ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՐԳԵՑ
Արխիվ 12-16ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՐԳԵՑ
Ադրբեջանի «սեւ ցուցակները» կարծես էլ ավելի են ամրապնդում ռուս եւ համաշխարհային արտիստների կապը Հայաստանի ու հատկապես Արցախի հետ: Դրա վառ ապացույցը օրերս Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ՌԴ վաստակավոր արտիստ, օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայայի գեղարվեստական ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի եւ Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հիշատակին Ջ. Վերդիի «Ռեքվիեմին» ներկա համաշխարհային «աստղերի» ներկայությունն էր, ինչը նյարդայնացրել էր ազերի ղեկավարներին: Ինչեւէ, Ադրբեջանի «պատվավոր» «սեւ ցուցակը» հարստացնելուց հետո հանրահայտ դասական «աստղերը» հանդես եկան Հայաստանում` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում` ՀՀ ժողովրդական արտիստ, տենոր, Օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի եւ ՌԴ վաստակավոր արտիստ, օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայայի բարեգործական համերգին: Համերգն ընթանում էր Երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ` գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Իսկ համերգից ստացված հասույթը կտրամադրվի Երեւանում օպերային արվեստի ակադեմիայի կառուցմանը, որը կկրի հենց Գեղամ Գրիգորյանի անունը:
Ինչեւէ, բավականին լեցուն դահլիճում կայացած համերգին հանդիսատեսը եկել էր պատրաստված` վայելելու Լ. Կազարնովսկայայի կատարումները: Սակայն հանդիսատեսը 5000-20000 դրամ արժողությամբ տոմսեր գնելով` հնարավորություն ունեցավ ռուս երգչուհուն «վայելելու» միայն հանդիսավարի դերում` ողջ երեկոն վարում էր հենց նա: Այնուամենայնիվ, հանդիսականի շարքերից դժգոհություններն անպակաս եղան, նրանց մի մասը բավարարվեց նրա ներկայությամբ, իսկ հիմնականում տարեցներն էլ` թե գումար ենք տվել, որ գանք նրա փոխարեն ուրիշների կատարումները լսե՞նք... Խաբո՞ւմ են հանդիսականին...
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Առավել մանրամասն կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk