Զարմացած է
Արխիվ 12-16
Աչքներս լույս, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հայրենիքից թարմացած եւ կազդուրված վերադարձել է Հայաստան ու որոշել հանրության հետ կիսել իր թանկագին կարծիքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Ու քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանին երկար կարդալը կամ լսելը առաջացնում է գլխացավ եւ ցրվածություն` այդ մարդու խոսքի զարմանալի խուճուճության պատճառով, ուստի ընթերցողին կներկայացնենք ընդամենը մի փոքր մեջբերում. «Թունավոր ծառից բարի պտուղ չի կարող գալ: Այս իշխանությունը` պարոն Սարգսյանից սկսած, չունի լեգիտիմություն, պետական հանցագործությամբ գողացվել է ժողովրդի քվեն, խախտվել է Սահմանադրությունը: Այդ վարչակարգը, որը խախտում է Սահմանադրությունը, չի կարող ներկայացնել երազանքային սահմանադրություն եւ ներկայացնել, որ դա նպաստ կունենա ՀՀ-ի եւ ժողովրդի համար»: Զարմանալի է, մի՞թե մեր «նարնջագույն» ընդդիմադիրները այդքան տկար երեւակայություն ունեն, որ չեն կարող որեւէ նորություն մոգոնել եւ անվերջ օգտագործում են իրենց հին, փչացած ձայնապնակները:
Ինչեւէ, հասկացանք, որ Րաֆֆին դեմ է սահմանադրական փոփոխություններին: Ավելի շուտ էլ` «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չէր բացառել համագործակցությունը ՀԱԿ-ի հետ` Սահմանադրության դեմ պայքարում: Բայց արի ու տես, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ գոռոզամտությամբ է տառապում եւ միասնական ճակատի մասին մտածել էլ չի ուզում. «Մենք «ոչ»-ի ճակատում ենք: Իսկ թե որեւէ այլ ուժ «ոչ»-ի ճակատում է, թե` ոչ, հարցրեք նրանից»: Դե ինչ, զարմանալով արդեն Լ. Զուրաբյանի փչացած ձայնապնակի վրա, մնում է գալ եզրակացության, որ ՀԱԿ-ը գլխանց էլ գիտի` այդ «ոչ»-ից բան չի ստացվելու: Այնպես որ, Րաֆֆին ու Լեւոնը մեր ժողովրդի գլուխը արդուկելու են ոչ թե նույն հարթակից, այլ` առանձին-առանձին:
Կարոտել էինք նաեւ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՆՅԱՆԻ ճղճղան ձայնին, որը վաղուց չէր լսվել: Եվ պարզվեց, որ տիկինը որոշել է գերազանցել անհավատ Թովմասին: Բնականաբար, նրա անհավատությունը տարածվում է, նախեւառաջ, Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Բայց լսեք, թե հատկապես ինչու չի հավատում ՀՀ նախագահի խոսքին, քանի որ. «Մենք մեկ գիշերվա մեջ ականատեսը եղանք նրա այն որոշմանը, թե Հայաստանը չի ցանկանում ընդգրկվել Եվրամիության մերձեցման գործընթացում եւ չի ցանկանում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»: Զարմանալի է, բայց ստացվում է, որ այդ Եվրոպան տիկին Փոստանջյանի պատկերացումներում սրբազան կարգավիճակ ունի, հետեւաբար նա Եվրոպային հիասթափեցնելը զարմանալիորեն դիտարկում է գրեթե որպես աստվածհայհոյություն:
Իսկ իրական աստվածհայհոյիչները` աղանդավոր ֆանատիկոսները, հիմա էլ գալիս են դպրոցների վրա մոտավորապես այնպես, ինչպես ճանճերը մեղրի վրա: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ վկայությամբ. «Ամառային շրջանում իրենք ճամբարներում են աշխատում, իսկ դպրոցական դասերը սկսելուն պես, իրենց այսպես ասած` միսիան իրականացնում են կրթօջախների մոտ: Իսկ այն, որ բոլոր աղանդավորները ու այդ թվում` Եհովայի վկաներն աշխատում են եւ բոլոր ուժերը կենտրոնացնում են երեխաների վրա, դա փաստ է, քանի որ դա իրենց գլխավոր գաղափարախոսությունն է»: Սակայն կա նաեւ դրական պահ` մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես դպրոցական երեխաները մերժում են եհովականներին եւ վերջիններիս բուկլետներն ու թռուցիկները չեն վերցնում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
