ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐ` ՓԱՍՏԱՑԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐ` ՓԱՍՏԱՑԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Թշնամու հետ շփման գծից ամեն օր տեղեկություններ են գալիս Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Ճիշտ է, մեր բանակը ամեն ինչին տալիս է համարժեք պատասխաններ, թշնամին ծանր կորուստներ է կրում մեր զորականների պատժիչ գործողությունների հետեւանքով, սակայն կարելի է արձանագրել, որ իրավիճակն ավելի լարված է, քան եղել էր անցյալ տարվա ամռան վերջին: Եվ այդ պայմաններում գտնվում են ակնհայտ դավաճան քարոզիչներ, ովքեր հայտարարում են, իբր լարվածությունը ձեռնտու է իշխանություններին, որպեսզի սահուն անցկացնեն իբր իրենց «վերարտադրությունը» երաշխավորող Սահմանադրությունը:
«ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» ՎԿԱՆԵՐԸ
Այժմ Սահմանադրության քննարկումները խորհրդարանական փուլում են: Ընթանում են լսումներ, դրանց հետեւելու է քննարկումը ԱԺ լիագումար նիստերին: Ե՛վ ՀՀ նախագահի` կուսակցությունների հետ հանդիպումների փուլում, ե՛ւ դրանից հետո կուսակցությունների` մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպումների ընթացքում, ե՛ւ լսումների ընթացքում անընդմեջ տեղի է ունենում նախագծի տեքստի շտկման գործընթացը:
Իսկ բոլոր գործընթացներում քաղաքական ուժերին կարելի է բաժանել հետեւյալ խմբերի: Կան ուժեր, որ քննարկումների ընթացքում պնդում են սեփական առաջարկությունները, բայց, ընդհանուր առմամբ, կողմ են կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուն: Եվ, ի դեպ, խոսքը միայն կուսակցությունների մասին չէ, քանզի լսումներին մասնակցել է շուրջ 100 ՀԿ: Շտկումներ առաջարկողների մեջ կան գործիչներ եւ ուժեր, ովքեր հանդես են գալիս ազգային հայրենասիրական դիրքերից, ձգտում են հնարավորինս նվազեցնել Վենետիկյան ծագումնաբանությամբ կետերը, բացառել միջազգային իրավունքի գերակայության անհարկի շեշտադրումները եւ յուվենալ արդարադատության հիմք ստեղծող` երեխաների իրավունքներին վերաբերող կետերը (խոսքը 5-րդ եւ 36-րդ հոդվածների մասին է), կան նաեւ ՀԿ-ներ ու գործիչներ, ովքեր, ընդհակառակը, ձգտում են ամրապնդել Վենետիկյան մոտեցումները:
Կան նաեւ նախագծին ամբողջովին դեմ ուժեր: Մի մասը դա պայմանավորում է վերը հիշատակած վիճահարույց հոդվածներով եւ այդ հոդվածների պատճառով դեմ է ամբողջին` համարելով, որ սպասելի են վնասներ` ազգային շահի եւ ազգային անվտանգության տեսակետից, կան նաեւ այնպիսիները, որ Սահմանադրությանը դեմ են, քանի որ, ըստ իրենց` Սահմանադրությունն իբր թե ապահովում է «իշխանության վերարտադրությունը»: Դրանց, կարծում ենք, կարելի է կոչել «վերարտադրության վկաներ», ու այդ ճամբարում առաջատարն անշուշտ ԼՏՊ-ի գլխավորած ՀԱԿ-ն է: Դրույթն անշուշտ կեղծ է, քանզի, եթե, ասենք, ՀՀԿ-ն հաղթող է դուրս գալիս, այսինքն` վերարտադրվում, ապա ի՞նչ տարբերություն, դա հին, թե` նոր Սահմանադրությունով է: Նույնը կարելի է ասել եւ ընտրակեղծիքների միջոցով «վերարտադրվելու» վերաբերյալ պնդումների մասին, քանզի, եթե, ինչպես իրենք պնդում են, ընտրությունները կեղծվելու են, ապա ինչ տարբերություն, թե որ Սահմանադրության պայմաններում են կեղծվելու:
Ամբողջ մեխը իրականում ցանկությունն է, պահպանել ամենակոնֆլիկտային` ուղղակի նախագահական ընտրությունների ինստիտուտը, եւ 2018-ին նախագահական ընտրությունները վերածել նոր մայդանային հեղաշրջման փորձի:
Զորօրինակ, Լեւոն Զուրաբյանը բերում է նույնիսկ այսպիսի աբսուրդային «հիմնավորում». «Սերժ Սարգսյանը հասցրել է մի իրավիճակի, երբ իր հետ հանդիպելն ինքնին դառնում է վարկաբեկիչ բան»: Եթե այդպես է, ապա ինչպե՞ս «վարկաբեկիչ» բան չէր ԼՏՊ-ի բաց նամակը Սերժ Սարգսյանին ս.թ. փետրվարի 17-ին, ուր Լյովիկ Զուրաբյանի տեր ու տնօրեն Լեւոն Ակոպիչը ինքն էր խնդրել հանդիպում` Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի վերաբերյալ կարեւոր հարցեր քննարկելու նպատակով: Այդ ինչպե՞ս մի դեպքում «վարկաբեկիչ» չէր, իսկ այս դեպքում հանկարծ դարձավ «վարկաբեկիչ»:
ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ՍՊԱՍՈՒՄ Է, ԻՍԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ «ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՃՇՏՈՒՄ» Է ԿԱՏԱՐՈՒՄ
Վերջապես, ճիշտ է կիսատ-պռատ, հնչեց Քոչարյանի տեսակետը: Սահմանադրական բարեփոխումներին նա առհասարակ չանդրադարձավ, նշեց, որ ցանկություն չունի վերադառնալ մեծ քաղաքականություն եւ ստանձնել պատասխանատվություն, սակայն դա չի բացառում «երբեք մի ասա երբեք» բանաձեւով, մի երկու բառով հիշեց, թե ինչքան իբր թե լավ էր վիճակը էներգետիկայի ոլորտում եւ արտագաղթը դադարեցնելու հարցում իր ժամանակ, եւ պարզվեց, որ ամբողջությամբ հարցազրույցը հրապարակվելու է հոկտեմբեր-նոյեմբերին:
Պարզ է, որ Ռոբերտ Սեդրակիչն ինչ-որ բանի սպասում է, որպեսզի որոշի քաղաքական դաշտ մտնել-չմտնելու հարցը: Մինչ այս, այդպիսի դաշտ վերադառնալու նրա փորձերից դեռեւս բան չի ստացվել: Բայց հետաքրքիր է, թե որ հարթակը նա օգտագործեց իր մտքերի համար: Նրա օգտագործած հարթակն է ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը, ուր նա հանդես է եկել ոչ թե միայնակ, այլ հետխորհրդային տարածքի եւս մեկ տասնյակ նախկին նախագահների հետ, որոնց ջախջախիչ մեծամասնությունը վառ արեւմտամետ է: Մաքուր ամերիկյան տեղեկատվական հարթակ` գրեթե ամբողջովին ամերիկամետ «շրջապատով»... Դա թերեւս մի բան ասում է, քանզի էքս-նախագահը բազում սեփական ԶԼՄ-ներ ունի` լուրջ ու ծանրակշիռով սկսած, ամբողջովին դեղին տեղեկատվական աղբարկղներով վերջացրած:
Իսկ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կարեւորագույն հանդիպումն ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ, եւ այս կարեւոր ժամանակաշրջանում, անշուշտ, ռազմավարական դաշնակիցները «ժամացույցների ճշտում» կատարեցին: Իսկ թե ինչ հարցեր են քննարկվել` կարող ենք պատկերացում կազմել, մեջբերելով ՀՀ նախագահի խոսքը` ըստ ռուսական ԶԼՄ-ների: Առաջինը հիշատակվում է զենքի խնդիրը: «Հայաստանին 200 մլն դոլարի չափով արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիր է ստորագրվել, եւ դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը: Երկրորդը վերաբերում է ոճրագործ Պերմյակովի խնդրին: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել` Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործը հայկական արդարադատությանը փոխանցելու համար»,- Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել է մեր երկրի ղեկավարը:
Իսկ երրորդը վերաբերում է ՀՀ ցանկացած քաղաքացու եւ ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գրպանին անմիջապես: «Շարունակում են առանցքային մնալ էներգակիրների գնի խնդիրները: Այս ճգնաժամային իրավիճակում արժութային տատանումները հիվանդագին ազդեցություն են ունենում սակագների վրա: Հույս ունեմ, որ նոր եւ լավ լուծում կգտնենք»,- ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:
Ինչեւէ, հարցերը առաջնային են` զենքի, պետական արժանապատվության եւ էներգակիրների: Իսկ արդյո՞ք քննարկվել է ներկայիս ռազմաքաղաքական վիճակը: Կարծում ենք, չէր կարող չքննարկվել: Սակայն այս պահի դրությամբ դեռ կոնկրետ պաշտոնական տեղեկատվություն չի հնչեցվել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
