ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ. «ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐՆ ՕՐԵՆՔԻՆ ԱՊԱՎԻՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՔԱՆԻ ԴԵՌ…»
Արխիվ 12-16ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ. «ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐՆ ՕՐԵՆՔԻՆ ԱՊԱՎԻՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՔԱՆԻ ԴԵՌ…»
Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների համար կալանավորվել է չորս քաղաքացի, որոնցից մեկն էլ Արա Բուդաղյանն է` 2013 թ-ին Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների պատճառով սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը:
Իշխանական որոշ շրջանակներ, ինչպես նաեւ Սուրեն Խաչատրյանը, ըստ շրջանառվող լուրերի, մտավախություն ունեին, որ գործարար, Մոսկվայում լավ կապեր ունեցող Արա Բուդաղյանը կարող է վրեժ լուծել Սյունիքի մարզպետից իր եղբոր սպանության համար: Այդ պատճառով արվում է ամեն ինչ` Բուդաղյանի կալանքը երկարացնելու: Առավելեւս, որ մինչ Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա եղած կրակոցները, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պարբերաբար էր բարձրաձայնում առանձնատան շուրջ տեղի ունեցած դեպքերի կողմնակալ քննության մասին: «Իրավունք»-ի հետ զրույցում, սակայն, Հայկ Ալումյանը հերքեց Բուդաղյանների կողմից վրեժ լուծելու ցանկության մասին լուրերը. «Երկու տարի Արա Բուդաղյանն ուղղակի կամ անուղղակի նման ցանկություն չի դրսեւորել: Երկու տարի Բուդաղյանների ընտանիքը օրինական ճանապարհով է պայքարում: Քանի դեռ օրենքի ճանապարհը չի փակվել վերջնականապես, այդ ընտանիքն ապավինում է օրենքին: Եթե մտածում են, որ մի անձի կողմից մի ուրիշ անձի վտանգ է սպառնում, դա չի նշանակում, որ պետք է շինծու մեղադրանքով եւ ակնհայտ անօրինական որոշումով կալանավորեն: Կան ավելի գործուն մեխանիզմներ»:
Հայկ Ալումյանը կարծում է, որ երբ Բուդաղյանները բռնեցին օրենքի ճանապարհը, բոլորի համար պարզ պետք է լիներ`ինչով են զբաղված իր պաշտպանյալները: «Արդեն երկու տարի է`շփվում եմ Բուդաղյանների հետ: Ես վստահաբար այն կարծիքին եմ, որ այս փուլում նրանք վրեժի ճանապարհը չեն ցանկանում բռնել: Եվ ոչ միայն այս փուլում: Ես իրենցից չեմ լսել ոչ մի բառ թե՛ ուղիղ, թե ՛անուղղակի ձեւով, որ նրանք փորձելու են հարցը լուծել ոչ օրինական ճանապարհով: Նրանք վստահ են` իրենց հարցն օրինական ճանապարհով լուծվելու է»,-եզրափակեց Բուդաղյանների փաստաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
