության, կարելի է ասել ամենակարճն է, քանզի ընդամենը մեկ նախադասություն է նշված` դա իրավիճակի շարունակվող քաղաքականացվածությունն է: Մեկ այլ կետում հանձնաժողովը կոչ է անում պատկան մարմիններին հետաքննել ցույցերի եւ դեմոնստրացիաների ժամանակ ուժի անհամաչափ կիրառման մասին յուրաքանչյուր հայտարարություն:
– Իսկ ինչպիսի՞ն է եղել Ձեր արձագանքը:
– Քննարկման ընթացքում մենք ներկայացրեցինք սահմանադրական բարեփոխումների ներկա փուլը, եւ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից սահմանադրության նախագծի ամբողջական տեքստի հրապարակումից հետո ձեռնարկած քաղաքական կոնսուլտացիաների 2-րդ «ռաունդի» մանրամասները: Նշեցինք, որ քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը` բացառությամբ 2-3 կուսակցության, ընդունում է համատեղ քննարկումների անհրաժեշտությունը եւ հրավերքը նախագահի կողմից: Ընթանում են լայն քննարկումներ` խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության ինստիտուտների հետ, իրականացվում են լսումներ ԱԺ-ում եւ այլն: Եվ այս ամենը խոսում է այն մասին, որ լայն հանրային քննարկումներն անշուշտ հարստացնելու են նախագիծը: Ներկայացրեցինք նաեւ Վենետիկի հանձնաժողովի անդամների վերջին այցը եւ քննարկումների շարքը, ինչպես մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքական ուժերի եւ հանրության ներկայացուցիչների հետ:
– Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է վերոնշյալ զեկույցում Ադրբեջանին վերաբերող անդրադարձը:
– Դրական մասում նշված են ջանքերը` կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության ֆինանսավորման եւ թափանցիկության ավելացման ուղղությամբ: Մտահոգությունների մեջ` անկախ դատական համակարգի բացակայություն, բռնաճնշումներ ԶԼՄ-ների եւ անկախ լրագրողների նկատմամբ, սիստեմատիկ ռեպրեսիաներ եւ քրեական հետապնդումներ իրավապաշտպանների, ոչ պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, իրավաբանների եւ այլնի նկատմամբ: Պահանջվում է վերջ դնել իրավապաշտպանների, ԶԼՄ-ների եւ իշխանություններին քննադատողների նկատմամբ ռեպրեսիաներին, բռնաճնշումներին, քաղաքական շարժառիթներով դատաքննություններին: Ինչպես նաեւ պահանջում են նման վճիռների վերանայում, ստեղծել ադեկվատ բալանս` ահաբեկչության եւ հանցավորության դեմ պայքարի եւ ազատ կարծիք արտահայտելու ու ասոցիացիաների իրավունքի միջեւ:
-Հետաքրքիր է, թե համազեկուցողների տեղեկատվությունն ինչպե՞ս ընդունվեց հանձնաժողովի կողմից:
- Կարծում եմ` ամենակարեւորը հանձնաժողովի համար համազեկուցողների այն պնդումն էր, որ Հայաստանի իշխանությունների հետ կա խոր փոխըմբռնում եւ համագործակցություն, ու Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ իրենք աշխատում են՝ զգալով իշխանությունների իրական աջակցությունը: Համազեկուցողները նույնպես անդրադարձել էին Սահմանադրական բարեփոխումներին եւ մի շարք այլ հարցերի: Մասնավորապես նշեմ, որ ընդգծվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի կարեւորությունը եւ բարձր որակը, ինչպես նաեւ հանձնաժողովի պատրաստակամությունը ներառել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները փոփոխությունների նախագծում: Այս փաստը նրանք ողջունում են եւ դիտում նաև որպես Եվրոպայի խորհրդի առջև ստանձանծ պարտավորությունների նկատմամբ իշխանությունների հանձնառության նշան: Նրանք նշում են, որ սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքներն ու ազատությունները էապես ավելացվել եւ «հարստացվել» են եւ կարեւորում եև ձեւակերպումների մեծապես համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ձևակերպումներին:
Խորհրդարանական հանրապետության ստեղծմամբ խորհրդարանի լիազորությունները զգալիորեն կընդլայնվեն, եւ դրա հետ մեկտեղ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են խորհրդարանում ընդդիմության իրավունքների ընդլայնում: Այս փաստը եւս ողջունելի է:
Արծարցվեցին մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովը արդեն քննարկումներ կատարել էր Վենետիկի մասնագետների հետ եւ կոմպրոմիսներ գտել, այդ թվում՝ երկքաղաքացիության ցենզի, դատավորների նշանակման եւ այլն, եւ դա կհրապարակվի Վենետիկի հանձնաժողովի 2 կարծիքում: Համազեկուցողները ցավով նշում են, որ սահմանադրական բանավեճում գերակշռում են քաղաքական համակարգի փոփոխության վերաբերյալ առաջարկների շուրջ քննարկումները` այդպիսով ստվերում թողնելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք այլ կարեւոր առաջարկներ, որոնք վերաբերում են Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
